Հեղինակ՝ Մերի Կոլոլյան

Հեղինակ՝ Դավիթ Թամազյան

Ճըրըքճըրըքան գառների հոտի «պարագլուխ» չոբան Յուրիկը, որ պատմության 40 տարվա ուսուցիչ է, գյուղում էլ «պրոֆեսոր»  անունով  հայտնի, մեղմ ասած՝ վրդովված է:

«Ձենները կտրած էին, հմի Հայաստանի տարածք են մտնում։ Վա՜յ, մեռնես դու, մեռնես։ Լավ բան չկա, որ լավ բան ըլի, էս ա 200 օր ա՝ ընդի Ղարաբաղին կխեղդե՞ն։ Հետն էլ ասում ա՝ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ա։ Բա հայ մարդը տենց բան կասե՞», – ասում է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի բնակիչ Յուրա Չիթչյանը։

Երկրի վարչապետի ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և այդ երկրի  հետ խաղաղության օրակարգի մասին հնչեցրած վերջին հայտարարությունը «պրոֆեսորին» զայրացրել է:

Յուրա Չիթչյանը

«Մենք էլ  ենք ժամանակի էսօրվա կառավարության ղեկավարին վստահել, բայց էսօր վստահելու ոչ մի բան չունենք։ Հայաստանը գնաց հավիտյան։ Մեր ամբողջ ժողովուրդը մտածում էր,  որ հարմար պահ ըլի, Նախիջևանի հարցն էլ բերվի, էն էլ՝ ի՞նչ Նախիջևան, Հայաստանն ա կորած», – ասում է Յուրա Չիթչյանը։

Կարճ ասած՝ երեք կողմից ադրբեջանական գյուղերով շրջափակված Բարեկամավանում բարեկամությանը չեն հավատում: Հայաստան-Ադրբեջան սահմանին կանգնած այս գյուղը Խորհրդային Հայաստանի շեն բնակավայրերից էր։ 1980-ականներին դպրոցը  350 աշակերտ ուներ, այսօր՝ 14։

«Իմ բոլոր աշակերտներին մատյանի համարով հիշում եմ, բոլորին։  76 թվի 10-րդ Ա-ի 11-րդ համար․․․ մեկ-մեկ, որ պատահում են, ասում են, ասում եմ՝ է՜, գնաց, երիտասարդ ժամանակը գնաց», – ասում է նախկին մանկավարժը։

Ավելի քան 200 տուն ունեցող գյուղը մաշվել է արտագաղթից։ Ցավոք՝ Բարեկամավանն ու երկիրը բախտակիցներ են։

«Էս գյուղը փոքր գյուղ ա, Հայաստանն էլ փոքր պետություն ա, նույն բախտին են, նույն իրավիճակում», – ասում է Յուրա Չիթչյանը։

Սահմանապահ գյուղում հողագործությունն էլ է դժվար, անասնապահությունն էլ, քանի որ գյուղապատկան միջդիրքային հողերն ականապատված են:

Գյուղացու, այս դեպքում հովվի չարչարանքը մի կոպեկի արժեք չունի, ասում է Յուրիկը․ խորհրդային պետությունը խրախուսում էր ոչխարաբուծությունը, իսկ հիմա պահես-չպահես, մեկ է՝ եկամուտը քիչ է, ընտանիք պահելը՝ դժվար:

«Էս պետությունը չի երաշխավորում ոչխար պահելը, բուրդը մեշոկներով տանում ենք ձորերն ածում, իսկ խորհրդային պետության ժամանակ մի կիլո բուրդը մի մեշոկ ալիր էր», – ասում է հովիվ Յուրի Չիթչյանը։

Պետությունը խրախուսի-չխրախուսի,  ինքն իր 40 ոչխարին աչքի լույսի պես է պահելու։ Տարիների ապրած կյանքից մի հետևություն է արել՝ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի:

«Դրանից լավ բան չկա, որ մարդ իրա գործին լավ տիրապետե։ Բանվորն էլ հարգանք ունի, լավ ուսուցիչն էլ հարգանք ունի, լավ բժիշկն էլ, ինժեներն էլ, պետության ղեկավարն էլ։ Ես գնացի», – ասում է Բարեկամավանի տարեց բնակիչը։

Շտապում է հովիվը․ շոգն ընկել է, հոտը խեղճանում է։ Ասում է՝ շատ կուզենար լավատեսական նոտայով ավարտել իր զրույցը,բայց ցավոք, իրավիճակն այլ է:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.