Լալվար Լեռան լանջից բացվող տեսարանները մի քանի օր է՝ հայ նկարիչների վրձնահարվածների թիրախում են։ Գեղանկարիչները Լոռվա աշնանային գույներ ստացած տեսարաններն են կտավին փոխանցում։ Բացօթյա նկարչական փառատոնը՝ պլեները, նվիրված է Սերգո Երիցյանի հիշատակին։

Վարուժան Սիմոնյանը
«Իրենից հետո գաղափար առաջացավ, խորհրդակցեցի մեր նկարիչների միության ընկերների հետ, որ ուզում եմ էսպիսի բան անենք։ Մենք կսկսենք, դրանից հետո էստաֆետը կհանձնենք իր սերունդներին, և նրանք կշարունակեն հետագայում», – ասում է գեղանկարիչ Վարուժան Սիմոնյանը։
Փառատոնին մասնակցում է գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Յուրի Եղիազարյանը։ Արվեստագետը Լոռիում առաջին անգամ չէ, որ ստեղծագործում է, ոգեշնչվում Լոռվա չքնաղ բնությամբ։ Ասում է՝ նաև մոլբերտի առջև բացվող տեսարանների գունային փոփոխություններն է վերարտադրում կտավի մեջ։ Գույների հեքիաթային խաղը, ստացած հույզերը դեռ պիտի խաղաղվեն ու արվեստանոցում ավելի խաղաղ միջավայրում վերջնական տեսքի գան։

Յուրի Եղիազարյանը
«Եղանակը շատ ա փոխվում։ Առավոտյան ուրիշ բան է, հիմա՝ լրիվ ուրիշ բան։ Բայց մեկ ա՝ որ պահին էլ նայենք, հրաշք ա։ Լոռվա աշխարհը լրիվ հրաշք ա։ Ինձ թվում ա՝ երկու, երեք նկար կստանամ։ Այն, ինչ-որ էստեղ անում ենք, տպավորություններ ենք հավաքում։ հետո գնում ենք, Երևանում՝ արվեստանոցում կդառնան ավելի հետաքրքիր գործեր։ Բայց էս տպավորությունն ա կարևոր, որն ամեն վայրկյան փոխվում ա», – պատմում է գեղանկարիչ Յուրի Եղիազարյանը։
Նախկինում «Լովա Ձոր» հայրենակցական միությունն ամեն տարի այս ժամանակահատվածում կազմակերպում էր «Հայկական ներկապնակ» միջազգային փառատոն-ցուցահանդեսը, որին մասնակցում էին նկարիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Համավարակով ու պատերազմով պայմնաավորված՝ միջոցառումը երեք տարի դադար է ունեցել։ Հետո դրան հաջորդել է Սերգո Երիցյանի անժամանակ մահը։ Վարուժան Սիմոնյանը, որ ինքն է նախաձեռնել այս միջոցառումը, ասում է՝ սա կարծես այն դադարեցված պլեների սկիզբն է, միաժամանակ նաև՝ Սերգո Երիցյանի գործի շարունակության նոր մեկնարկը։

«Սերգո Երիցյանի ապրած հայրենիքն է, ինքը շատ էր սիրում Լալվարի էս հատվածները, որովհետև ինքը Ճոճկանից էր, ասում էր՝ է՜ն կողմից էի գալիս Լալվար, էդ սարերով իջնում։ դե գիտեք՝ մենք էստեղ նկարահանումներ ենք արել շատ։ Այս տարի սա է։ Հաջորդ տարին, որ Աստծու հաջողությամբ կարողանանք նորից կազմակերպել, համենայն դեպս մենք սկիզբը դրեցինք։ Կապ չունի՝ շատ նկարիչներ, որակով նկարիչներ, մենք նախաձենռության սկիզբը դրեցինք, և դա նշանակում է, որ սա կշարունակվի», – ասում է Վարուժան Սիմոնյանը։
Սերգո Երիցյանը շատ բնագավառներում է ներդրում ունեցել։ Արվեստը ևս նրա ուշադրության կետրոնում է եղել։ Գեղանկարիչ Սուրեն Ամիրյանի խոսքով՝ «Հայկական ներկապնակ» միջազգային փառատոն-ցուցահանդեսի շրջանակում շատ նկարիչներ են շփվել ու ճանաչել միմյանց։ Նա միշտ մեծ սիրով է մասնակցում Լոռիում անցկացվող նմանատիպ միջոցառումներին։

Սուրեն Ամիրյանը
«Առաջին պլեների ժամանակ բելառուս նկարչի հետ նկարում էինք, Յաստրեբ էր անունը, հիացած էին Լոռվա ձորերով, սարերով, ասեց՝ Սուրեն, շատ սիրուն ա։ Ես էլ ասի՝ սիրուն ա, բայց մեր երկիրը փոքր է։ Ինքն էլ ասում է՝ եթե այս սարերը արդուկեն, Ֆրանսիայից մեծ կլինի։ Շատ հիացած էին, ղազախները նույնպես։ Մեր բնությունը ուրիշ ա՝ Շիրակում ուրիշ է, Լոռիում՝ ուրիշ։ Լոռին առանձնանում ա մյուս բնապատկերներից։ Հաճելի ա լինել Լոռիում, նկարել», – ասում է գեղանկարիչ Սուրեն Ամիրյանը։
Լոռին չորս կողմից գրավում է արվեստագետներին։ Դժվար է ընտրել ամենագեղեցիկը, ամենագունավորը, ամենահետաքրքիրը։ Դրա համար նկարիչները մեկ կտավով չեն սահմանափակվի։ Եվ իրո՛ք, մեր տեսախցիկն էլ չէր հագենում ֆիքսվող կադրերից, Սերգո Երիցյանի՝ սիրելի բնության տեսարաններից։

Նկարչական փառատոնի ժամանակ ստեղծված նկարների ցուցադրման հարցը քննարկվում է նկարիչների միության հետ։