Հեղինակ՝ Մանանա Վարոսյան

Օպերատոր՝ Դավիթ Թամազյան

Աչաջուրի և աչաջուրցու հպարտությունն ու հովանին՝ Մակարավանքը, հազարավոր զբոսաշրջիկներ է հյուրընկալում, հիացնում իր գեղեցկությամբ, վեհությամբ և խորհրդավորությամբ:

Ազատ Ազիրբեկյանը

«Մեր գյուղը, ամենակարևոր հարցը՝ հարգանքով, հյուրասեր, ուտող-խմող, էդ էլ չմոռանամ ասել, ամեն տեղից էլ գալիս են։ Մակարավանք ունենք, որ աշխարհը չունի։ Թե ինչքան մարդ ա գալիս ստեղ, թող էն վարպետնին ասեն։ Մեր գյուղի մասին սաղ աշխարհն ա գիդում», – ասում է Աչաջուրի բնակիչ Ազատ Ազիրբեկյանը։

«Թասիբով են։ Մենք չենք հեռանում գյուղից, զարգացնում ենք», – ասում է Աչաջուրի բնակիչ Ռաֆիկ Խոջոյանը։

Տավուշի մարզի Աչաջուր գյուղը Իջևանի տարածաշրջանի ամենամեծ գյուղն է և՛ տարածքով, և՛ բնակչությամբ: Հին բնակավայր, որը հարուստ է պատմամշակութային հրաշք կոթողներով ու, որ կարևոր է, մարդիկ գիտեն դրանց արժեքն ու պահպանում են: Աչաջուրցիները նաև մշակութասեր և աշխատասեր են:

«Բնակիչները շատ հիանալի մարդիկ են և աշխատանք են ճարում՝ ապրելու համար։ Եթե գործ չկա՝ կճարեն, կքանդեն, կվարեն, մի բան կստեղծեն։ Առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, իրանց ըմբռնման բարձր մակարդակով։ Եվ այն, որ մեզ հովանի է Մակարավանքը», – ասում է Աչաջուրի բնակիչ, պատմաբան Ռիմա Սահրադյանը։

Ռիմա Սահրադյանը

Ժամանակին գյուղն արտադրություններ է ունեցել։ Ու թեև անկախության տարիներից ապրուստի հիմնական միջոցը հողագործությունն ու անասնապահությունն է, բայց դժգոհ չեն, ասում են։ Միայն թե ջուր լինի: Ոռոգման ջրի պակասի պատճառով գյուղի 1000 հա վարելահողերի միայն 10 տոկոսն է մշակվում:

«Անունը Աչաջուր ա, բայց դե ջրից շատ պակաս ենք։ Գյուղապետն էլ ջահել տղա ա, մեր ընկերն ա, նա էլ ա ասում՝ տղերք ջան, էկեք, հավաքվենք, մի տեղից ջուր բերենք», – ասում է Ազատ Ազիրբեկյանը։

Ջուր չկա, փոխարենը կա խաղող, քաղցր դեղձ, ցորեն, գարի։ Մի խոսքով՝ այստեղ ամեն բան է լավ աճում։ Իսկ միգուցե լավ աճեցնո՞ւմ են։

«Լավ կարտոշկի այգի ունեմ, քյալամ ունեմ, ծիծակ, բիբար ունեմ, էս շենքն էլ իմն ա, վարկ եմ վեր կալել,  սարքում եմ իմ րեխանց համար, որ մի բանի տիրանան, ըստիան չհեռանան։ Ջահել տղերք են, ուզում են գնան Ռուսաստան, ինձ բրախեն, որդի գնան», – ասում է Ազատ Ազիրբեկյանը։

Մշակույթով «ծարավ» գյուղում ահել ու ջահել մի բանի մասին են երազում՝ ինչու՞ հարուստ ավանդույթներ ունեցող գյուղում այսօր մշակութային կյանքը  մեռած է:

«Մի հատ մշակույթի տուն լիներ, միջոցառումներ», – ասում է Աչաջուրի բնակիչ Նվեր Մելիքջանյանը։

«Ստեղծել մշակույթի կենտրոններ, սպորտային կենտրոններ, ներկայացումներ տալ, կինոներ ցուցադրել։ Սովետական կարգերի ժամանակ մենք այդ բոլորն ունեինք։ Եվրոպական, ամերիկյան, հոլիվուդյան, ամեն բան էլ նայում էինք։ Մենք սոսկ «հնդկական» չենք՝ մշակույթ», – նշում է Ռիմա Սահրադյանը։

Գյուղի կենտրոնի՝ 19-րդ դարի վերջին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին էլ «կարոտ» է պատարագների, հարսանիք-կնունքների: Սրբավայրը որպես հոգևոր կենտրոն իր նպատակին չի ծառայում: Ավելին` կանգնած է փլուզման վտանգի առաջ։ Բնակիչներն ասում են՝ ամեն անգամ գալիս, նկարում, խոստումներ են տալիս ու այդպես էլ՝ անարձագանք:

«Հատկապես մեր վարչապետի ծրագրում կա, որ հնությունների պաշտպանությունը վերականգնել։ Էդ ծրագրում, կարող եք եթերով տաք և գնաք, ստուգեք ձեր կարծիքը։ 1860 թվի է, նրա սյուները, քանդակագործությունը մի մեծ հրաշք ա։ Դա վարի ա գնում, վերևն արդեն ծառեր են դուրս էկել», – ասում է Ռաֆիկ Խոջոյանը։

Ռաֆիկ Խոջոյանը

Աչաջուրցին սիրում է իր հողն ու ջուրը։ Դրանով է պայմանավորված բնակչության մեծ թվաքանակը՝ շուրջ 4000 բնակիչ: Բայց ինչպես սահմանին մոտ բոլոր գյուղերում, Աչաջուրում էլ մտահոգված են գյուղերի ճակատագրով:

«Ես անկլավներ բառը չեմ էլ ընդունում։ Թող մի հատ նայեն, թեկուզ առաջին ադրբեջանցին, որ ընդեղ թաղվել ա, որ թվին ա թաղվել։ Շատ հետաքրքիր ա», – ասում է Աչաջուրի բնակիչ Վրեժ Հարությունյանը։

Վրեժ Հարությունյանը

Ու թեև հասկանալի են գյուղացիների՝ սահմանային հարցերի շուրջ տագնապային տրամադրությունները, սակայն անհասկանալի է լրատվության նկատմամբ եղած դիրքորոշումը:

«Շատ լավ ա ապրում, առանց ձեզ՝ ավելի լավ։ Դուք մեր գործին օգուտ տվող չեք, խանգարող եք մենակ», – ասաց Աչաջուրի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.