Հեղինակ՝ Մանանա Վարոսյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
«Փորձը ցույց ա տվել, որ մի տարի եթե ինքն անհաջող ա լինում, հաջորդ տարի շատ լավ բերք ենք ստանում», – ասում է Տավուշի մարզի Սարիգյուղի բնակիչ Վաչե Հարությունյանը։
Անցած տարի բերքը հաջող չէր, իսկ այս տարի գործը հաջողելու է, բերքն առատ է լինելու, շուկայում՝ մրցունակ։ Դե իսկ համն էլ ուղղակի փորձել է պետք։
Տավուշի Սարիգյուղում մի բուռ հողակտորն անգամ մշակված է ամենայն հոգածությամբ: Արքայանարնջի այգում նաև դեղձ, նուշ, տանձ ու պնդուկ է մշակում, շարքերի հողը պարապ չի թողնում՝ ոլոռ է ցանում։ Տարվա մեջ ինը ամիս ընտանիքով՝ մեծից փոքր, այգիներում են։ Առավոտից երեկո անելիք ունեն․ ամեն ծառ ու թուփ առանձին մոտեցում ու խնամք է պահանջում։ Սրա հետ մեկտեղ, տարբեր փորձարկումներ են անում, նոր ծառատեսակ տնկում, նոր պտուղներ ստանում ու հիանում արդյունքով։

Արքայանարնջի գրեթե 300 ծառ՝ երեք տեսակի: Տասը տարի առաջ Վաչեն որոշեց իր տան հարևանությամբ հող գնել ու այգիների մշակությամբ զբաղվել։ Ասում է՝ ոռոգման ջրի բացակայության պատճառով դեռևս չի կարող դաշտային մշակության անցնել, բայց Սարիգյուղի դաշտերում նաև հեկտարներով տանձի այգի ունի՝ անջրդի։ Ու չնայած երիտասարդ տարիքին՝ մեծ գործեր է բռնում, երբեմն նաև անհաջողություններ ունենում, բայց չի կոտրվում ու հենց դա էլ համարում իր առավելությունը։
«Մեծ աղջիկս հենց ծնվեց, որոշեցի իրա ստացած գումարով նենց բան անեմ, որ միշտ հիշվի, ու աղջիկս դրանով հպարտանա», – պատմում է Վաչեն։

Երկար տարիներ տարբեր գյուղերից միրգ-բանջարեղեն գնելով ու վերավաճառելով շուկայում՝ մտածեց. ինչու չունենալ սեփական արտադրությունը։ Ու էդպես պատահական մտքերն այսօր արդեն իրականություն են։
«Պետք ա ծառին սիրես։ Եթե ծառին չսիրես, ինքը չի կարա մեծանա։ Էրեխու նման պետք ա պահես, զգաս ինքն ինչի կարիք ունի, տաս։ Բերք արդեն ստացել եմ, ճիշտ ա՝ շատ քիչ, բայց որակով բերք եմ ստացել, ուղղակի ծառերը, որ փոքր են, քիչ եմ ստացել։ Հիմի մոտավոր 8-9 տոննա բերք եմ նախատեսում», – ասում է երիտասարդ այգեգործը։
Սահմանամերձ գյուղերում երիտասարդները հիմնականոււմ արտագնա աշխատանքի ուղին են բռնում։ Նախ որովհետև անելիք չունեն գյուղում և երկրորդ՝ որովհետև դրսի կյանքն ավելի քաղցր է թվում: Վաչե Հարությունյանը ժամանակին նույնպես այդ ճանապարհով է գնացել, մի ոտքը Ռուսաստանում է եղել, բայց Տավուշի հողն ու ջուրը, ի վերջո, ավելի զորեղ են գտնվել։ Ասում է՝ դրսում ապրելով ու վերադառնալով՝ ավելի շատ ես կպչում հողին, ուզում ես աշխատել, շենացնել ու դրանով իսկ ամրացնել սեփական երկրիդ սահմանները:

Վաչե Հարությունյանը
«Ռուսաստան շատ եմ գնացել։ չեմ հարմարվել, որովհետև իմ հողը, իմ ջուրն ինձ հետ ա կանչել, ես եկել եմ ստեղ ու որոշել եմ, որ էլ կյանքում պետք ա չթողեմ ստեղ, որովհետև, երբ առավոտը զարթնում ես ու քո բնությունը չկա, դա արդեն հերիք ա, որ դու ուրիշ տեղ չգնաս։ Էս կյանքում էն եմ հասկացել, որ ոչ մի բան դժվար չի, ցանկություն ա պետք։ մեզ մոտ այգիներ ունենք, որ մարդիկ անգամ իրանց ավտոյով ջուր են տանում, դույլերով ջրում, էնքան ա, որ ծառին կյանք տան», – ասում է Վաչեն։
Հարությունյանների ընտանիքն անկոտրում կամքի շնորհիվ կշարունակի զարգացնել սահմանամերձ բիզնեսը, որովհետև Տավուշի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են և աշխատանքը՝ կյանք։ Իսկ հողի հետ աշխատանքը մեր օրերում ուղղակի փրկություն, հավելում է Վաչեն։