Օրեր առաջ պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թվականի երրորդ եռամսյակում մեր երկրի ամենախոշոր հարկատուների ցանկը և նրանց զբաղեցրած տեղերը վճարված հարկերի քանակով։
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն այդ ցանկում զբաղեցնում է 294-րդ տեղը՝ հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե վճարելով 624․728․954,0 դրամ հարկեր։
Հարկ է նշել, որ 2021 թվականի համեմատ վճարված հարկերը գրեթե կրկնապատկվել են։
Մի կողմից, իհարկե, ակնառու են կենտրոնի երիտասարդ տնօրեն Վահագն Մկրտչյանի ջանքերը բժշկական կենտրոնը ժամանակակից ծառայություններով համալրելու, բժիշկների վերապատրաստման և տեխնիկական հագեցվածության բարձրացման ուղղությամբ։ Փաստը, սակայն, մտահոգիչ է այն առումով, որ մեր երկրում տնտեսական վիճակն այնքան աղետալի է, որ հարկ վճարողների առաջին հազարյակում 294-րդ տեղը զբաղեցնում է մարզային հիվանդանոցը։
Եվ որքան էլ բարձր լինի ծառայությունների որակը, այնուամենայնիվ, հիվանդանոցը մարզային է և ամենակարևորը՝ ֆինանսավորման հիմնական աղբյուրը պետական բյուջեն է, որքան էլ կենտրոնում կարողացել են ստվերից հանել բժշկական ծառայությունների համար գանձվող գումարները։
Ստացվում է, որ 294 հարկ վճարողներն ավելացված արժեք ստեղծողներ չեն, և պետությունն էլ իր մի գրպանից փողը դնում է, իսկ մյուս գրպանը՝ այդ փողը ստացողը, դառնում է 294-րդ խոշոր հարկ վճարող։