Հեղ․՝ Մանանա Վարոսյան

Օպ․՝ Արման Տիտանյան

Լոռու տոհմաբուծարանի 100-ամյա հոբելյանին Կաթնառատի  մշակույթի տան նախկին տնօրենը դատարկաձեռն չի եկել: Բերել է, ինչպես ինքն է ասում, գյուղի հիմնադրումը խորհրդանշող քարը, որ երկար տարիներ աչքի լույսի պես են պահել:

Լենա Բադալյանը

«Գրաֆ Գոթլիբի աղջկա գերեզմանի քարն ա, ուղղակի չենք կարողանում կարդալ՝ ինչերեն ա գրված։ Բերել ենք, որ հիշենք մեր անցյալը, խունկ վառենք, ծխացնենք էս քարի մոտ, քանի որ մեր տնտեսությունը ստեղծվել ա իրանից՝ գրաֆ Գոթլիբից», – ասում է Կաթնառատի բնակիչ Լենա Բադալյանը։

Կոմս Գոթլիբը շվեյցարացի էր, ով Ռուսաստանում սկսված գյուղացիական ռեֆորմով ու պետության կողմից խրախուսվող քաղաքականության արդյունքում եկավ ալպյան մարգագետինների այս լեռնաստանը, հավանեց ու հիմնեց եվրոպական տիպի օրինակելի կաթնանասպահական ֆերմա և պանրագործարան։

100-ամյա տոնը նշելու նախաձեռնությունն ու միջոցառման կազմակերպումը գյուղի նախկին ակումբի նախկին վարիչի նախաձեռնությունն է, որն արժանացել է Տաշիրի համայնքապետի հավանությանը: Հույս ունի՝ այսօր հավուր պատշաճի կներկայացվի  գյուղի պատմությունը՝ ընդգծելով բնակավայրի կարևորությունը ոչ միայն տարածաշրջանի, այլև Հայաստանի համար։

«Ծնողներս հիմնադիրներն են եղել գյուղի, մամաս անգամ ինձ ասել ա, որ Գոթլիբի աղջիկը շեկ մազերով էր։ Իմ սիրտը մրմռաց, ասի՝ բերեք էդ միջոցառումը կազմակերպենք, անենք», – ասում է Լենա Բադալյանը։

Միջոցառման մեկնարկը տրվում է օրհներգով: Ներկա էին Լոռու մարզպետարանի և Տաշիր խոշորացված համայնքի ներկայացուցիչներ, հարակից գյուղերի բնակիչներ և հյուրեր: Հոբելյանական միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին  համայնքի կրթական հաստատությունների սաները:

Ֆերմայի հիմնադրումն ունի ավելի քան 115 տարվա պատմություն։ 1917 թվականին հոկտեմբերյան հեղափոխության հովերով տարված նախ թալանվեց ֆերման, ապա ստեղծվեց կոմունա, սակայն կոմունայի անդամներն էլ մնացածը թալանեցին ու ավերեցին գյուղատնտեսական շինությունները՝ շվեյցարական պանրի գործարանը։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1923թ․-ին, կոմս Գոթլիբի ագարակի հիման վրա հիմնվեց տոհմաբուծական տնտեսություն։ Հայաստանի որբանոցներից 18-ը լրացած երիտասարդներին վերաբանակեցրին այստեղ և հիմնվեց բնակավայր, որը կոչվում էր Տաշիրի տոհմաբուծական տնտեսություն։ Իսկ անկախության տարիներին էլ վերանվանվեց Կաթնառատ։

«Սա ոչ միայն տոհմաբուծարանի տոնն է, այլ հայ ժողովրդի ստեղծարար հոգու և արարչագործ ձեռքերի տոնն է», – իր ելույթում նշեց տարածաշրջանի հոգևոր առաջնորդը։

Խորհրդային տարիներին Կաթնառատի տոհմաբուծական ֆերման չափազանց հայտնի տնտեսություն էր, որը խոշոր եղջերավորների ու բարձր արտադրողական մատղաշներ էր մատակարարում Հայաստանի պետական անասնապահական տնտեսություններին։ Թե՛ Գոթլիբի և թե՛ խորհրդային տարիներին Կաթնառատի անասնապահական ֆերման նոր մտածողությամբ նորարարական կենտրոն էր, որտեղ խաչասերվում ու փորձարկվում էին կովերի նորագույն տեսակներ, կլիմայավարժեցնում Հայաստանի պայմաններին։

«Նման միջոցառումները շատ կարևոր են են մեր գյուղի մշակութային կյանքը և մշակութային ավանդույթները շարունակելու համար», – ասում է Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը։ «Հարյուր տարի առաջ, երբ հիմնվել է տոհմաբուծարանը, մինչև հիմա կան էդ անասնատեսակները», – նշում է Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը։

Կաթնառատցիները հպարտ են իրենց գյուղի պատմությամբ ու հարուստ ավանդույթներով:

«Մեր գյուղի 50-ամյակն էր նշվում, և այդ 50-ամյակին ներկա էր մեր ամբողջ արվեստի աստղաբույլը՝ Օֆելյա Համբարձումյան, Հովհաննես Բադալյան։ Այսինքն էդ միջոցառումներն են, որոնք խթան են հանդիսանում գյուղացիներին գյուղում պահելուն, աշխատանքին, հողին կպնելուն», – ասում է Կաթնառատի բնակիչներից մեկը։

Իհարկե արվեստի աստղաբույլին մեկտեղել չհաջողվեց, բայց էլի դժգոհ չեն: Միայն թե մի ցանկություն ունեն բնակիչները. ամեն տարի այս օրը Կաթնառատը տոնական տեսնել: Միջոցառման ընթացքում պատվոգրեր և նվերներ ստացան բնակավայրի զարգացման գործում ավանդ ունեցած գյուղացիներն ու միջոցառման կազմակերպիչները: Միջոցաման  քաղցր մասն ապահովեցին Կաթնառատի ավանդական կերակուրներրով՝առատ սեղաններով: Տարածաշրջանում գործունեություն ծավալող ընկերություներն իրենց գաստրոնոմիական ցուցահանդեսով հնարավորություն տվեցին ներկաներին վայելելու ալպիական մարգագետինների կաթից պատրաստված կաթնամթերքի համը:

Ասատուր Հարությունյանը

«Առաջին պանրագործարանները, որոնք կառուցվել են ու սկսվել է պանրագործության ավանդությունը, եղել են Կաթնառատն ու Տաշիրը։ Մենք Տաշիրում ենք գործունեություն իրականացնում, բայց մեր Լոռվա պանրագործության ավանդույթներն ամբողջությամբ կիրառում ենք մեր պրակտիկայում։ Լավ է, երբ գյուղը կարողանում է իր միջոցառումը, իր տոնը կազմակերպել և իրականացնել։ մենք էլ մեր մասնակցությունն ենք բերում այդ կարևոր միջոցառմանը», – ասում է «Ալաշկերտ գրուպ» ՍՊԸ արտադրության պետ Ասատուր Հարությունյանը։  

Իզուր չէ, որ Կաթնառատը փոքրիկ Շվեյցարիա է անվանվում։ Այստեղ կաթն ունի յուրահատուկ համ, իսկ ստացված պանիրները կարող են մրցակցել շվեյցարական հայտնի պանրատեսակների հետ:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.