Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
Քարինջ, Մարց, Լորուտ, Ահնիձոր գյուղերի մուտքերը շուտով ասֆալտե ճանապարհ կունենան։ Մ6-Աթան 27 կիլոմետրը նորոգվում է, բայց, մինչեւ այդ, այս տարի պատրաստ կլինի այդ գյուղեր գնացող 8 կիլոմետր ճանապարհը։ Գործը սկսել են Քարինջից, նորոգվող հատվածում կառուցում են մայթեր, ջրահեռացման համակարգեր: Այս պահին շինարարները տեղադրում են մայթերի եզրաքարերը:

Արտաշես Աբելյանը
«Քարաթափումներն արել ենք։ Հիմա գալու են, նորն անեն, մենք պարտավորվել ենք հեռացնենք դա։ Հիմքի համար շեբեն ենք պատրաստում», – նշում է «Ճանապարհ» ՍՊԸ աշխղեկ Արտաշես Աբելյանը։
Քարինջեցիներն ուրախ են՝ վերջապես հարթ ճանապարհ կունենան։ Ճիշտ է՝ գյուղամիջյան ճանապարհները չեն ասֆալտապատվելու, բայց հույս ունեն, որ մի օր հերթը դրան էլ կհասնի։
«Հիմա ջրագծերի հետ կապված խնդիրներ կան, հիմա արվում է, որ վաղը, մյուս օրը ասֆալտապատումից հետո խնդիրներ չառաջանան, ջրերը չծակվեն», – նշում է Քարինջի բնակիչ Արամ Եղինյանը։
«Իրականացավ մեր ամբողջ ահռելի համայնքի, մոտավորապես 5-6 հազար մարդու վաղեմի երազանքը», – ասում է Քարինջի բնակիչ Տիգրան Մխիթարյանը։

Իսկ շինարարներն այստեղ գործն ավարտելուց հետո Մարց կգնան, որտեղ հիմնանորոգվող ճանապահի երկարությունն ընդամենը 800 մետր է։
Մարցում բնակիչները մի քիչ դժգոհ են։ Գոնե ասֆալտը մինչև դպրոց հասներ։ Նախագիծը փոխելու հույսով՝ բնակիչները ստորագրահավաք են սկսել։
Այստեղ Մ6-Աթան ճանապարհի հիմնանորոգման իրողությանն էլ դեռ չեն հավատում։

«Ասում են, որ հիմնանորոգվում է։ Բայց լինում ա՞», – հարցնում է Սիրվարդ Խաչատրյանը։
Իսկ Ճանապարհաշինությունը Մոտկորում երկու ամիս առաջ է սկսվել։ Ըստ նախնական տեղեկության՝ կհիմնանորգվեն Մ6-Աթան 27,5 կմ հատվածն ու գյուղերի մուտքի ճանապարհները։