Հեղինակ՝ Մանանա Վարոսյան

Օպերատոր՝ Դավիթ Թամազյան

«Մոսկվիչ» մակնիշի մեքենա, որը ոչ մի թանկարժեք ջիփի հետ փոխել չի լինի։ Վարպետ Վահանին տարածաշրջանում բոլորը գիտեն, բայց առավել  լավ ճանաչում են իր հազար տարվա հավատարիմ ընկերոջը՝ 1970-ականների ամենաշքեղ, ամենատարբերվող մեքենան, որը շուրջ 20 տարի կլինի՝ զրուցակցիս հուսախաբ չի արել։ Ինչպես ինքն է ասում՝ քարից էլ պինդ է։

«Դվորն ասես՝ սրան քշում ենք։ Հանդ եմ գնում, դաշտ եմ գնում, ես գյուղատնտես մարդ եմ, ուրիշ մեքենայի հետ փոխեմ, նրանով չեմ կարալ գնամ էդ դաշտերը։ Սա ինձ հերիք ա, ասում են՝ ուստա Վահան, սա զադ ա՞, ասում եմ՝ լավն ա, սա ինձ հերիք ա։ Իմ ընչին ա պետք ջիփը», – ասում է Վահան Դարբինյանը։

Ճիշտ է, վարպետ Վահանի մեքենային տաքսու ցուցանակ է դրված, բայց դա էլ իր բացատրությունն ունի․ ինքը տաքսիստ չէ, ինքը խորամանկությամբ գտել է ավելորդ այս ու այն կողմ չգնալու անմեղ ձևը։

Վահան Դարբինյանը

«Սա համարյա թե հենցնենց եմ դրել վրեն։ Եթե չի ըլում, ընդով շատ են ոտն անում։ Ասում են՝ Վահան, էս ինչ տեղը տար, էն ինչ տեղը տար։ Բայց որ դրած ա ըլում, չեն ասում։ Ես ընդով լավ եմ պրծնում», – ասում է վարպետ Վահանը։

Ինչպես հարևան գյուղերից, այնպես էլ տարածաշրջանի քաղաքներից են գալիս վարպետ Վահանի մոտ, մեքենան ուզում, հարսանիք են տանում։ Առանց սելֆի-մելֆի էլ բաց չեն թողնի։ Դե, ինչպես ասում են, ֆեյսբուքներում հայտնի ենք, կատակում է իմ զրուցակիցը

«Շատ ա պատահել, ջիփերով կանգնացրել են, նայել են, ասել՝ ախպեր ջան, էս ինչ լավն ա, սիրուն ա, տուդա-սուդա։ Պատահել ա՝ կանգնացրել են, ասել՝ ծախի, առնենք։ Չէ՜, չեմ ուզում, չեմ ծախում», – ասում է երկարամյա վարորդը։

Երեսուն տարվա տրակտորիստն ու գյուղատնտեսն առանց իր լավագույն ընկերոջ օրը չի պատկերացնում։ Ասում է՝ միլիոն էլ տան, չի վաճառի, իսկ ամեն մեկին էլ բախտ չի վիճակվում վարպետ Վահանի մեքենայով երթևեկել․ նախ պետք է չափազանց կոկիկ և մաքրասեր, հետո էլ լավ մարդ լինել։

«Ակուրատնի մարդ ըլնի, պաժալուստա, թող նստի։ Ինձ արդեն բոլորը գիտեն», – ասում է Վահան Դարբինյանը։

Ռետրո ոճի մեքենա, որ բոլորի ուշադրությունն է գրավում, հիացնում իր արտաքինով։ Ինքն էլ կուրթանեցու հպարտ կեցվաքով, անվրդով երթևեկում է՝ ոչ մեկին ճանապարհ չզիջելով։ Լեքսուս չէ, ինչ ուզում է լինի, իմն անտիկվար մեքենա է, վերջում էլ  թանգարանի նմուշ է դառնալու, կատակով ասում է վարպետ Վահանը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.