Նրա թորած օղին երբեք 60-ից պակաս թնդությունչի ունենում: Կոթիի ամենաաշխատասեր տատն է։ Չնայած տարիքին՝ չափազանց արագաշարժ ու ճարպիկ։ Ասում է՝ ֆիզիկական աշխատանքից հեչ չի նեղվում, բայց ծանր կյանք է ունեցել, ցավալի կորուստներ: Ներկայիս ապրելակերպից է մի քիչ նեղսրտում ու մեկ էլ աշխարհի անկայուն վիճակից։

Լաուրա Ոսկանյանը

«ժամանակին ակտիվ եմ եղել, բայց բախտս լավը չելավ։ Ուլփաթիցս իրեք  կորուստ եմ տվել։ Ակտիվ աշխատող եմ էլել, Հրանտ Վարդանյանը ինձ ոսկի մեդալ ա տվել։ Ստեղծել ենք, ապրել ենք, ո՛չ սովել ենք, ո՛չ նիսյա ենք արել ո՛չ էլ վարկ ենք վերկալել։ Մեր հիվանդի, մեր հոգսերի հետ ապրելք ենք։ Հըմի որ աշխարհը խաղաղ ըլի, դրանով բավարարվենք։ Ընդով կոմունիզմն էր, ամեն ինչը լիքը, ամեն ինչից օգտվեինք։ Հըմի թանգութին ա։ Օրական մեզ հազար դրամ, հլա ավել, պետքն ա, որ համ պապիրոզ առնենք, համ էլ հաց», – ասում է Կոթիի բնակիչ Լաուրա Ոսկանյանը։  

Տատն իր օրինակն է բերում՝ 80-անց է, բայց դատարկ տարա մառանում չես գտնի։ Սրա հետ մեկտեղ ամենայն մանրամասնությամբ,  նկարչի հմտությամբ հետևում է տան խնամքին ու մառանում եղածի՝ մի գծով դասավորվածությանը:

Լաուրա տատը, որ ժամանակին՝ ծխախոտի մշակությունում աշխատելու տարիներին, ոսկե մեդալ է ստացել, կարծում է՝ հիմա ժողովուրդը լոդրացել է։ Ասում է՝ երևի հիասթափվել են, աշխատանք չեն սիրում։ Ասում է, ու մի առանձնահատուկ հպարտությամբ ցույց տալիս մինչ օրս խնամքով պահած իր նկարը, որը հայտնվել էր թերթի շապիկին, որպես մեդալակիր աշխատողի։

«Ոսկի մեդալ էր տվել Հրանտ Վարդանյանը։ Փեշով փոս ստանեի, պարգևատրում ստանեի։ Հիմի էլ էլի ապրում ենք, ստեղծում ենք, ասում չենք, որ ունինք ոչ», – ասում է Լուրա տատը։

Սամվել պապն է՝ տատի ամուսինը, որ ականջի ծայրով հետևում է կնոջ խոսք ու զրույցին: Միասին կյանք են կիսել ուղիղ 65 տարի։ Բայց իրար հոգու հետ շատ են խաղացել։ Հիմա էլ խաղում է Լաուրա տատի հոգու հետ։ «Լաչառ է, լաչառ իր կինը», ինքն էլ ուզած-չուզած հարմարվել է։ Սիրել է, խոստովանում է պապը, ինչ կարող է անել, մինչ օրս էլ շատ է սիրում կնոջը՝ սիրելի Լաուրային։ Ժամանակին էլ հանուն այդ  սիրո տատին փախցրել է։

Սամվել Ոսկանյանը

«Հետիս օքմինը նենց օքմի էր, գիլի նման, ոնց որ գելը ոչխարին բռնի, տանի։ էնա տարանք։ Հերն ու մերը ռազի չէին։ Բանակից, որ էկա, սրա հերը ասավ՝ հարևանիս աղջկան ուզի։ Ասի՝ էս մարդը գիժ ա՞, խի ա նրա տեղը շանց տալի, ոչ թե իրա աղջկա։ Վերջը ասի՝ կա, չկա, սա ա։ Վեր կալա, տարա, էն տանիլն էր, որ տարա», – հիշում է Սամվել Ոսկանյանը։  

