30 տարի գյուղի կոլտնտեսությունում ու պետական տնտեսությունում երքհազարական է եղել, այսինքն մեկ կովից տարեկան 3000 լիտր կաթ է ստացել, գովասանագրեր, մեդալներ, դրամական ու նյութական այլ խրախուսանք: Բայց կթվորուհու ծանր բեռն ուսին՝ ամեն ինչ հասցրել է անել նաև կենցաղում: 76-ամյա Լիդա Խաչատրյանը նեղսրտում է՝ ջահելները շյուղ բռնել չգիտեն, որ մի գուլպա գործեն: Իսկ ինքը անգամ այս տարիքում կիթը չի թողնում, դեռ մի բան էլ հավ, ճիվ ու գյուղական կյանքի բոլոր դժվարությունները իր ուսերին է կրում։

Լիդա Խաչատրյանը
«Մենք ենք աշխատող էղել։ Ես 25 կովի կթվոր եմ եղել, էն վախտ ապրել ենք։ Առաջ կոլխոզ էր, կաշխատեինք, ամսե ամիս փարեն կստանայինք։ Հիմա բան էլ չկա։ Իմ հարսին տվել եմ շերեփ, ամեն ինչն էլ տվել եմ, ես էլ խոզ կպահիմ, հավ կպահիմ, իրանք էլ տան վերուդիրը կանին, հաց կթխին, կեփին», – ասում է Նորաշենի բնակիչ Լիդա Խաչատրյանը։
Իր տան դիմաց նստած՝ գլխաշորը գլխին, գոգնոցը կապած ու անցյալի լավ հուշերը հայացքում ամբարած՝ տատը սպասում է լավ օրվան, թոռներին, ծոռներին, կոռներին: Իսկ թոռների, ծոռների ու կոռների հաշիվն արդեն կորցրել է, դժվարանում է հիշել։
18 տարեկանում ամուսնացել, հարևանի տնից հարևանի տուն հարս է եկել. սիրուն էր, կարմրաթուշ էր ու խորոտ: Բայց տարիների ծանր աշխատանքից թշերի կարմրությունը խամրեց, սիրունությունն էլ անհետացավ, դժգոհում է տատը:

«Օրական 25 կով եմ կթել, ձեռով կթել եմ։ Ընձի մեր նախագահը՝ Մանուկյանը, մի տոննա կաթին 35 մանեթ էվել կտեր, որպես առաջավոր կթվոր», – հիշում է տատը։
Ձմեռը Նորաշենում սաստիկ է ու երկար: Բուք ու բորան, մտածելու, խորհելու ժամանակ շատ է ունեցել: Ամեն բանի պատասխանը գտել է, սակայն սիրո մասին միտք է արել ու համոզվել, որ Թումանյանը սիրո հարցում մի քիչ չափազանցրել է։ Իրենց ժամանակ սեր չի եղել, տեսել են, հավանել, իրիկունը ծնողները մի կարմիր խնձորով կամ գլխաշորով խնամխոս են եկել: Ասում է ու մատների վրա թվարկում․ հրեն, էն տան տատին տեգրն է հավանել եղբոր համար, էն մյուսին հարևան գյուղից բարեկամներն են միջնորդ եղել, մյուսի ամուսինը տեսել, հավանել ու կարտոֆիլի դաշտից միանգամից տուն է բերել: Սեր չի եղել, բայց ամուսինն իրեն լավ է պահել, չի դժգոհում, միայն թե …
«Աչքը դուս ա էղել, ուրիշի վրա ա էղել։ Էն վախտ, որ ջահել էի, ընձի դրին Գերագույն սովետի դեպուտատ, չթողեց, թե՝ ես իմ կնգան չեմ թողի ուրիշի տղամարդու հետ ժողով գնա», – պատմում է Լիդա Խաչատրյանը։

Փոփոխությունների հետ տատը դժվար է հաշտվում, դժվար է հաշտվում հեռուստատեսային պաչ -պռոշտիներին, տկլոր աղջիկ-տղաներին: Իրենց ժամանակ ուրիշ էր, տղամարդն էլ, կինն էլ իրենց սահմանը գիտեին:
Բայց ամեն ինչ տանելի է, թող ջահելներն առողջ լինեն, հասնեն իրենց նպատակներին, մենակ թե խաղաղություն լինի, երիտասարդները մեղք են, նեղսրտում է տատը։