Ընթացքի մեջ են Մ6-Սարահարթ-Սանահին-Ակներ 10 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ալավերդու դատարանի շենքին հարակից զույգ կամուրջներից դեպի Սարահարթ հատվածում նաև ասֆալտապատում է արվել։
«Էս մի հատվածով արդեն նկատվում ա հենց էդ լավ լինելը։ Եթե մնացածն էլ վերանորոգվում ա, էլ դժգոհելու բան չենք ունենա», – ասում է վարորդ Վրեժ Դավթյանը։
Ճանապահն ունենալու է 10 սմ հաստությամբ երկշերտ ասֆալտ։ Տեղամասի պատասխանատուն վստահեցնում է՝ մինչև տարեվերջ կկառուցվի Մ6-Սարահարթ-Սանահին հատվածի և Սանահինի վանական համալիրից դեպի Միլ կոչվող աղբյուր տանող ճանապարհի ասֆալտ-բետոնե ներքին՝ 6 սմ հաստությամբ շերտը։ Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ Սանահին-Ակներ ճանապարհի կառուցումը կսկսեն հաջորդ տարի։ Այնտեղ նույնպես վտանգավոր ժայռեր կան, որոնք պարտադիր հեռացվելու են։ Իսկ կառուցվող ճանապարհի երկրորդ՝ 4 սմ հաստությամբ ասֆալտե շերտը կփռեն մյուս տարի՝ ծրագրի վերջում։

«Առաջին 3 կիլոմետրի վրա իրականացվել է ժայռային հանույթ՝ մոտ 40 հազար խմ ծավալով։ Դրանից հետո իրականացվել է ասֆալտ-բետոնե պատվածքի վերաօգտագործում սառը վերամշակման եղանակով։ Դրանից հետո նախատեսված է իրականացնել երկշերտ ասֆալտ։ Առաջին շերտը արդեն արել ենք, հասել ենք երկրորդ կիլոմետրին։ Սարահարթում նախատեսված է իրականացնել օղակ, նախկին օղակի փոխարեն։ Սանահինում իրականացվում է նև ջրահեռացում, արդեն ավարտական փուլին է հասել», – «Անկյուն գումարած 3» ՀԸ հայտնեց AAB կազմակերպության տեղամասի պետ Արտակ Նաջարյանը։
Առաջիկա օրերին շինարաները կավարտեն Մ6-Սարահարթ հատվածի վերջին ժայռակտորի հանույթի աշխատանքները։
Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանն ասում է, որ պարբերաբար հետևում է շինարարության ընթացքին։ Ըստ պատգամավորի՝ արվել է ամեն բան, որպեսզի հիմնանորոգված ճանապարհն ունենա որակ և երկար ծառայի բնակիչներին։ Պատգամավորը կարծում է՝ հիմնանորգված ճանապարհը գյուղական բնակավայրերում կխթանի զբոսաշրջության զարգացումը։ Իսկ Ակներն, օրինակ, տուրիստական նոր ուղղություն կդառնա։

Արեն Մկրտչյանը
«Սա հնարավորություն է բնակիչների համար՝ մտածել արդեն հյուրատնային բիզնեսի մասին, մասնավորապես գյուղական բնակավայրերում։ Սարահարթի հետ կապված կարևորությունն այն է, որ Ալավերդու բնակչության մոտ 40%-ը բնակվում է Սարահարթ թաղամասում։ Սարահարթը թաղամաս է՝ կարգավիճակով, բայց փաստացի սա կարծես առանձին քաղաք է՝ իր թաղամասերով, հարակից գյուղերով։ Շատ կարևոր էր այս ճանապարհահատվածը ունենալ», – ասում է Արեն Մկրտչյանը։
Հիմնանորոգվող ճանապարհի նախագծանախահաշվային արժեքը երկու միլիարդ դրամ է։ Նախագծի արդյունքում Մ6-Սարահարթ-Սանահին-Ակներ ճանապարհն ամբողջությամբ կասֆալտապատվի։ Կկառուցվեն ջրահեռացման համակարգեր, կփոխվեն դիտահորերը, կամրացվեն հենապատերը։

Յուրաքանչյուր նախագծի ավարտ նորի սկիզբն է, ասում է պատգամավորն ու կիսվում նաև Աքորի գյուղից Կաճաճկուտ և Ծաղկաշատ գյուղ տանող ճանապարհների ճակատագրի մասին։
«Մեծ հավանականությամբ 2025 թվականին, այսինքն հիմա տարին ամփոփում ենք, 2024-ը կանցնի, որովհետև ամբողջ բյուջեն արդեն պլանավորված է, 2025 թվականին արդեն կմեկնարկենք Աքորի-Կաճաճկուտը։ եվ փորձում ենք ծղակաշատը նույնպես ընդգրկելու համար։ 211 բնակիչ է և տասը կիլոմետր ճանապարհ։ Սա էլ է տասը կիլոմետր, բայց 7-8 հազար բնակիչ կա, նաև ճանապարհին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության հուշարձան կա։ Բայց միևնույն ժամանակ Ծաղկաշատը դեմոգրաֆիական խնդիրներ ունի, գյուղն աստիճանաբար դատարկվում է, և խնդիր կա նույն ճանապարհահատվածը նաև էնտեղ ունենալ։ Սրանք ծրագրեր են, որ համայնքային բյուջեով անել հնարավոր չի», – ասում է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։