Հայաստանի վերջին գյուղը, որ եռակի ավելի մոտ է Թբիլիսիին, քան Երևանին, սահմանակից է Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերին: Բաժանարար Դեբեդի աջ ափին Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան գյուղի մրգառատ այգիներն են ապրուստի միակ միջոցը: Գյուղից բավականաչափ հեռու գտնվող այգիներ հասնելու՝ դեբեդավանցիների ամենահարմար միջոցը մոտոցիկլետներն ու հեծնվող չորքոտանիներն են: Ե՛վ ծախսն է քիչ, և՛ հարմար է, ասում են:

Միշա Հակոբյանը
Միշան դաշտում արդեն երրորդ խոտհունձն է արել ու անասնակերը բակ է տեղափոխում: Միայն այգուն հույս անել չի լինի, անասնապահությունն էլ այլընտրանք չունի, ասում է:
«Գեղումը ապրես, անասուն չպահես, էդ ճիշտ չի։ Գեղացին գնա, խանութից կաթ, մածուն առնի՞։ Ավելի լավ չի՞, որ ունենաս, ինքդ էլ մշակես», – ասում է Դեբեդավանի բնակիչ Միշա Հակոբյանը։
Գյուղատնտեսական տարին Դեբեդավանում այնքան էլ հաջող չեն համարում։ Պատճառը տևական խոնավությունն է:

«Մարտ ամսից սկսվել են անձրևները, մարտից մինչև հունիս ամբողջը անձրև ա էղել։ Կարգին փոշոտում չի էղել, բերքի շատ մասը էդ պատճառով ա փչացել։ Հիմի էլ մեկ-մեկ անձրև ա գալիս, էղածն էդ ձև ա փչացնում։ Կամ էլ էղածը կես գնով ենք վաճառում», – ասում է Դեբեդավանի մեկ այլ բնակիչ՝ Սամվելը։
Հայաստանի ամենացածր բնակավայրն է Դեբեդավանը, ծովի մակերևույթից բարձրությունն ընդամենը 375 մետր է: Այստեղ լավ աճում են զեյթուն, նուշ, նուռ, դեղձ ու խաղող, բայց անկախության տարիներից հետո չեն ոռոգվում գյուղի մոտ 400 հեկտար վարելահողերն ու տնամերձ այգիները: Ջուր չլինելու պատճառով գյուղացիները կրճատել են հատկապես խաղողի այգիները:

«Եթե ոռոգման ջուրն էլ էղնի, նորմալ գյուղ է, ապրում ենք էլի։ Մի նասոս ա, հողը՝ շատ։ ամսով պետք ա հերթ կանգնես, որ կարենաս ջրես։ Վեց տարեկան ծառ ա, պիտի էղնի երեք էդ չափ, բայց էդ չափի ա։ Պիտի ըստ պահանջի ջրես, որ ծառն էլ նորմալ մեծանա», – ասում է գյուղացին։
Դեբեդավանցի Դամիկը վստահ է՝ գյուղի ոռոգվող այգիների թիվը կավելանա, եթե համայնքի ղեկավարությունը ցանկություն և մի քիչ էլ ֆինանսներ ունենա:
«Բագրատաշենի կողմից էստեղ նասոսնի կար, ես էնտեղ եմ աշխատել։ Հիմի էնտեղի ջուրը թափվում ա Դեբեդը, մի հատ էքսկավատոր չեն տալի, որ մի տասը օր մաքրի, էդ ջուրը ըստի էլ գա։ Դա ինքնահոս ա էկել, ես էնտեղից տվել եմ սաղ ժողովրդին։ Հա՛մ ներքևն են ջրել, հա՛մ ֆերմա կար», – ասում է Դամիկ Դալլաքյանը։
Բնակչության մի մասը Նոյեմբերյան համայնքի այս բնակավայրում վերաբնակեցվել է 1988-ին՝ Ադրբեջանից գաղթած փախստականներով: Դամիկ Դալլաքյանն էլ եկածներից է։ Ռոմանտիկ այգեգործը այգուց-տուն փոշոտ ճանապարհը կրճատում է ասմունքով ու երաժշտական գեղեցիկ կատարումով:

Դամիկ Դալլաքյանը
Դամիկի հպարտությունը զավակները, թոռներն ու ծոռներն են, որ քաղաքում են ու իրեն կարոտելու առիթ են տալիս, բայց չի տխրում, ասում է։ Փոխարենը հանդիպումներն են առանձնակի ջերմ ու սպասված:
Երջանկությունը հողի ու աշխատանքի մեջ գտած Դեբեդի ափին բնակվող դեբեդավանցիները Դեբեդի ջուր են երազում, մի երթուղային ավտոբուս, մշակույթի տուն։ Մեկ էլ՝ ուշադրություն տեղական ու պետական իշխանությունների կողմից: