Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան
Օպերատոր՝ Դավիթ Թամազյան
Բարևագիր
«Սիրելի և անմոռանալի թանկագին Արուսյակ։ Ինձ արդեն ուղարկել են։ Ոչ մի այլ բան մի մտածիր։ Ինչպես իմ մտերիմ ընկերներին են ուղարկել ֆրոնտ, այնպես էլ ինձ են նրանց հետ միասին ուղարկել։ Նամակ չգրես, մինչև ինձնից հասցե չստանաս։
Թանկագին Արուսյակ, ինձ ուղարկել են Կիրովաբադից՝ 1941 թվականի դեկտեմբերի 28-ին։ Այլ բան չկա գրելու։ Ինչպես հասկանում և մտածում ես, այնպես պահիր տունը։ Թանկագին Արուսյակ, մեր բոլոր հարազատներին ասա, որ նամակ չգրեն։ Էլ շատ չեմ գրում։ Բարով մնացեք իմ երեխաներ և հայրենիք․ գնացի։

Թանկագին Արուսյակ, շատ նամակներ եմ գրել, բայց պատասխան չեմ ստացել և չգիտեմ՝ ինչպես է ապրում իմ ընտանիքը։
Թանկագին Արուսյակ, քո անունը իմ սրտում է, բայց քեզ չեմ տեսնում։ Շատ եմ գրում Արուսյակ բառը, բայց ոչինչ չի ստացվում։ Արուսյակ, երեխաներիս լավ նայիր։ Մնաք բարով։ Ձեր՝ Նորեկ»։
Նորեկ Մկրտումյանի վերջին նամակն է կնոջը՝ Արուսյակին, որը հասցեատիրոջն այդպես էլ հավանաբար չի հասել, քանի որ այն տարիներ անց Ռուսաստանի արխիվներից մեկում են գտել՝ թարգմանված ռուսերեն։

Նորեկ Մկրտումյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է։ Պատերազմից չի վերդարաձել։ Ռազմաճակատ է մեկնել 37 տարեկանում՝ կնոջ խնամքին թողնելով երեք զավակ։ Նորեկ Մկրտումյանի թոռների մոտ պապից երկու նամակ կա պահպանված։ Մեկը վերջինն է՝ ռուսերեն թարգմանված։ Նորեկ Մկրտումյանն այն գրել է 1941 -ի դեկտեմբերի 28-ին, մյուսը, որ հենց բնօրինակն է, ուղարկել է 1941 թվականի դեկտեմբերի 11-ին։
«Էն ժամանակ ծրարներ չեն եղել, նամակները սենց են եղել (եռանկյունաձև ծալելով՝ ցույց է տալիս – հեղ․), ով ուզեր, կբացեր, կկարդար էլի։ Համենայնդեպս, գաղտնիությունն ապահովված չի եղել», – ասում է Նորիկ Մկրտումյանը՝ Նորեկ Մկրտումյանի թոռը, ապա կարդում պապի հերթական նամակը․

Նորիկ Մկրտումյանը
«Սիրելի և անմոռանալի Արուսյակ ջան, նախ և առաջ շատ բարև։ Եթե ինձանից հարցնող լինի, առայժմ լավ եմ։ Արուսյակ ջան, քո գնալու օր Արութընին, Սարգսին, Լեջանին տարան, իսկ էքսի օր Գեղամին, Աթամին տարան», – պապի նամակն է կարդում թոռը, ապա պարզաբանում՝ այսինքն այս մարդկանց Ադրբեջանից տարան ճակատ, դրանք մեր հարևաններն են։
Նամակների բովանդակությունից երևում է, որ հայրենական պատերազմի մասնակիցը կնոջը շատ է սիրել։ Նրա թոռներից մեկը՝ Հարություն Մկրտումյանը, տատին լավ է հիշում։ Բարի ու սիրուն կին էր Արուսյակ տատը, ասում է։

Հարություն Մկրտումյանը
«Մի բնավորություն ուներ ինքը, միշտ սիրեր, որ շորի ջեբերին չորացրած միրգ, կոնֆետ լիներ։ Ում տեներ, փայ աներ», – պատմում է Հարություն Մկրտումյանը։
«Նամակի մեջ, ամեն նախադասության մեջ գրել է՝ Արուսյակ ջան, իսկ էրեխեքը երեք անչափահաս էին՝ 15, 12 և 9 տարեկան», – պատմում է Նորիկ Մկրտումյանը։
Իսկ Նորեկ Մկրտումյանը համեստ գյուղացի է եղել, զբաղվել անասնապահությամբ։
«Մեր մոտ մարդիկ են եղել՝ բանակից փախած, նման խոսակցություններ են եղել։ Մեկը բոյով ու նիհար մարդ ա էղել, արտաքնապես նման ա էղել պապիս, մեր սարերում տեսել են, պատկերացրել, որ Նորեկն ա փախել, էկել են էդ չեկիստները, տատիս են տարել, խփել։ Հետո պարզվել ա, որ ինքը չի, արդեն պապիս սև թուղթն ա էկել։ ու արդեն տատիս բաց են թողել, էկել ա, իրա էրեխեքին պահել, մեծացրել», – պապից ու տատից ունեցած հիշողություններն է պատմում Նորիկ Մկրտումյանը։

Փոքրիկ Քարիջ գյուղից Մեծ Հայրենականին 250 մարդ է մասնակցել։ Նրանցից 117-ը չի վերադարձել։ Գյուղի կենտրոնում նրանց և արցախյան պատերազմներում ընկած տղաների հիշատակը հավերժացնող հուշարձաններ կան։ Քարինջ գյուղը մոտ 1300 բնակիչ է ունեցել։ Գյուղի պատմության մեջ դա ամենամեծ թիվն է։ Ավաղ, պատերազմն այդ թիվը նվազեցրել է։