Հեղինակ՝ Մանանա Վարոսյան
Օպերատոր՝ Դավիթ Թամազյան
Վարորդների 23 տոկոսի համար ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ն թանկացել է: Թանկացումը վերաբերում է այն վարորդներին, որոնք նախորդ տարիներին կարգապահ չեն եղել: Կառավարության մարտի 30-ի որոշմամբ՝ ապրիլից գործում է ԱՊՊԱ-ի ազատականացված համակարգը, որի դեպքում ԱՊՊԱ-ի գինը ձևավորվում է վարորդի վարքագծի հիման վրա: Տաքսիստների և մինչև 80 ձիաուժ ունեցող մեքենաների սեփականատերերի համար խմբային մոտեցումները հանվել են։
«Ազատականացումը համակարգի բնականոն զարգացման հաջորդական փուլն է, որովհետև մենք կարծում ենք, որ արդեն բյուրոն թե՛ տեխնիկապես, թե՛ իր կարողությունների տեսանկյունից պատրաստ է ազատական համակարգի անցմանը», – Կառավարության նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Կառավարության նիստ 30․03․2023թ․
Օրենքը ընդունվեց միաձայն, իսկ ալավերդցի վարորդների արձագանքը ուշացնել չտվեց:
«Գլուխը քարովը տվուց, ու՞մ ա հարցրել։ Ժողովուրդը սոված կոտորվում ա, ամեն տեղից ճանկերը գցած էլի մի բան հայթայթում են, որ թուրքի համար ասֆալտներ անի՞», – ասում է Ալավերդու բնակիչներից մեկը։
«Մարդիկ միջոց չունեն, որ գոնե իրանց ավտոյի պակռիշկեն առնեն, հարկերն են բարձրացնում», – ասում է փողոցում հարցված անցորդներից մեկը։
«Հիսուն տարվա վարորդ եմ, Փաշինյանի ասածը չեմ հասկանում։ Ուզում են բյուջեն լցնեն», – դժգոհում է վարորդը։
Արդյո՞ք գների ազատականացման արդյունքում կվերանան վարորդների անհատական վարքագծի հետ կապ չունեցող գործոները։ Բնակիչների, հատկապես վարորդների զգալի մասը կարծում են, որ սա ևս մեկ թաքնված ծուղակ է՝ ուղիղ հարված իրենց գրպանին։

«Իհարկե թալանում են։ Մարդիկ աշխատանք չունեն, մարդ կա, էսօր հացը նիսյա ա անում, էդ ու՞ր են թանկացնում էլածը, ո՞նց պետք ա ապրեն մարդիկ։ Թող աշխատատեղեր բացեն, որ մարդիկ էլ կարենան էդ ԱՊՊԱ-ի գումարները մուծեն», – ասում է վարորդ Սեյրան Թորոսյանը։
Թվում է, որ այս նոր օրենքը, առաջին հերթին պետք է ձեռնտու լինի կարգապահ վարորդներին, համենայն դեպս կառավարության նիստում այդպես է նշում վարչապետը։ Բայց ի՞նչ ունենք արդյունքում: Օրենքի ընդունումից անցել է շուրջ 2 շաբաթ, վարորդների մեծ մասը պարզել է, որ իր ապահովագրավճարը կտրուկ թանկացել է:
«Ես Փաշինյանին եմ ընտրել՝ մտածելով, որ մի հատ լավ բան կլինի։ Ամեն օր թանկացում՝ ավտոզապչաստից, ուտելիքից, ռադիոտեխնիկայից, հագուստից․․․․», – թվարկում է քաղաքացին։

Ով որքան կշահի և ով ինչքան կտուժի․ թերևս ալավերդցի վարորդները թերահավատորեն են մոտենում նոր կարգին, թե իբր այս բարեփոխումից ֆինանսական առումով ավելի շատ շահելու են կարգապահ վարորդները։
Ըստ նախնական վերլուծությունների՝ եթե ապահովադիրների 100 տոկոսը պայմանագրեր կնքեն լավագույն գնով, ապա 56 տոկոսի դեպքում գինը կէժանանա, 26 տոկոսի դեպքում կմնա նույնը, իսկ 21 տոկոսի դեպքում ԱՊՊԱ պայմանագրի գինը կավելանա։ Սակայն չենք մոռանում, որ տարբեր ապահովագրական ընկերությունների առաջարկները երբեմն իրարից տարբերվում են ընդհուպ 30-40 տոկոսով, ավելին՝ նույն ընկերության՝ նույն վարորդի համար սահմանաված գինը նույնիսկ օրվա տարբեր ժամերի փոփոխվում է։ Ստացվում է՝ ազատականացման պարագայում սակագների սահմանման չափանիշներն առաջին հերթին աշխատում են ի վնաս վարորդների։