Հեղինակ՝ Մերի Կոլոլյան
Օպերատոր՝ Դավիթ Թամազյան
Տիկին Ջեմայի քսակի թղթակտորները, որ Շամուտի դեմոգրաֆիան են արտացոլում, հաճախ են թարմացվում, ավելի հաճախ թվերը պակասում են:
«Տնետուն գրել եմ, գրել եմ՝ յուրաքանչյուր տանը քանի անձ կա, քանի տուն դատարկ ա և այլն», – ասում է Շամուտի բնակիչ Ջեմա Քոչարյանը։
Հայրական հարկի տակ հարս ու տալի զրույցների թեման դատարկվող գյուղն է: Ուսանողները Երևանից, խոպանչիները Ռուսաստանից չեն գալիս: 45 տարվա մանկավարժի հաշվարկները լավատեսության տեղ չեն թողնում, Շամուտն ամայանում է: Ինքը ժամանակին Երևանն էլ, փեսայի թեկնածուներին էլ թողեց ու Շամուտ շտապեց: Փոշման չէ, միայն թե անավարտ երազանքներ թողեց:

Ջեմա Քոչարյանը
«Ֆիզկուլտուրայից մանուկ ժամանակ էլ էի ուժեղ։ Մեր ուսուցիչը բարձրագույնավարտ էր, ինձ խորհուրդ տվեց գնալ ֆիզկուլտինստիտուտ, ասեր համպատրաստից սպորտի վարպետի վարժությունները կատարում ես։ Ես էլ ինքնուրույն, ինքնազարգացմամբ էի։ Վերջը տարա թղթերս տալու Ֆիզկուլտինստիտուտ, ախպերս շատ խիստ տղա էր, ասավ՝ կրունկդ թարսի, քո գյուղը գնա, աղջիկն ինչ, ֆիզկուլտն ինչ», – պատմում է տիկին Ջեման։
Ամռանը մաթևոսյանական Ծմակուտի գյուղերն ավելի են դատարկվում: Ամենուր մեռելային լռություն է:
«Հիմի մեր տան ջահելնին սարումն են», – ասում է Շամուտի բնակիչ Հասմիկ Քոչարյանը։
Տիկին Հասմիկը բախտավորներից է, իր ջահելներն աշնանը կգան, իսկ քաղաք գնացածները՝ դժվար:

Մարտուն Վանյանը
Շամուտի լռությունը խախտում է մեքենայացված գերանդիների աղմուկը: Մի բան լավ է՝ հնձվորի չարչարանքը պակասել է:
«Դե սրանով հեշտ ա, նրանով հոգնացնող էր։ Նա ժամանակատար էր, նստում էիր, ժամերով քաղում էիր, սրում էիր, սա չէ։ Դնում ես, հնձում ես», – ասում է Շամուտի բնակիչ Մարտուն Վանյանը։
Մոկտորի ալպիական մարգագետինները կարկուտն ու տևական անձրևները թեև վնասել են, բայց անասնակեր խոտ ունենալու հույս կա:
«Դե մինչև հիմի անձրևներ են էլել, շատ ահավոր անձրևներ, կարկուտներ, մեծամասամբ ջարդել ա, հիմի նոր պետք ա աճի, դառնա խոտ, հնձենք», – ասում է գյուղացին։
Վրեժի հեզ գառները սար չեն գնացել։ Մեր փայ սարը պրծել ա, գառների հետ մենախոսող գյուղացին վաստակած հանգստի է անցել: Սարվորի չարչարանքը կրելու հերթը ջահելներինն է: Քանի որ գյուղում է, գյուղի խնդիրներից կխոսի, ճանապարհների գործը դանդաղում է, տրանսպորտի հարցը լուրջ է, ու այդպես շարունակ:

Վրեժ Մարուքյանը
«Դանդաղ ա գնում։ Շիբինի վախտը փոխանակ շիբին շաղ տան, կավի հող ա։ Բերել են, ստեղ էլ թափել, հենց եղանական ամպոտում ա, ավտոնին մեջին թաղվում են։ գեղացուն ամեն ինչ էլ պետքն ա, եթե ծեր հասնի։ Ավտոբուս գեր-գներ, էդ էլ վերացավ։ Մարդիկ կան՝ ավտո չունեն, որ գնան, առևտուր անեն, գան», – ասում է Շամուտի բնակիչ Վրեժ Մարուքյանը։
Իր դարն ապրած խոտհնձիչ տրակտորին երկրորդ կյանք տալու փորձերն առայժմ անհաջող են անցնում, բայց միևնույն ժամանակ նոր տեխնիկայի ղեկին նստելու հույս չկա: Լիզինգային վարկավորման ծրագրերին տեղյակ է, բայց․

«Գյուղատնտեսության ծրագրերը գյուղացու հմար չի էլի, բիզնես անողների համար ա», – ասում է գյուղացիներից մեկը։
Հեշտ չէ նաև պահեստամասեր գտնելը։ Դա դեռ հասկանալի է, բայց Շամուտում անգամ մթերային խանութ չկա և առհասարակ պակասները շատ են:
«Էլ ով ա մնացել։ Ծերանոց ա մնացել, ստեղ էլ մարդ չկա», – ասում է Շամուտի բնակիչ Արտակ Սարգսյանը։