Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղն է։ Ձորագետի ձախ ափին է գտնվում։ Այստեղ գյուղի պես մեղմ ու խաղաղ մարդիկ են ապրում՝ հյուրասեր, աշխատասեր։

Ագարակում մարդիկ հիմնականում դաշտավարությամբ են զբաղվում։ Մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Գյուղը շուրջ 280 հեկտար վարելահող, 200 հեկտար խոտհարքներ ու համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրեր ունի։ Այստեղ նաև անասնապահությունն է զարգացած, բայց ասում են՝ գյուղացուն սա քիչ օգուտ է բերում։ Կաթնամթերքի ու մսամթերքի գներն արտադրողին չեն գոհացնում։

Վահագն Մելիքջանյանը
«Ներկա պահին էլ մարդիկ գնում են խոտ հնձելու, իրանց կարիքները հոգալու։ Ինքը (ցույց է տալիս հարևանին) Ռուսաստանից էկել, բայց արդեն եղանի անուն ա տալիս», – ասում է Ագարակի բնակիչ Ժորա Չոբանյանը։«Սարերից մեծ չարչարանքով խոտը իջացնում ենք ցած, անասուն պահում, ու կաթի ինքնարժեքը մեր վրա նստում ա մոտավորապես 150 դրամ, բայց կաթը վաճառում ենք 140 դրամով։ Ես ուզում եմ՝ էս մաթեմատիկան բացատրեն մեզ, մենք չենք հասկանում։ Խի՞ ա կաթը էսքան էժան։ եթե նույն թթվասերը խանութում չի էժանացել, կաթն ինչի հաշվին էժանացավ։ Գյուղացու հոգսերը շատ ա, տանջանքը շատ ա, ծանր ապրելակերպ ա, բայց խիղճներս հանգիստ ա, որ գոնե մաքուր օդ ենք շնչում», – ասում է Ագարակի բնակիչ Վահագն Մելիքջանյանը։
Իսկ գյուղի երիտասարդների համար Ագարակը իսկական դրախտավայր է։
«Ինչքան լավ բան կա, էս գյուղում կա։ Կարաք գաք, հիմնական ապրեք։ Հանգստյան գոտիներ կան, բնությունը լավն է, ժողովուրդը լավն է», – ասում է Էրիկ Մելիքջանյանը։

Սարգիս Շահբազյանը
16-ամյա Սարգիս Շահբազյանը դիմանկարներ է անում, աշխատում ու նաև տան անդամներին է օգնում գյուղի գործերում։ Հարազատ ու սիրելի գյուղից միայն սովորելու նպատակով դուրս կգա։ Վստահ է՝ այստեղ է ապրելու, իր գյուղին ու համագյուղացիներին ծառայելու: Նա ատամնաբույժի մասնագիտություն է ընտրել։
«Մեր գյուղը շատ լավն է, սիրում եմ, որ էստեղ եմ ապրում, աշխատանքը հավեսով եմ անում։ Եթե հավեսով չանենք, օգուտ չենք ստանա», – ասում է Սարգիսը։
Գյուղի անունը հիշատակվում է դեռևս 13-րդ դարում։ Այն մտել է Գուգարք աշխարհի Տաշիրք գավառի մեջ։ Գյուղի շրջակայքում կան շատ հին բնակավայրերի ավերակներ, հուշակոթողներ։

Ժորա Չոբանյանը
«Լավ գյուղ ա, մեծ գյուղ ա, ժողովուրդը լավն ա։ Ժամանակին ստեղ ֆրանսիացիները հանքեր են ունեցել, մեր սարերում հետքերը դեռ մինչև հիմա կան։ Ընդեղից սայլերով հումք են տանելիս եղել», – ասում է Ժորա Չոբանյանը։
Գյուղը տվել է շատ նշանավոր ինժեներներ, մանկավարժներ, բժիշկներ, գիտական աշխատողներ, գյուղատնտեսներ և այլ ոլորտներում հաջողության հասած շատ մարդիկ։ Սա փաստում է գյուղի միջնակարգ դպրոցի տնօերնը՝ Հայկ Վարդումյանը։ Նրանք բոլորը դպրոցի սաներն են եղել։
«Իր պատմությամբ գյուղը Ջիլավյանների, Չատինյանների ներդրումով ստեղծված գյուղ ա։ Հարյուրամյակների պատմություն ունի։ Այստեղ բոլորն իրար նկատմամբ հարգալից են, միմյանց լավով ուրախացող, դժվարությունների դեպքում միացյալ ուժերով կանխող։ Մենք ծանր կորուստներ ենք կրել 44-օրյա պատերազմի արդյունքում, բայց կարողացել ենք ուժ գտնել, ոչ մի անգամ չընկճվել, լավատեսորեն տրամադրվել ենք վաղվա խաղաղ, հեռանկարային օրվան», – ասում է Ագարակի միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն Հայկ Վարդումյանը։

Հայկ Վարդումյանը
Ի դեպ, Ագարակում արդեն քայլեր են արվում տուրիզմ զարգացնելու ուղղությամբ։
«Մարդիկ գնահատում են մեր այն արտադրվածը, որը գյուղատնտեսության և անասնապահության արդյունքում է։ Միաժամանակ բնության գեղեցկությունը՝ հոյակապ, գրավիչ, տրամադրող բնություն ունենք մենք, որը մարդու առողջության համար շատ կարևոր է», – նշում է Հայկ Վարդումյանը։
Փոքր հյուրանոցներ, հյուրատներ արդեն կան գյուղում։ Ագարակցնիներն այս առումով լավ հեռանկար են տեսնում գյուղի համար և հույսով լցվում, որ գյուղը զարգանալու է։