Հուշեր պատերազմի, գերության ու բարության։ Ալավերդու Սուրեն Սպանդարյանի անվան համար 1 դպրոցի գրադարանը համալրվեց դպրոցի շրջանավարտ Սերգեյ Շահվերդյանի այս գրքով։ Այն դպրոցին նվիրեց հեղինակի որդին՝ Էդուարդ Շահվերդյանը, որը ևս այս դպրոցն է ավարտել։

Իսկ սպանդարյանցիների համար գիրքը նվեր ստանալը իսկապես պատիվ է։

Լիանա Օհանյանը

«Քանի որ դա մեր շրջանավարտի կողմից գրված գիրք է, ներկայացնում է կարևոր դրվագներ հայոց պատմության էջերից, մենք հպարտանում ենք մեր բոլոր շրջանավարտներով, և կցանկանամ, որ այն աշխատանքը կատարել է Սերգեյ Շահվերդյանի տղան՝ Էդուարդ Շահվերդյանը, շարունակական լինի, արգասաբեր լինի, երեխաները շատ ընթերցեն», – ասում է Ալավերդու թիվ 1 հիմնական դպրոցի փոխտնօրեն Լիանա Օհանյանը։

Էդուարդ Շահվերդյանը գրքի ձեռագրերը տպագրել է հոր մահից 22 տարի անց և նվիրել այն նրա 100 – ամյակին։ Իսկ հեղինակը այն գրել է 1986-99 թվականներին։

Էդուարդ Շահվերդյանը

«Սա վերակառուցման տարիների հետ է համընկնում։ Ինչու/ այդ տարիներին հայրս համարձակություն ունեցավ գրելու, որովհետեև գիտեք՝ խորհրդային գրաքննությունը մանրադիտակի տակ էր դնում ամեն ինչ։ Իսկ այստեղ կան բաներ, որոնք ցենզուրայից դուրս են։ Մռայլ վրձնահարվածներով է նկարագրում սովետական իրողությունը, որի համար խորհրդային տարիներին ինքը պատիժ կկրեր», – ասում է Էդուարդ Շահվերդյանը։

Գիրքը պատմում է երկրորդ աշխարհամարտի արհավիրքի մասին, որն ուղեկցվել է  տարբեր ազգերի ժողովուրդների՝ միմյանց հանդեպ ունեցած անսահման հոգատարությամբ ու բարությամբ։ Վերջինը՝ բարությունը, թերևս գրքի ողջ խորհուրդն է, բովանդակության այսպես ասած՝ աղը։ 

«Իրոք, գիրքը նվիրվում է բարի մարդկանց։ Նվիրում եմ Մարֆա և Ֆյոդոր Կոլիսնիչենկովներին և այն բարի հոգիներին, որոնց հիշատակել եմ ստորև։ Նրանք ամուսիններ էին, որոնք հորս ռազմի դաշտում տիֆից փրկեցին և ոտքի կանգնեցրին։ Իսկ զինվորը, գիտեք, միայն փամփուշտից չի մահանում», – նշում է Էդուարդ Շահվերդյանը։

Գրքում նաև սիրավեպի դրվագներ կան։ Ի դեպ՝ Սերգեյ Շահվեդյանի 18 տարին լրացել է պատերազմ մեկնելուց 4 ամիս անց։ Էդուարդ Շահվերդյանն ասում է՝ հայրը կենսասեր մարդ է եղել։ Դա նկատվել է նաև նրա հուշերի մեջ, որտեղ հեղինակը ցույց է տվել իր լավատեսությունը կյանքի հանդեպ և հավատացել հաղթանակին։ Գրքում հոր մասին խոսքի մեջ Շահվերդյանը նաև հիշատակել է Սերգեյ Շահվերդյանի այս զրույցը․ «Ես չեմ պատկերացրել, որ կարող եմ զոհվել»։ Այսինքն պատերազմի այդ թուհուբոհի մեջ անգամ չի կոտրվել նրա ապրելու տենչը։ Իսկ հարցին, թե հենց ինքը՝ Էդուարդ Շահվերդյանը, չի՞ ցանկանում արդյոք գիրք տպագրել, պատասխանում է․

«Այն լավ գրքերը, այն էջերը, որ ես կարդացել եմ ընդհանրապես իմ կյանքում, վախենում եմ ստվեր նետեն իմ գրածի վրա։ Դրա համար ես չեմ ուզում միջակ երևալ։ Իմ էությամբ մաքսիմալիստ եմ։ Ես չեմ ասում՝ բոլորը պետք է Շեքսպիր կամ Թումանյան դառնան, պարզապես գոնե մի սանդղակ, իսկ ես վախենում եմ ոչ թե մեկ սանդղակ, այլ շատ-շատ հեռու կանգնեմ իրենցից», – ասում է Էդուարդ Շահվերդյանը։

Ինչ վերաբերում է գրքին, ապա այն սահմանափակ քանակությամբ է տպագրվել։ Դրանք տրվել են հեղինակի ողջ մնացած քիչ ծանոթներին, հարազատներին, Սպանդարյան դպրոցի և Ալավերդու երկու գրադարաններին։ 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.