Հեղինակ՝ Մերի Կոլոլյան

Օպերատոր՝ Դավիթ Թամազյան

Արդեն 17 տարի նեղոցեցիները նշում են գյուղի տոնը: 2019-ից, սակայն, քովիդով ու պատերազմով պայմանավորված՝ ավանդույթը խախտվել էր: Չորս տարվա ընդմիջումից հետո գյուղում ու գյուղից դուրս ապրող նեղոցեցիները կրկին նույն տեղում են՝ Սուրբ Գայանե մատուռի բակում, որտեղից էլ մեկնարկում են տոնական միջոցառումները: Օրը համընկել էր Սուրբ Հարության տոնի հետ:

«Ես մաղթում եմ, որ Հարության տոնի խորհրդով, լույսի խորհրդով, հույսի խորհրդով մեր համայնքը՝ Նեղոցը, բարգավաճի, զորանա, ավելի համախմբված լինի, ավելի շենանա, և Տիրոջ անարատ աջը և պատվական խաչը ձեր գլխից անպակաս լինեն», – ներկաներին ուղղված իր խոսքում նշեց Ախթալայի հոգևոր առաջնորդ տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

Տոնակատարության ժողովրդական մասը շարունակվեց դպրոցի բակում: Տոնի առթիվ նեղոցեցիներին շնորհավորական ուղերձ էր հղել Ալավերդու համայնքապետը։ Այնուհետև բնակիչներին շնորհավորեց Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Տիգրան Պապոյանն ու համայնքի կողմից շնորհակալագրեր հանձնեց գյուղի նվիրյալներին:

Ավանդույթի համաձայն ռուսաստանաբնակ Բեգջանյան ընտանիքի կողմից նվերներ ստացան գյուղի նորապսակներն ու նորածիններ ունեցող ընտանիքները:

«Մեր գյուղի կոլորիտը ժողովուրդն է, որն էսօր պաշտպանում է մեր սարերն ու մեր ձորերն ու մեր ընտանիքները։ Ուրիշ տեղեր նայում ես՝ գյուղեր են կորչում, իսկ Նեղոցն ավելի շատանում ա», – ասում է Վահան Բեգջանյանը։

Առաջիկա տարիներին գյուղի տոնն ավելի մեծ շուքով նշելու առաջարկ եղավ:

«Գյուղի օրը կարելի է նաև ինչ-որ մի բանի հետ կապել։ Օրինակ, երբ ասում ենք Ախթալա, առաջին ասոցիացիան խորովածն է չէ՞։ Եվ քանի որ ապրիլին էլ էստեղ լավ սինդրիկ ա լինում, մենք ուզում ենք առաջարկել, որ այսուհետ, գյուղի օրը լինելուց բացի, սինդրիկի օր նշվի։ Էդ օրը կխնդրենք նաև, տեր հայրը կօրհնի սինդրիկը, դրանից աղցաններ, ուտեստներ կպատրաստվեն, և Նեղոցը հայտնի կդառնա նաև այդ բուժական, գեղեցիկ ուտեստով», – ասաց Rafting Republic ընկերության տնօրեն Վազգեն Խաչիկյանը։

Ամփոփվեցին նաև «Նեղոցի օր» թեմայով դպրոցական շարադրությունների և նկարչական մրցույթի արդյունքները, լավագույնները ստացան պարգևներ։ Գյուղի տոնը սպասված է, քանի որ հենց այդ օրը նեղոցեցիները հանդիպում են օտար երկրներում ապրող, բայց գյուղը չմոռացող իրենց հարազատներին:

«Եվս մեկ անգամ բոլորիս հիշեցնում է այս տոնը, որ գյուղացին պիտի մնա գյուղում, արարի, պայքարի իր գյուղում, և դրանով սատար լինի սահմանին կանգնած զինվորին և լինի հզորացման հիմք պետության համար», – ասում է Նեղոցի դպրոցի տնօրեն Արևիկ Սոսինյանը։

Նեղոցը փոքր համայնք է, ընդամենը 240 բնակիչ ունի ու մի շարք առավելություններ՝ գեղեցիկ բնություն, մոտ է Դեբեդին և Մ6 միջպետական մայրուղուն, մնում է երկրում խաղաղություն լինի, ասում է վարչական ղեկավարը: 

«Ամենաառաջնահերթ թող խաղաղություն լինի, որովհետև երիտասարդությունը դեպի ծաղկունք է գնում, խաղաղություն է ուզում, որ ժողովրդին լինի և աշխատանք։ Մեր ժողովրդին ուրիշ բան պետք չի։ Առողջություն, խաղաղություն, աշխատանք ունենան, որ մարդիկ լավ զգան», – ասում է Նեղոցի վարչական ղեկավար Մհեր Բաբայանը։

Պատմական աղբյուրների համաձայն՝ գյուղը հիմնվել է 13-14-րդ դարերում՝ միջնադարյան բնակավայրի տեղում։ Այդ մասին են վկայում հին շինությունների հետքերն ու մնացորդները։ Չնայած, որ գյուղը փոքր է, չունի գյուղատնտեսական նշանակության մեծ հողեր, արոտավայրեր, բայց փոխարենն այստեղ ջերմ են եղանակն էլ, մարդիկ էլ:

«Իմ գյուղի նման գյուղ չկա, իմ հարազատ գյուղն ա, և իհարկե շատ թանկ ա ինձ համար», – ասում է գյուղացիներից մեկը, ապա ավելացնում՝ սինդրիկ կա, արաղն էլ՝ հետը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.