Հեղինակ՝ Մանանա Վարոսյան
Օպերատոր՝ Դավիթ Թամազյան
Կուրթանի դաշտերում աշխատաքային եռուզեռ է։ Տարածաշրջանում կարտոֆիլի ցանքսը վաղուց ավարտվել է, բայց այստեղ նոր-նոր է սկսվում: Մի քիչ անհույս, մի քիչ էլ՝ հիասթափված թե՛ գյուղացու օրից, թե՛ բանուգործից: Ինչպես իրենք են միաբերան պնդում՝ հողագործությամբ զբաղվում են՝ ամոթից ելնելով:
«Ջուր չկա, ցանում ենք՝ կգա, թե չի գա, ինչ կլինի, կլինի։ Քաշված վիճակ ա էլի», – ասում է Կուրթանի բնակիչ Երջանիկ Առաքելյանը։

Երջանիկ Առաքելյանը
«Առաջնահերթ խնդիրը հենց ոռոգման ջուրն է, եթե ջուր լինի, գյուղացին էլ կաշխատի, բերքը կստանա, բերքն էլ էժան կլինի, քաղաքացին կկարողանա օգտվի, ապրի», – ասում է Վարդան Խաչիկյանը։
Հողերն անջրդի են սովետական միության տարիներից, մի քանի հարյուր հեկտար տարածքում էլ մի ծորակ չկա, երբեմն էլ ջրցաներով են գյուղի տարբեր թաղամասերից ջուր բերում, որ ահրաժեշտ թունաքիմիկատները ժամանակին հացահատկին ու կարտոֆիլին հասցնեն:
«Հասարակ մի սրսկում պետք ա անենք, բայց դաշտերում մի հատ աղբյուր չունենք, ծորակ չունենք, որ միացնենք, մեր գործերն անենք։ Մի հատ դրինք, հանեցին», – նշում է Կուրթանի բնակիչ Գառնիկ Գալոյանը։
Այն տեսակետը, թե գյուղատնտեսությունն առաջընթաց է ապրում, անմշակ հողերը մշակելի են դառնում, Կուրթանում ժխտում են:
«Ես չեմ տեսել տենց բան, ու՞ր ա։ Իմ հողը զոռով մի հեկտար եմ ցանել՝ զուտ վառելիքի և սերմացուի թանկացման պատճառով», – ասում է գյուղացին։

Վարդան Խաչիկյանը
«Մեր գյուղի ժողովուրդն ուրիշ ա՝ աշխատող են, ձգող են, իսկ նրանք՝ ուրիշները, ման էկող են», – Կուրթանի ամենատարեց բնակիչն այսպես է նկարագրում իրենց գյուղի մարդկանց՝ զուգահեռներ տանելով հարևան Վարդաբլուրի հետ։
Բնակավայրը վերջին անգամ խոշորացվեց Գյուլագարակի կազմում, բայց, ինչպես բնակիչներն են փաստում, համայնքային խոշորացումը Կուրթանին ոչ մի օգուտ չտվեց։ Խնդիրները նույն են ՝ մի կարգին ճանապարհ, ոռոգման ջուր, գյուղտեխնիկա, անգամ գերեզմանատեղի և սգո սրահ չունեն։
«Գերեզմանները փակ ա, եկան, ժողով արին, որ թազա տեղ տան, տենց էլ մնաց, ընտրությունները արին, մոռացան», – նշում է կուրթանեցի Գառնիկ Ալոյանը։
Բնակավայրի ամենամարդաշատ հատվածում, ինչպես իրենք են ասում՝ կալում, հավաքվածները թղթախաղի սեղանի շուրջ առօրյա հոգսերից են խոսում, մեկ -մեկ էլ՝ բանավիճում աշխարհաքաղաքական թեմաների շուրջ։

«Մենք տարիքներս առած մարդիկ ենք, մի խաղասրահ չունենք, ստիպված գալիս ենք, փողոցներում թուղթ գցում, գնում տուն», – ասում է հավաքված մարդկանցից մեկը։
«Ոչ մեկ չի օգնում ժողովրդին, ամենքն իրանց համար են մտածում», – շարունակում է մեկ ուրիշը։
Գյուղի վարչական ղեկավար Աբգար Մագթաղյանը հեռախոսով ասաց՝ ճիշտ է համայնքը խոշորացվել է, որն իրենից ենթադրում է համայնքների հավասարաչափ զարգացում, բայց գյուղի խնդիրներին լուծում տալը մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված, իսկ համայնքը ներկայում բավարար ֆինանսական միջոցներ չունի։

Գյուղամիջյան ճանապարհները երբեմն հարթեցվում են, իսկ ոռոգման ջրի հարցը թերևս ավելի անիրականանալի ցանկություն է, որը մոտ ապագայում դժվար թե իրականություն դառնա, նշեց վարչական ղեկավարը։ Ինչ վերաբերում է գերեզմանատեղի չունենալուն, ապա այս հարցին, ըստ Մագթաղյանի, առաջիկայում լուծում կտրվի:
Բայց միևնույնն է՝ կուրթանեցին քիչ-քիչ հրաժարվում է հողագործությունից էլ, անասնապահությունից էլ, և դա պայմանավորված է մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով։ Նախկին 10 հեկտար հող մշակող գյուղատնտեսը այսօր հազիվ թե մեկ հեկտար հող է մշակում՝ հույսը միայն Աստծո վրա դնելով։