Բազմագույն ծաղկանոցում Սոնիկ տատի նախընտրելիները ճերմակներն են, որ մի տեսակ  մաքրություն ու պարզություն են փոխանցում ու տխուր ժամանակներում լցնում գեղեցիկը սիրող տատի հոգին: Ճիշտ է՝ Լալվարի փեշերին թաքնված Կաճաճկուտում գեղեցիկ տեսարանների պակաս չկա, բայց փոխարենը հարսնացուների պակաս է նկատվում:

«Շատ տղեք կան, աղջիկ չկա։ Քառասուն տղա կա ամուսնանալու, բայց ամուսնանում չեն։ Մեր ժամանակ, եթե 22 տարեկանն անց կեներ, ասեին՝ էլ ուզելու չի, իսկ հմի չեն ամուսնանում։ Չգիտեմ՝ ինչն ա պատճառը։ Հոգսի տակ չեն ընկնում, բայց դե պետութինը սաղ ըլի՝ միլիոնով փող ա տալի», – ասում է Կաճաճկուտի բնակիչ Շահեն պապը։

Առաջներում ամուսնանալն էլ մի բարդ բան չէր, երկար-բարակ մտածելու ո՛չ ժամանակ կար, ո՛չ էլ՝ սովորություն։ Լավագույն դեպքում հավանում էին ջահելները, վատագույն սցենարում իրար տեսած էլ չկային: Սոնիկի ու Շահենի միությունը միակողմանի սիրուց է ծնվել, ու ապրում են միասին  արդեն գրեթե կես դար:

«Ինքը էրկու տարի իրա աչքի տակը կալած ինձ հետևեր։ Աքորի էլ եմ դասի գնացել, գյուղումն էլ։ Ինքը հետզհետե հետապնդելով՝ իրա մամային բերել ա ու ասել ա՝ ես դրան եմ ուզում։ Հեշտ չէի համաձայնվում, բայց նենց չէր, որ ես կանգնեի ու հիմիկվա նման ասեի՝ չեմ ուզում։ Ասել եմ՝ մեր ծնողնին մեզանից ավելի գրագետ մարդիկ են։ Հետո իմ պապան շատ ընտիր մարդ էր, մամաս էլ։ Ասի՝ իմ ախպերը, պապաս, մամաս իմ չափ խելք չունե՞ն։ Բայց եթե հիմի էր էլել, կարող ա և չլներ», – պատմում է Սոնիկ տատը։

Շահենի հետ համաձայն չէ տատը, թե գյուղում ջահել աղջիկներ չկան: Իհարկե՛ կան, բայց գյուղում ամուսնանալ չեն ուզում: Քաղաքում սովորելուց հետո աշխատանք, հետո էլ փեսացուներ են գտնում, գյուղի ցեխում կորած փողոցները նրանց սրտով չեն, ասում է: Դրա համար էլ գյուղում երեխա չի ծնվում, հատուկենտ ջահել ընտանիքներն էլ մեկ-երկու երեխայով են բավարարվում:

«Էս թվերին 2 կամ 3 էրեխա։ Բայց էն թվերին, ցավդ տանեմ, 4 հատ, 6 հատ։ Ամենաքիչը 3 հատ։ Հիմի իրանց թիվն ա, բալա ջան, մեր թիվը չի։ Դրա համար մենք պետք ա լռենք», – ասում է տիկին Սոնիկը։

Իրենց զավակներն էլ շատ երեխաներ ունենալ չեն ուզում․ ապրելը դժվար է, առավել դժվար՝ գյուղում, որտեղ մի նախակրթարան ու մի դպրոց կա, ուրիշ ոչինչ: Որտեղ տարիներով կինո կամ ներկայացում չեն նայում, պարի կամ նկարչության խմբակներ չեն գործում, իսկ երեխաների զբաղմունքը սահմանափակվում է տնով ու բակով: Բայց եղածը սա է, ինքը ջահել ժամանակներին այս պայմաններին էլ, անփոփոխ պակասությանն էլ և ամենադժվարը՝  կողակցի բարդ բնավորությանն էլ հարմարվել է:

«Դե կինը պետք ա հարմարվի։ Թեկուզ ինքը չար ըլի, բայց ես պետք ա հարմարվեմ։ Կարող ա՝ ուրիշի մոտ էլ մի ուրիշ ձևի ա, բայց ես տենց եմ հասկացել, մեր ծնողնին տենց են դաստիարակել, որ չի կարելի էլի բարձր խոսալ։ Իմ նպատակն էն ա, որ քանի սաղ եմ, իմ էրեխեքը բարելավված ապրեն, ես ծուռ բան չտենամ։ Ու երազում եմ, ասում եմ՝ թող աշխարհը խաղաղ լինի։ Ամեն առավոտ, ճաշին, իրիկունը ասում եմ՝ Աստված ջան, թող խաղաղվի աշխարհը։ Բոլոր էրեխեքը առողջ ըլեն, հաջողություն ունենան», – ասում է Սոնիկ տատը։  

Քչախոս Շահենը 12 տարեկանից է աշխատել։ Կոլխոզ-սովխոզում չարչարված գյուղացին իր տնտեսությունում էլ պարապ օրեր չի ունենում: Ապրուստ ստեղծում են ընտանիքով, վայելում էլի ընտանիքով:

«Սովխոզն ավելի լավն էր, քան թե կոլխոզը։ Մի աշխօր էին տալիս՝ 40 կոպեկ, մի պապիրոզի հախ էին տալի։ Հմի ավելի լավ աշխարհ ա, քան ընդով։ Եթե հմի առաջվա պես աշխատեն, ավելի լավ կապրեն։ Ընդով պետության հմար աշխատեի, հմի ինձ հմար եմ աշխատում։ Ես հովիվ էի, չնչին աշխատավարձ էին տալիս», – ասում է Շահենը։

Կաճաճկուտում ապրում են միայն աշխատող, աշխատանքի արժենքն իմացող ու դժվարություններին դիմացող մարդիկ, ասում է Շահենը։ Անծայրածիր ալպիական մարգագետիններ ունեն, սառնորակ ջրեր, այն, ինչ պետք է անասնապահության համար։ Մարդիկ էլ աշխատանքից փախչող չեն, ասում է: Այնպես որ, անգամ սողանքներից հետո գյուղի տեղափոխման ծրագրից գրեթե ողջ գյուղը հրաժարվել է, ամուսինները՝ նույնպես։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.