Տատը կատակի թելը վերցնում ու շարունակում է, որ  մինչ օրս անհաշտ է պապի՝ իրեն գողանալու որոշման հետ, դրա համար էլ հոգու հետ շատ է խաղում, թե բա՝ ես իրեն չէի սիրում, ուրիշին էի սիրում,  որ փախցրեց, ուզած-չուզած հարմարվեցի, բայց դրա փոխարեն պապին օր ու արև չտվեցի։ Ու ետ է կծկում կատակի թելը, ալևորին օր ու  արև չտվեցի, բայց ես էլ չշահեցի, ատամներս սեղմած էնքան ապրեցի, որ բերանս ատամ չմնաց։

«Ես էս թաղումը համ աղջիկ եմ եղել, համ հարս։ էս մարդը ինձ փախցրել ա, ես իրան ուզեի ոչ։ Ես էլ որ հմիկվա խելքիս ըլեի, ետ կգայի։ Ատամներս հուփ տալով՝ մնացի, չորս երեխա ունեցանք։ էս 30 տարի ա՝ բերնումս ատամ չկա։ Իմ ներվերի հաշվին ապրեցի, սիրեցի ոչ, բայց հարմարվեցի։ Ասի դե՝ իշին վեր ըլելը մի այիբ ա, իջնիլը՝ էրկու։ Ես անսեր եմ ապրել, իմ կամքին հակառակ եմ ապրել։ Բայց կռիվ ստեղծողն ինքն ա։ Ասում ա՝ ում էիր ուզելու։ Տանը կմնեի։ Ղոչաղ աղջիկ էի, էնքան ուզող էր ըլելու», – պատմում է Լաուրա տատը։

Մի կարգին հարսանիք չարին, մի մատանին ինչ էր՝ դա էլ չտվեցին: Հետո աշխատեց, սկսեց վաստակել կոլտնտեսությունում, բայց արի ու տես՝ եթե  ծով գնալու, կյանքում գոնե մեկ անգամ թաց լինելու մասին մտածեր, իսկույն Կոթիի լճի տեղն էին ցույց տալիս, տխրությամբ ասում է տատը։

«Հարսանիք արին որն ա, էնա հլենըհե։ Մի մատնուք էլ չտվին։ Ոչ մի բան։ Իմ աշխատանքն ա սաղ։ Անիմաստ ապրել ենք էլի», – նեղսրտում է Լաուրա տատը։

Պապը խելոք է, տատը՝ լաչառ։ Այսպես են իրենք իրենց նկարագրում, ու մի տեսակ խորը հոգոցով պապը հավելում  է՝ իր կինը կայծակ է, զգուշանալ է պետք։

Կոթիում մարդիկ հեշտ բնավորություն չունեն։ Մեծահասակ ամուսիներն էլ ասվածի թերևս լավագույն օրինակն են՝ խստապահանջ են, ամեն ինչի համար խոսող, ամեն բանի անհամաձայն, թարսվող ու անսասան իրենց անսասան սարերի պես: Սիրով, թե ադաթներին հավատարիմ կապվածությամբ, ապրում են մարդիկ ընտանեկան առանձնահատուկ քաղցրությամբ, ու մաթևոսյանական աղունի նման նրանց ամեն օրը պայքար է եղել, պայքար՝ հանուն օջախ ստեղծելու, հանուն էս կանաչ- կարմիր աշխարհի տակ իրենց բույնը հյուսելու, ու թե սեր էլ եղել՝ չարտահայտված, հարգանք՝ ընդգծված, ամոթ ու աբուռ՝ ընգծված։ Առանձնահատուկ քաղցրություն կա ու բարություն Սամվել պապի ու Լաուրա տատի հյուսած օջախում, որ չես փոխի ոչ մի բանով։ Պարզ ու մաքուր, ու թե վիճում էլ են, ապա համեմված կատակով։ Ու էսպես անցնում են օրերը՝ հետաքրքիր զրույցներ, կատակ, շատ արագ սկսվող ու շատ արագ էլ ավարտվող վեճեր, առանց որի անհնար է։ Ասում են՝ առանց միմյանց նույնպես անհնար է։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.