Հեղինակ՝ Մանանա Վարոսյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
Կոթիի դպրոցի շնորհալի աշակերտներից մեկը՝ Դավիթը, սիրում է սպորտը, հատկապես՝ ֆուտբոլը։ Երազանքը մեկն է՝ մեկնել Իսպանիա, հիմք դնել ֆուտբոլային կարիերայի առաջին քայլերին։ Ամիսներ առաջ գյուղի երիտասարդներով տեսանյութ նկարեցին, համացանցում տարածեցին, խնդրեցին բոլոր-բոլորին՝ օգնել Դավիթի երազանքի իրագործմանը։ Գումարի մեծ մասը հավաքվել է, հավանաբար օգոստոսին արդեն հնարավորություն կունենա մարզվել Իսպանիայի «Խետաֆե» և «Մադրիդ էլիտ» ֆուտբոլային ակադեմիաներում։

Դավիթ Չախմախչյանը
«Առաջին հերթին իրանց մեծ աջակցությունն են ցուցաբերել գյուղի էն մարդիկ, ովքեր ապրում են ռուսաստանում, դրսում կամ հենց գյուղի ներսում։ Ու արդեն գումարի կեսից ավելին հավաքվել է։ Ես հիմա ուզում եմ գնալ դուրս, բայց իմ ուշքը դուրսը չի էլի, ուղղակի հնարավորություն կա էնտեղ», – ասում է Կոթիի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Չախմախչյանը։
12-րդ դասարանի աշակերտ Լիանան ապագա ռեժիսոր է։ Ուզում է իր մասնագիտության միջոցով առաջին հերթին ցույց տալ սահմանում ապրող մարդկանց հոգսաշատ ու դժվարին առօրյան, Կոթին՝ իր գեղեցկությամբ ու հմայքով։

Լիանա Էվինյանը
«Բոլորն իմանան մեր գյուղի մասին, մեր աշխատանքի մասին, թե ոնց ենք մենք ապրել, հատկապես, որ մենք սահմանամերձ գյուղում ենք, ամեն օր կրակոցների տակ, թե ինչպես ենք մենք մեծացել, էդ ամեն ինչը մարդիկ հասկանան», – ասում է Լիանա Էվինյանը։
Կոթիի միջնակարգ դպրոցում սովորում է 208 աշակերտ, որից 12-ը կավարտի ուսումը։ Նրանցից յուրաքանչյուրի երազանքներն ու նպատակները տարբեր են, բայց բոլորին միավորում է մեկ ընդհանուր երազանք՝ Կոթին խաղաղ տեսնել։
«2020 թվականին, երբ որ մենք գալիս էինք դպրոց, երեխաներն, օրինակ, փախնում էին դասից, մենք՝ մեր գյուղի էրեխեքվ փախնում էինք հենց կրակոցի պատճառով», – ասում է Լիանան։
«Ոսկեպարի ճանապարհը, որ պետք է էս քարտեզագրումից հետո հանձնեն, չեմ պատկերացնում, որ ասեմ էդ ճանապարհը մերը չի», – ասում է Դավիթը։

800 աշակերտի համար նախատեսված, 3 մասնաշենքից բաղկացած այս շենքը պարբերաբար հայտնվել է հակառակորդի նշանառության տակ։ Խոսուն փաստ են լուսամուտների և պատերի հրետակոծության հետքերը: Դպրոցը վերջին անգամ 2004 թվականին է մասնակի վերանորոգվել, ներկայում անմխիթար վիճակում են հատկապես դասասենյակները՝ պատերը փլված, հատակը՝ մեծ անցքերով։ Սրա հետ մեկտեղ խնդիր կա նաև ջեռուցման, շենքը գազիֆիկացված է, բայց 3 մասնաշենքից միայն մեկն է ջեռուցվում:

Արթուր Մանթաշյանը
«Խնդիրները բազմաբնույթ են։ Մեծ տարածք է, էսօր մասնակի վերանորոգման կարիք ունի, դրա համար դիմել ենք տարբեր կազմակերպությունների։ Տարբեր բարեգործական ծրագրեր կան։ Ընդամենը 2 օր առաջ ամբողջ դպրոցի գույքը «Հայ դպրոց» հիմնադրամի կողմից մենք նվեր ենք ստացել», – ասում է Կոթիի միջնակարգ դպրոցի տնօրեն Արթուր Մանթաշյանը։
Մտահոգիչ խնդիր է նաև համապատասխան մասնագետների բացակայությունը։ Հատկապես սահմանային գյուղերում դժվար է մասնագետ գտնելը։ Դպրոցի տնօրենն ասում է՝ դիմել են տարբեր ծրագրերի, այդ թվում «Դասավանդիր Հայաստան»-ին, բայց առայժմ՝ ոչ-մի արձագանք։

«Մենք ուղիղ մեկ տարի է՝ փնտրում ենք դասվար, որ այդպես էլ մինչև այս պահը չենք գտել», – նշում է Արթուր Մանթաշյանը։
Դպրոցի տնօրենը նշում է, որ իրենց նպատակը երեխաներին հայրենի գյուղի, հայրենի հողի հետ կապելն է։ Այդ իսկ նպատակով շուտով բարերարների օգնությամբ կունենան այգի, որպեսզի հատկապես սահմանային դպրոցը լինի ոչ միայն երեխաններին կրթելու, դաստիարակելու, այլև ժամանցի կենտրոն։ Սահմանամերձ գյուղերում ոչ պատերազմ է, ոչ էլ՝ խաղաղություն, բայց ապրում են՝ արհամարհելով բոլոր դժվարությունները։ Սահմանն ամուր է, քանի դեռ թիկունքում այսպիսի երիտասարդություն է ապրում, հավելում են իմ զրուցակիցները։