Թաղավարդի իրենց բակում էլ, այստեղ՝ Վահագնիում էլ արցախցի Անիի ու Անիտայի ամենասիրելի խաղը ոտաբոբիկ վազքն է: Մեր մաուգլիներն են, գորովանքով ասում է երիտասարդ մայրիկն ու հերթական անգամ հրահանգում բոբիկ չվազել: Իսկ երեխաներին Վահագնիում արդեն բոլորն են սիրում՝ համարյա կարմիր մազերով չարաճճի փոքրիներին նմանեցնելով խորհրդային հայտնի մուլտհերոս Անտոշկային:

Արցախցի 6 հոգանոց ընտանիքը Վահագնի գյուղի նոր թաղամասում երկհարկանի առանձնատուն է վարձակալել 70.000 դրամով։ Առայժմ սննդի, կոմունալ-կենցաղային բոլոր խնդիրները հաղթահարում են պետության օգնությամբ, հետո՝ չգիտեն: Բարերարների միջոցով ստացել են լվացքի մեքենա, սառնարան, առայժմ ոչնչի պակաս չունեն:
«Ոչ մի բանի կարիք չունենք։ Նպաստն ա մենակ, որ չեն տալիս։ Ասել են՝ կլինի», – ասում է Արցախից բռնի տեղահանված Անգելինա Քոչարյանը։
Դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ էին ծանոթ գյուղին ու գյուղացիներին։ Այս անգամ էլ այլ տեղ գնալու ցանկություն չի եղել: Արցախից դուրս են եկել պատերազմի հաջորդ օրը։ 36-ամյա Անգելինան միայն գյուղում է պատկերացնում իրենց կյանքը․ չարաճճի կամրմամազիկներին չորս պատի մեջ պահել չի լինի, ասում է: Տունը մեծ է, բակն՝ ընդհարձակ, հող կմշակեն, կապրեն: Գոմն առայժմ դատարկ է, խոստացել են այդ հարցում ևս օգնել։

Անգելինա Քոչարյանը
«20 թվականից հետո անընդհատ կրակոցներ կային թե՛ գյուղի վրա, թե՛ նենց։ Ուժե սովորալ անք։ Իրենք իրենց համար կրակեին․․․ արդեն որ հասան տանիքների վրա, մենք էդ ձենից վախեցանք։ 20 թվականին նենց չէինք վախեցել, ինչքան որ հիմա», – ասում է Անգելինան։
Վահագնիում ընտանիքին լավ են ընդունել, լույս, ջուր ունեն, շուտով նաև գազ կունենան։ Մի խոսքով՝ հարմարությունները կան, գյուղն էլ հավանել են: Ամուսինն առայժմ աշխատանքի փնտրտուքի մեջ է, վստահ է՝ կգտնի:

Երեխաներից ավագը՝ 8-ամյա Ալինան, իրենց ընտանիքի կազմին է ծանոթացնում ու Թաղավարդի իրենց կարմիր կտուրով տունը կարոտում։ Քչախոս է: Չարաճճի փոքրերին է հսկում, մայրիկին օգնում: Մայրն՝ Անգելինան, դժգոհողներից չէ, ոչինչ չի պահանջում, լավատես է, վստահ, որ ամեն ինչ լավ է լինելու: