Հեղինակ՝ Մերի Կոլոլյան

Օպերատոր՝ Դավիթ Թամազյան

Քանի դեռ տավուշյան տոթը չի խեղճացրել կարտոֆիլի փարթամ թփերը՝ շփշփան անձրևի կարոտ ոսկեպարցի երիտասարդ ամուսինները բաղ ու բոստան են մշակում՝ Աստծո հույսով:

«Աստված, թե կնայի վերևից, անձրև կգա, բերք կլին։ Եթե չէ, վսյո։ Էս մի 6-7 տարի ա՝ չարչարվում ենք, ոչ մի արդյունք չի ըլում», – ասում է Ոսկեպարի բնակիչ Վիգեն Մաղսուդյանը։

Բանջարեղենի առատ տեսականին, իհարկե, ապրուստի միջոց չէ, բայց․

Գայանե Մաղսուդյանը

«Որ ասես սրանով կարող ես էնքան ունենալ, վաճառես, որ ուրիշ բան գնես կամ տարին լրիվ ապահովես, չէ, չի ըլնում։ Երաշտ ա, ոռոգման ջուր չկա, լավ էլ տեսնում եք՝ կողքի տարածքում ոչ մեկը չի ցանում, որովհետև առանց ջրի, հույսը դրած եղանակին, Աստծուն, այդպես մշակում ենք։ Կլնի՝, կստանանք, չի ըլնի, տենց էլ դատարկ կմնանք», – ասում է Ոսկեպարի բնակիչ Գայանե Մաղսուդյանը։

Ձեռքերը ծալած նստող ու պահանջող հարսներից չէ: Չորս երեխա մեծացրած Գայանեն ձեռքից եկածն անում է, ամուսնուն թև ու թիկունք լինում, տուն ու գյուղ պահում: Երկրի համար օրհասական այս օրերին մեր զրուցակիցների քաղաքական դատողությունները զարմացնում են մեզ, քանի որ խիստ տարբերվում էին գյուղամիջում հավաքված թղթախաղով ու նարդիով օրը մթնացնող ու դեռևս ժլատ արևի տակ վերջույթները տաքացնող մարդկանց դատողություններից։ Բաղ ու բոստան մշակում են ոչ այնքան ապրուստ ստեղծելու, այլ թշնամուն մի պարզ ճշմարտություն ապացուցելու համար:

«Թող իմանան, որ էս սահմանին՝ իրանց դեմ-դիմաց էնքան ուժեղ մարդիկ են ապրում, որ անասուններն ուղարկում են ըտեղ անտառ, գնում են, հետ են բերում, հողի հետ աշխատում են, խոտ են հնձում, մարդիկ կան, արարում են և ապրում են, ոչ թե վախենում ու փախչում են։ Թող իմանան, որ Ոսկեպարում շատ մարդ կա», – ասում է Գայանեն։

Պահելը պահում են, բայց, ասում է, կուզեր, որ սահմանապահ մարդու հանդեպ հասարակության ու պետության վերաբերմունքը գոնե մի քիչ փոխվեր:

«Քաղաքում, որ գնում ես, մի քիչ մի այլ ձև են ընդունում, որ ասում ես՝ սահմանից եմ։ Հա, ի՞նչ, կրակու՞մ են։ Կրակում են թե չեն կրակում, էդ մի գիշերը, որ դու լուսացնում ես՝ վախը սրտիդ մեջ, որ կարող ա՞ գիշերը պատերազմ սկսվի։ Ի՞նչ պտի անես՝ էրեխուն հանես, հագուստ հանես, ուտելիք հանես, ու՞ր գնաս։ Էդ անորոշությունը մարդու մազերը լրիվ սպիտակացրել ա։ Ուրիշ որ բան չլինի, խոսքերով ոգևորեն, որ ինչ-եր մի տեղ, հիմնարկում կամ հիվանդանոցում տեսնեն, ընդառաջեն», – ասում է սահմանամերձ գյուղի բնակիչը։

