Հեղինակ՝ Վոլոդյա Հովսեփյան
Օպերատոր՝ Դավիթ Թամազյան
Միհրիկի Կոլոյին եթե չեք ճանաչում, ծանոթանալու ճիշտ ժամանակն է: Ինքն է՝ Կոլյա Գոգչյանը՝ Մարգահովիտի անող-դնողներից:
«Մեր տոհմը էկել են Տարոնից, ուրիշ տեղան հետ մենք բան չունենք։ Մենք ոչ Ռոստոմի թոռն ենք, ոչ դսեղեցի ենք, ոչ էլ․․․ պապայի արև, ես իրական ճիշտն եմ ասում։ Ես Գոգչյան Կոլյան եմ, իմ հոր անունը Միհրիկ ա։ Որ ասես Կոլյա, կարող ա մարդ չճանաչի, բայց որ ասես՝ Միհրիկի Կոլոն, բոլորն էլ ճանաչում են։ Ես բոլորի ցավն էլ տանեմ», – անկեղծանում է Մարգահովիտի բնակիչ Կոլյա Գոգչյանը։
Ինքն իր մասին կարճ է կապում. աշխատող մարդ եմ եղել: Հիմա էլ, 80-ին մոտիկ, բեզարել չունի. գոմից դուրս է գալիս, բահը վերցնում, եղանը. մի խոսքով՝ շունչ քաշելու ժամանակ չունի:

Կոլյա Գոգչյանը
«Կռազ էլ եմ քշել, Սիբիր էլ եմ գնացել, աշխատել, Կամազ էլ եմ քշել, Զիլ էլ եմ քշել, մեր Կիրովականի կենցաղումն էլ եմ աշխատել։ Ես աշխատող մարդ եմ, անունակ մարդ չեմ էղել, սուտի բաներ չեմ ասում», – պատմում է գյուղացին։
Գյուղից դուրս չի գալիս, օտար ափերում գործ չի անում. իրենն իրենց Մարգահովիտն է. ի՞նչ պակաս հող է, ինչու ուրիշի հողը փխրեցնի:

«Խորը Սիբիրում էլ եմ աշխատել իմ տղի հետ, բայց դե առողջությունս էլ մի քիչ ներում չի, սրտի պրոբլեմ ունեմ։ Հինգ գլուխ անասուն ունեմ։ Դե կաթ ա, մածուն ամ մեր տանիցն ա ըլնում։ Որ ասենք օգուտ ենք անում սրանցի, ըսկի էն 50-60 գլուխ պահողնին չեն օգուտ անում, ցավդ տանեմ, ես իրեք գլխից ինչ օգուտ», – ասում է Կոլյա Գոգչյանը։
Կապույտ ավտոբուսն է տարիներ շարունակ տուն պահել, դարն ապրել, բայց հիմա էլ ճագարաբուն է դարձել: Թոռներն են զբաղվում:
«Էս ավտոբուսը շահագործվել ա, ինչքան որ իրա ուժը պատել ա։ Հիմա էլ ի վիճակի չի, ռասկուլաչիտ ենք արել, թոռներս միջին նապաստակներ են պահում։ Էս նապաստակներն են, բներն էլ լիքը իրանց ճուտերն են», – ասում է Մարգահովիտի բնակիչ Կոլյա Գոգչյանը։
Հիմա ապրուստը նոր ծնած ու մոզամեր կովերն են, փառք Աստծո, կաթ տվող: Խաղաղ լինի, կչարչարվենք, կապրենք: