Հեղինակ՝ Մանանա Վարոսյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
Մայիսի 22-ի իր ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 00 ք/կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, Տավուշի 6 գյուղերը, անկլավները և Տիգրանաշենը, միաժամանակ նշելով, որ Ադրբեջանը դրա փոխարեն պետք է ապահովի Արցախի հայ բնակչության անվտանգությունը վերացական պայմանը։

Վարչապետը խոսել է նաև Հայաստանում Ադրբեջանի նախկին անկլավների մասին, այդ թվում Տավուշի մարզի։ Մեր նկարահանող խումբը գտնվում է սահմանային Ոսկեպարում թերևս մի նպատակով․ պարզելու՝ կա՞ արդյոք անհանգստություն, ի՞նչ են մտածում բնակիչները վարչապետի հայտարարության վերաբերյալ: Գյողամիջում մեզ դիմավորում են ժողովրդական լեզվով ասած «թուր ու թվանքով», վրդովված՝ թե՛ աշխարհից, թե՛ կառավարությունից:

«Թուրքի սահմանը մեր ներքի թաղիցը երեք-չորս տուն մեջն ա ընկնում, վաղը եթե գան, ի՞նչ տենք անի։ Կրակիլ տե՞նք, կռվիլ տե՞նք։ Էնա մենք անդարդ ապրում ենք էլի, դուք երևաններումը ձեզ հմար փողոց փակելով, խրոված անելով․․․», – վրդովված ասում է գյուղացիներից մեկը։
Թղթախաղի սեղանի շուրջ միտք են անում վաղվա օրվա մասին ու հիշում. ժամանակին նույն թշնամու հետ ապրել են՝ հաշտ ու խաղաղ։ Թերևս այստեղ հավաքվածների մեծ մասն անհասկանալի լավատեսությամբ է լցված։ Կարծես թե ոսկեպարցին անհանգստություն և մտահոգություն չունի, և այն տարածքները, որոնք, ըստ վարչապետի, պետք է հայտնվեն հակառակորդի վերահսկողության տակ, իրենց կյանքում էական փոփոխությունների չեն բերի:

«Չի հանձնում։ Ինչի՞ եք ալիքնին խառնում», – ասում է գյուղացին։
Տավուշի մարզից մոտ 10 հազար հեկտար հողատարածքներ արդեն 30 տարի գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Ինչպե՞ս ենք ապրել, հող մշակել, էլի կապրենք,- ասում են Ոսկեպարում:
Այնուամենայնիվ, գյուղում շրջելով՝ հանդիպեպեցինք մարդկանց, որոնք իսկապես մտահոգ էին իրենց վաղվա օրով, Ոսկեպարի ճակատագրով։

Տաթև Ղազարյանը
«Եթե Վերին Ոսկեպարը տան, ուրեմն մեր գյուղն էլ պիտի տան։ Էդ դեպքում ոչ մեկ հաստատ չի ապրի էստեղ։ Որպեսզի ապահով լինեն, պետք է հեռանան», – ասում է Ոսկեպարի բնակիչ Տաթև Ղազարյանը։
Ոսկեպարցի Ասատուրը գյուղից հեռանալու ու ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու լավ հնարավորություններ ունի, բայց ինչպես ինքն է ասում՝ ո՞ւմ թողնի հայրական օջախը։ Խորը ցավով նշում է, եթե Վերին Ոսկեպարի տարածքը հանձնվի, ադրբեջանական զինուժը հայտնվելու է Լոռու մարզի թիկունքում, Ոսկեպարը որպես գյուղ չի կարողանալու գոյատևել, քանզի բոլոր արոտավայրերը հանձնվելու են Ադրբեջանին, իսկ ոսկեպարցին, կարելի է ասել, միայն անասնապահությամբ է զբաղվում, ինչպե՞ս են ապրելու, թերևս դժվար է ասել, և բնակավայրի հայաթափությունն անխուսափելի կլինի:

Ասատուր Ալավերդյանը
«Էս սարի էն կողմն իրանցն ա, էն կռիվների ժամանա՝ 90-ականների, երկու կողմերից կրակում էին մեզ վրա։ Ո՞նց կարամ ես մենակ ստեղ ապրեմ, եթե ժողովուրդը թողնի, գնա։ Կամ կգան, տան մեջ ինձ կսպանեն, կամ էլ․․․ Սրան երևի վախացրել են, որ դու պետք ա հանձնես, որ քեզ չնեղացնենք», – ասում է Ոսկեպարի բնակիչ Ասատուր Ալավերդյանը։
Գյուղն առանց այդ էլ դատարկվել է, այսօր էլ կողպված դռներ շատ կան։ Իսկ ի՞նչ կլինի խաղաղության շղարշի տակ կնքված պայմանագրից հետո, հարց է ուղղում ու պատասխանում զրուցակիցս. կփակվի հայ ժողովրդի պատմության վերջին էջը:
«Բանական մարդիկ, գյուղի ամենաառաջադեմ մարդիկ, թողել են, գնացել Ռուսաստան», – ասում է գյուղացին։

Այն, ինչ կատարվում է, ահավոր է, և հայ ժողովրդի վերջը կլինի, եթե որևէ փոփոխություն չլինի, Ադրբեջանի նկատմամբ վարվող պարտվողական այս քաղաքականությունը նկատի ունենալով՝ ասում է իմ զրուցակիցը։
«Գոնե փոխանակման ձև պետք ա գտնվի՞, թե չէ։ Ասենք Արծվաշենի հետ են փոխանակում, ընդեղ Կոթին տարածքներ ունի ահագին հեկտարներով, էս Բերքաբերը տարածքներ ունի, գոնե էսքան տեղը էս ժողովուրդը ապրի», – նշում է Ասատուր Ալավերդյանը։
Եթե անգամ անկլավների փոխանակում լինի, ավելի է մեծանալու հայ-ադրբեջանական սահմանի երկարությունը, դրա պաշտպանելը լինելու է բարդ ու դժվար։ Թշնամին, ինչպես նախկինում, գիշերով հայտնվելու է տներում, գողություններ ու սպանություններ, փակվելու և բարդանալու է Երևան մեկնելը։ Վերջակետ կդրվի Ջողազի ջմաբարից օգտվելու հնարավորությանը։ Տավուշի մարզը կկիսվի երկու մասի։ Կսկսվի մասսայական արտագաղթ սահմանային գյուղերից։ Լոռու մարզը կդառնա սահմանային և այլն և այլն, թվարկում է վարչապետի վերջին հայտարարություններից վրդովված ոսկեպարցիների մի մասը։