«Իմ երևակայությունն ա, մանր կտրատել եմ։ Հիմա էլի անելու եմ խնձորից, ձմերուկից, գունավորեմ։ Ու էն շարիկ կոնֆետները, որ կան, էդ տիպի սարքեմ ու չիրը դասավորելու ժամանակ արանքներում դրանից դնեմ», – պատմում է Նեղոցի բնակիչ Լեյլի Բեգջանյանը։

Արևի երկրում՝ ժայռերից տաքացող Նեղոցում, հատկապես աշնանը գույները խամրում են, երբ հայտնվում են քաղցրահամ «վարագույրները»՝ կախված պատշգամբներից: Խոսքը Ալավերդի համայնքի Նեղոց բնակավայրի մասին է։

Աշնան արևը Տիկին Լեյլիին օգնում է նախ՝ բերքը քաղցրանալու գործում, հետո էլ՝ չիրը չորանալու։ Մրգերից թուզը հատկապես շատերին է բերում Նեղոց։ Խնդիրը միայն տեսնելը չէ: Վերջին տարիներին չրագործությունը Նեղոցի տան հարսների բիզնես սկսելու լավագույն տարբերակներից է դարձել։

Լեյլի Բեգջանյանը

«Էս տարի հինգ կիլո թուզ եմ վաճառել։ Որ կարկուտահարվեց, թափվեց, չթողեցի, որ վնասվի, չիր պատրաստեցի։ Սա թզի տեսականին ա, երկու տեսակի թուզ ա։ Մեկը չիր ա, մեկը ցուկատ ա։ Սա ձմերուկն ա, սա էլ էս պահին խառն եմ սարքել՝ դեղձ ա, կլպովի թուզ ա, սա էլ չորնասլիվան ա», – իր պատրաստած չրերն է ներկայացնում տիկին Լեյլին։

Չրագործությունը շատ աշխատանք և մեծ համբերություն է պահանջում, և ամեն ոք չէ, որ իսկապես կարող է էկոլոգիապես մաքուր չիր պատրաստել, վստահեցնում է տիկին Լեյլին։

«Հիմա, որ առնելիս լինես, սա կառնե՞ս, թե՞ ուրիշ, քիմիա տված, նյութերով պատրաստած ինչ-որ մի բան։ Իհարկե, բնական է, էս հասարակ թուզը կվերցնեք, շատ համով ա։ Ինձ շատ է հանգստացնում էս գործը։ Հիմա էլ հոն ունեմ եփած, պատրաստած, որ փռեմ», – ասում է Լեյլի Բեգջանյանը։

Սկզբում միայն այգու բերքն էր չիր դարձնում։ Հասկացավ՝ կարելի է գնել, մեծացնել ծավալները: Հիմա անսպառ տեսականի ունի։ Չրի պահանջարկի մեծանալուն պես նոր տարածք կվերցնի, չորանոց կդարձնի։ Հիմա պատշգամբը դեռ բավական է: 

«Պատկերացրեք, որ գալիս ա ժամանակ, տանը բացարձակ ոչինչ չեմ ունենում։ Լրիվ վաճառվում ա։ Բայց հիմնականում էն զիզի-բիզի բաները կուզենան առնել, ուղղակի, սեղանին դնելու համար։ Բայց մարդ կա, որ հասկանում ա չրից, նա արդեն առնում ա ինձնից։ եթե սիրով ու հատուկ ուշադրությունով չպատրաստես, նա չիր չի արդեն», – ասում է տիկին Լեյլին։

Ինչպես արդեն ասացինք, բնակավայրոմ չրագործությունն այլևս սիրելի զբաղմունքից վերածվել է եկամտի կայուն աղբյուրի։

Անուշ Դալլաքյանը

Տիկին Անուշը, ինչպես ամեն տարի, այս տարի չի կարողացել սրտի ուզածի չափով չիր պատրաստել, բայց, այնուամենայնիվ, հետ չի մնացել։ Ասում է՝  նախ կարկուտը չթողեց, հետո էլ սիրտ ու հավես չմնաց։ Հատկապես վաճառքի համար պիտանի չէ այս տարվա բերքը։

Սեփական այգում որակյալ բերք չկա, դրսից բերվածն էլ չափազանց թանկ արժե։ Հետևաբար չրի շուկայական արժեքն այս տարի համեմատաբար կբարձրանա։

«Բերք չկա։ Պետք ա նենց լինի, որ բերքը հասուն ըլնի, առողջ ըլնի։ Իսկ հիմա կարկուտը տված ա, պետք ա չանենք։ Բայց ստիպված անում ենք, որ էլի մի բան ըլի», – ասում է Նեղոցի բնակիչ Անուշ Դալլաքյանը։

Գյուղի բարենպաստ բնակլիմայական պայմանները թույլ են տալիս անգամ արևադարձային մրգեր՝ կիվի, լիմոն, նարինջ աճեցնել։ Բերքը, քիչ թե շատ, լավ թե վատ հասել է, չիրն էլ կհասնի: Անհատներ արդեն հերթի են կանգնել, որ գնեն քաղցրահամ չիրը, հպարտանում են Նեղոցի հարսները։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.