Տեսողությունը վերջերս կորցրած Վիգենը ջահել տարիներին բախտը նաև ռուսաստաններում  է փորձել, հետո հասկացել՝ իրենը հայրենի հողն է:

Վիգեն Մաղսուդյանը

«Ես մտածում եմ, որ ինչքանով կարանք ըստի մնանք, թուրքը տենա, որ ստի մարդ կա, հույսը կտրի, որ գոնե դեսը կարալ տի գա էլի։ Հլա էս բնությանը նայեք, բա սա բրախելու տեղեր ա՞։ Իմ կարծիքն էն ա, որ ես ստի ծնվել եմ, ստի մեծանալ տեմ ու ստի էլ մեռնեմ, կորչեմ։ Թուրքը չգա, ով ուզում ա՝ գա», – ասում է Վիգեն Մաղսուդյանը։

Իրենցից կախվածն ամուսիններն անում են, մնում է՝ վերևներում էլ սահմանին ապրող և արարող մարդկանց մասին մտածեն ու գոնե խմելու և ոռոգման ջրով ապահովեն, ասում է Գայանեն: Թշնամու դիրքերի առաջ հող մշակող գյուղացին վաղվա օրվա նկատմամբ վստահություն ու հավատ չունի, լավատեսության տեղ էլ չի մնացել,ավելացնում է երիտասարդ կինը:

«Եթե սահման որոշեցին, թեկուզ դա մեր հողն ա չէ՞, Ադրբեջանը չի թողնի, որ էստեղ մարդ ապրի։ Եթե գա, գյուղի ներքևում կամ գյուղի վերևում, ստեղ կթողնի՞, որ մարդ ապրի։ Կգա, ինչ ունես, կգողանա, մարդկանց կբռնի, կսպանի, ամեն ինչ», – մտահոգված ասում է Գայանեն։

Երկրի ղեկավարների՝ սահմաններ ճշգրտելու և անկլավներ հանձնելու հայտարարություններն, ինչ խոսք, անհանսգստացնում են մեր զրուցակիցներին, զարմացնում են նաև որոշ համագյուղացիների չգիտակցված հայտարարությունները։ Խոստացվող խիստ կասկածելի խաղաղության դիմաց զիջումներին ամուսինենրը չեն վստահում և պատրաստ չեն հանուն այդ թվացյալ խաղաղության կամ մի որևէ այլ բանի հրաժարվել հայրենի այս մի կտոր հողից, սեփական արմատներից։ Եվ ասում են, որ հիմք մի ընդունեք գյուղամիջում նստածների խոսքերը, ասում են  բարեբախտաբար ավելի շատ են նրանք, որոնք պատրաստ են պայքարել, անգամ եթե կույր են, ինչպես Վիգենը, և պատրաստ են զենք վերցնել ու կռվել մինչև մահ:

«Արդեն էսա 43 տարեկան եմ, մանկությունս անց ա կացել ստեղ, ինչ հետաքրքիր բան կատարվել ա ինձ հետ, էդ սաղ էղել ա էս գյուղում։ Իմ ծնողներն էլ են ինձ խորհուրդ տվել, որ քո տարիքակիցները սաղ գնացին, դու էլ գնա։ Ես էլ եմ փորձել, գնացել եմ, մի շաբաթ եմ կացել Ռուսաստանում, բայց տեհա, որ չէ, նա իմ տեղը չի։ Ո՛չ քունս էր տանում, ո՛չ էլ ընդեղի կերած բանիցն էի համ զգում։ Մի խոսքով, ասի չէ, ես հետ եմ գնում իմ տուն։ Հետ էկա ստեղ, հմի էլ նորից են ասում, որ գնա։ Ասում եմ՝ ստեղ ինչքան էլ ուզում ա դժվար ըլի, օրվա հացի փողն էլ աշխատեմ, ես ստեղից չեմ գնալու», – եզրափակում է Վիգենը։

Մաղսուդյան ամուսինները հաստատակամ են՝ ապրելու իրենց գյուղում, իրենց հողում:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.