Քարկոփի կոկիկ ու մաքուր փողոցներում այս օրերին օդն անգամ քաղցր է բուրում: Շենքերի բակերում, այգիներում, նկուղներում ու ավտոտնակներում մարդիկ զբաղված են անուշահամ թզի ու հոնի տեսակավորման գործով: Բանն այն է, որ փոքրիկ այս բնակավայրը երկու սառնարանային տնտեսություն ունի ու, բացի այդ, վերավաճառողները գալիս ու Քարկոփից  տեղափոխում միրգը:

Տիկին Օֆելյան վստահեցնում է՝ հարյուրավոր արկղերի բերքը հարևան գյուղերից բերված է, իրենցը կարկտից տուժել է։

«Էրկու քոսոտ ծառ ունիմ, ըսկի վրեն բան չկա, չիմ կարկուտը սրբել ա, տարել։ Շնողից են բերում, Թեղուտից, Արճիսից, բայց ըստի բան չկա», – ասում է Քարկոփի բնակիչ տիկին Օֆելյան։

Ցանքատարածություններից զուրկ բնակավայրը բերքատու այգիների պակաս չունի: Բազմագույն ու բազմաբույր այս մրգերը ժամեր անց կհայտնվեն ռուսական շուկայում:

«Դե աշխատանք ա, սեզոնի բան ա, էնպես չի, որ ամբողջ տարին չարչարվում ենք։ Էս մի ամիսը չարչարվում ենք, մեր բերքը հավաքում», – ասում է գյուղի կանանցից մեկը։

Ռուսական շուկայի համար գյուղացիները ջոկում են միայն լավագույն պտուղները:

«Որակով ըլնի, ճաքած չըլի, որակով թուզը միշտ էլ լավ ա ծախվում։ Էս տարի՝ ոչինչ։ Եղանակը մի քիչ չօգնեց, բայց լավ ա», – ասում է Քարկոփի բնակիչներից մեկը։

Քարկոփի 50 տարվա բնակիչ տիկին Էմման թաղի հարսներին գործի է դրել։ Վերավաճառողներն՝ իրենց, վերավաճառողներին էլ գնորդներն են շտապեցնում: Մի խոսքով՝ շունչ քաշելու ժամանակ չկա:

Քարկոփի կանայք, որ հիմնականում անաշխատանք են, երազում են կլոր տարին աշխատանք ունենալու մասին: Գյուղում անասնապահությամբ զբաղվելը գրեթե անհնար է։ Բնակավայրը, որ մի ժամանակ ավան էր, անարդարացիորեն գյուղ է դարձել։ Գտնվում է Դեբեդի նեղ կիրճում և գյուղատնտեսական նշանակության հող երբեք չի ունեցել։

Միայն այս ու այնտեղ քարածերպերից տերրասներով մի կերպ պոկած մի քանի տասնյակ քառակուսի մետր փոքր պարտեզներ են։ Սա է եղածը, ուստի մարդիկ այգիներում զբաղված են տարվա մեջ մեկ-երկու ամիս:

Օրեր անց Քարկոփի մարդաշատ փողոցներից մարդիկ, իսկ բնակավայրից առհասարակ աշխուժությունը կպակասի։ Լռությունը կգերիշխի ամենուր և թերևս միայն աշնանային քամին կծածանի երբեմնի հզոր քարամշակման գործարանի՝ անգործությունից քայքայվող թիթեղները, որ ամենուր մի տեսակ չարագույժ ձայներ կտարածեն։ Թախծոտ այդ լռության մասին մի տեսակ տխրությամբ է խոսում տիկին Էմման: Դպրոց ու նորաբաց մանկապարտեզը  քիչ են երիտասարդ ընտանիքներին Քարկոփում պահելու համար:

«Լավ էրեխեք ունինք, որը երգի սիրահար ա, որը սպորտի, որը նկարչություն ա, բայց ոչ մի խմբակ չկա, որ էրեխեն գնա, մի խմբակի մասնակցի։ Էրեխանց համար ապագա չկա», – ասում է տիկին Էմման։

Խորհրդային տարիներին Անդրկովկասյան երկաթուղու Քարկոփի խճի գործարանը աշխատանքով էր ապահովում ոչ միայն քարկոփցիներին, այլև հարևան գյուղերի բնակիչներին, ալավերդցիներին։ Արտադրվող խիճն ու ավազն էլ մատակարարվում էր Հայաստանի ու Վրաստանի երկաթուղուն։ Խճի գործարանը վաճառվեց, և երկաթուղին իր հազվադեպ կարիքների համար դադարեցրեց այստեղից խիճ գնելը։ Գործարանը կամաց կամաց նվազեցրեց արտադրության ծավալները։ Մի օր էլ փակվեց՝ գործարանի դարապսներից դուրս թողնելով խճագործներին, որոնց մեծ մասն արտագաղթեց, մնացողներն էլ դարձան միրգ վաճառողներ։ Տարվա մյուս ամիսներին այսեղ ահեղ լռություն է՝ սոցիալական վայրիվերումներով ու թոշակի օրվա սպասումով։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.