Հեղինակ՝ Մերի Կոլոլյան
Օպերատոր՝ Արման Տիտանյան
Ամուսնյակի՝ լորուտեցի Պալոյանց Կամոյի անմեղ կատակներին տիկինը վաղուց է հարմարվել: Անհետևանք են նաև սաբաբի միջոցով աղջիկ ուզելու՝ հումորով համեմված պատմությունները:
«Իմ հորքուրը տարավ, ասավ՝ ցույց տուր։ Ես էլ սիրած ունեի, բայց որ գնացի, ինքն էլ շատ սիրուն չէր, ես էլ ասի՝ ավելի լավ ա սիրուն չըլի, քան թե խալխի աչքն էլ վրեն ըլի։ Էնա թող էս ըլնի ու վերջ», – պատմում է Կամո Կարապետյանը։
Չկալովից եկած հարսը Պալոյի օջախում ջերմության ու խաղաղության պատասխանատուն է:

«Ամուսնությունը սիրո ու հավատարմության վրա ա հիմնված։ Եթե կա անկեղծություն ամեն ինչում, անկեղծությունն է տեղ շահում։ Մենք տենց ենք էղել, համատեղ կյանք ենք վայելել, իրար վստահել ենք ամեն ինչում, թև-թիկունք ենք էղել ու հասել ենք էս արդյունքին», – պատմում է Կամոյի կինը։
Իսկ հիմա մեծ ընտանիքի փոքր պատմությունը: Կարապետյան ամուսինների կյանքը ստացված է։ Երկուսն էլ բոլորել են 60-ը, առողջ են, 4 զավակներին բարձրագույն կրթության են տվել, մեծ հարսանիքներ արել, հասցրել 9-ը թոռի թուշ պաչել: Իններորդը երեկ է ծնվել, հենց այդ առիթով խորովածի կրակն արդեն երկու օր է՝ թեժ է:
«Էս նորամանուկիս անունը դրել են իմ անունը, ազգներուս թող տենց բարգավաճի։ Էս Նվերոս ա, էսա մի քանի տարի անց կենա, սրանք մեծանան, մի պուճուր էլ կունենանք, անունը կդնենք Պալո», – կատակում է Կամո Կարապետյանը։

Ահնիձոր-Լորուտ ճանապարհն ուղիղ Կարապետյանների տնտեսություն է տանում: Ինչպես տանտերն է սիրում ասել՝ ուտող-խմողների օջախ:
Մարց գետակի հովտում դեռ 1974-ին ընտանիքը Լորուտի նախկին խոզաբուծական ֆերման կարգի է բերել ու մինչև այսօր անասնապահությամբ է զբաղվում: Կովեր, խոզեր, մեղուներ․ տնտեսությունը մեծ է ու մի քանի ընտանիք է կերակրում: Դժվար օրով, ժանգոտ վագոն տնակում են ամուսիններն ապրել և ապրուստ ստեղծել:
«Ես ինքս ֆերմեր տղա եմ, իմ ֆերման միշտ զարգացրած պահել եմ։ Մեր երկիրն ընդհանրապես անասնապահական երկիր ա, ստեղ, որ ասես՝ կարաս այգեգործություն անես կամ ինչ-որ այլ կառույց կառուցես, չէ։ Ես որ կարացել եմ էսքանը ստեղծեմ իմ էս կարգավիճակով։ Բա եթե մեկն ունի լավ ծնող, լավ ախպերներ, լավ հնարավորություն, խի՞ չի կարա, որ։ Ի՞նչ ա էլել մեզ», – ասում է գյուղացին։
Որիշի ունեցվածքի վրա աչք չդնել, արդար քրտինքով վաստակել, ծանոթ-անծանոթի հետ աղուհացով կիսվել. սա է Կարապետյանների ընտանիքի կենսակերպը: Աստծուց խաղաղություն է խնդրում, ազգի ու գերդաստանի համար էլ՝ առյուծ տղաներ:

«Ազգը պըտի ընդհանրապես մի տղով յոլա չգնա, մենք բոլորս էլ պարտավոր ենք մեր հողին պաշտպան լինելու։ Իմ առաջին մեծ ցանկությունն ա, որ զինվորը իրա մամայի, պապայի թուշը կանգնած պաչի», – ասում է Կամո Կարապետյանը։
Հյուրերին ճանապարհում ու իր գործերին է անցնում՝ ուսերին հայրական ու պապական պարտականություններ կան։ Դեռ թոռներին է ուսման տալու, հարսանիքներ անի, տուն-տեղ ստեղծի։ Ու այդպես, էլի նույն շրջապտույտը։