Սոցիալական ծայրահեղ ծանր իրավիճակ, կենցաղային սուղ պայմաներ․ այսպես է ապրում Օհանյանների բամազավակ ընտանիքը Ալավերդի համայնքի Մեծ Այրում բնակավայրում։ Ընտանիքում 5 անչափահաս երեխա կա: Երեխաների հայրը տարիներ առաջ մեկնել է արտագնա աշխատանքի, բայց նրանց  ֆինասապես չի օգնում։ Ասում են՝ անգամ տեսակցության չի գալիս։ Մի խոսքով՝ երեխաների խնամքի հոգսն ամբողջությամբ մոր՝ 36-ամյա Սերինե Հախվերդյանի ուսերին է դրված։

13-ամյա Պարույրը տան ավագն է։ Տղան ընտանիքի աղքատությունը հաղթահարելու հույսն իր վրա է դրել։ Մեծանա, աշխատանք կգտնի ու կթեթևացնի մոր հոգսը։

Հինգ երեխաներից չորսը դպրոց են հաճախում։ Սերինեի խոսքով՝ լինում է նաև, որ երխաներին օրերով դպրոց չի ուղարկում՝ հագուստ չունենալու պաճառով։ Դա հիմնականում ձմռանը։ Տաք հագուստ ձեռք բերելը 5 երեխաներ խնամող մոր համար անհնարին է։ Երեխաների հագուստը բացառապես հարևաններն են նվիրում։

Ինքն անգամ օրվա հացը չի կարողանում հոգալ, ուր մնաց հագուստ գնի, ասում է Սերինեն ու հավելում․ տան միակ կայուն եկամուտը  անապահովության 52․000 դրամ նպաստն է։

«Նպաստը ստանում եմ, վիր եմ ունում, նիսյեքը մարում խանութում», – ասում է բազմազավակ մայրը։

Երեխաներին կերակրելու համար Սերինե Հախվերդյանը գյուղի խանութներում նաև պարտքեր  է կուտակել։ Վերադրաձնել չի կարողանում։

Սերինե Հախվերդյանը

«Իմ էրեխեքի հմար համ հայր եմ, համ մայր եմ։ Արդեն սովորել եմ», – ասում է Սերինեն։

Այնուամենայնիվ չի հուսահատվում, լավատես է։ Դժվարությունները ժամանակավոր են, ասում է Սերինեն։ Շնորհալի երեխաներ ունի, որոնք ընտանիքին անպայման ոտքի կկանգնեցնեն։

Աղքատության մեջ հայտնված ընտանիքներ, ցավոք, մեր օրերում շատ են հանդիպում, որոնք իրենց ապրած պայմաններից ելնելով՝ նաև կորցրել են ապագայի նկատմամբ հույն ու հավատը։ 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.