Հեղինակ՝ Մերի Կոլոլյան
Օպերատոր՝ Դավիթ Թամազյան
«Ուրեմն տես, տուն տանելու քառասուն հատ աղջիկ ա պետք, 25-ից մինչև 40 տարեկան, ընտիր տղերք, ամեն ինչով, զարգացած, համալսարանն ավարտած, ամեքի տակին ավտո կա, գործեր ունեն, բիզնեսներ ունեն, բայց չեն կարում ամուսնանալ, աղջիկ չեն ճարում», – ասում Բերքաբերի բնակիչ Փաշիկ Արզումանյանը։
Գործը շտապ է, հապաղելը՝ վտանգավոր, ասում ու հարսնացու են փնտրում անհանգստացած գյուղացիները: Երևանից էլ, Իջևանից էլ հարսներ եկել են, գյուղը վկա՝ աչքի լույսի պես են պահում:
«Ընտիր ենք պահում։ էն ձևի, որ եթե հանկարծ դուք էդ միջնորդը ծառայեք, հեչ դիլխոր չեք մնա», – շարունակում է գյուղացին։
Հարսնացուների դեֆիցիտը Տավուշի սահմանամերձ Բերքաբերում է: Կարևորը՝ շնորհքով-նամուսով, դիպլոմի առկայությունը պարտադիր չէ:

Աջից՝ Փաշիկ Արզումանյանը
«Հիմիկվա դիպլոմն ինչ ա, այ մարդ, 500 դոլար չի՞։ Ժամանակին դիպլոմն աղջկեքի համար կարևոր էր, բայց ժամանակի ընթացքում տեհան, որ հեչ բանա դիպլոմը», – նշում է Փաշիկ Արզումանյանը։
Հարցերի հարցի պատասխանն իրենք՝ ջահելներն էլ չունեն:
«Ժամանակը կգա, կամուսնանաք։ Ես չեմ ասում, իրանք են ասում», – երիտասարդների խոսքն է փոխանցում մեկ այլ գյուղացի։
Գյուղի և ազապների ռեկլամով Բերքաբերի տարիքավորներն են զբաղվում, ինչպես ասում են` մի կրակոցով երկու նապաստակ սպանում․ և՛ ջահելներին են խոպանից պոկում, և՛ գյուղը ծաղկացնում, մի խոսքով՝ սպասում են:

«Թող գան, սպասում ենք լավերին։ Էս փոքրիկ գյուղում 40 չամուսնացած տղա կա, նստել են թաղտին, սպասւոմ են բախտին։ Դուք պետք ա ասեք, ռեկլամ անեք, գյուղը գովազդեք, որ սենց լավ գյուղ ա, լավ տղեք ունենք, հոյակապ ընտանիքներով», – գյուղի տղաների գովքն է շարունակում Փաշիկ Արզումանյանը։
Բերքաբերի սրտում՝ այս տաղավարում, ոչ միայն ջահելների, այլև գյուղի ապագան է քննարկման թեման: Բերքաբերի փողոցներն ասֆալտապատ են, գյուղը՝ կոկիկ ցանկապատերով, պտղաբեր հողով, տաք եղանակով ու մարդկանցով:

«Ստեղ էն ձևի չի, որ աղջիկը բանտարկված ա, ծովափ են գնում, Եգիպտոս են գնում, շփվում են, հարսանիքներ են գնում, Փարավոն, բան, Երևաններում։ Ընդհանրապես բույսը, կենդանական աշխարհը ոնց ա․ ծնվում ա, մեծանում, սերունդ տալիս և մահանում, չէ։ Հիմի մերոնք ծնվել են, մեծացել են, արդեն համարյա մեծանում են, բայց սերունդ չկա։ Այսինքն արանքի մի շղթան անջատվում ա», – մտահոգվում է Փաշիկ Արզումանյանը։
Գյուղի ջահել տղաներին չեն մեղադրում, ժամանակներն են բարդ:
«Առաջ ո՞նց էին ամուսնանում․․․ դպրոցում սիրահարվում էին, ընտրում էին, հետո կան «երկսեռ» հիմնարկներ, որ աղջիկ-տղա հանդիպում էին։ Հիմա որտե՞ղ հանդիպեն։ Պետք ա մեկը ցույց տա չէ՞։ Հետո ոնց ուզում ա ամուսնանան, կարևորն՝ ընտանիք կազմեն, ծնունդ լինի», – ասում է Բերքաբերի բնակիչը։
Գյուղի ափերը ողողող կապուտակ լիճը Ջողազի ջրամբարն է, որ, ինչպես ասում են, թուղթ ու թանաքով մերն է, բայց օգտվում են նաև ադրբեջանցիները։ Հենց այս ջրամբարն է բաժանում երկու երկրներն ու բնակավայրերը: Բերքաբերը հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ է, 90-ականներին գիշեր-ցերեկ ռմբակոծվող գյուղում բարեբախտաբար վաղուց արդեն խաղաղ է:

«Ամեն մի րոպեին մեր գյուղը մի արկ ընկել ա, մենք փամփուշտները չենք հաշվում։ Դե հիմա էլ լիճն ա արանքը, էն կողմն իրանք են, էս կողմը մենք ենք։ Թուրքի լավը որն ա, թուրքի լավը չի լինում», – եզրափակում է Փաշիկ Արզումանյանը։
Հարաբերական անդորրը թույլ է տալիս սահմանապահ բերքաբերցուն զբաղվել այգեգործությամբ, ցավոք՝ փոքր տարածքում, քանի որ Բերքաբերի շուրջ 900 հեկտար խաղողի և պտղատու այգիներ գտնվում են Ադրջեբանի վերահսկողության տակ: