Հեղինակ՝ Մերի Կոլոլյան

Օպերատոր՝ Դավիթ Թամազյան

«Դե որ մի էրկու հատ գառը բերեք, մորթենք, կըլի էլի։ Մի կլետկա պիվա, մի կլետկա արաղ, էդ ա էլի»․․․

Ալավերդու այս զրուցարանում «մայովկա»-ի պատրաստություններ չկան։ Թղթախաղ-նարդի թաղային առաջնություններն էլ մայիսմեկյան տոնի առիթով չեղարկված չեն:

«Սենց ենք նշում, մեծերով հավաքվել ենք, խաղ ենք անում։ Դրանից էլ լավ նշել։ Էն լավ օրերն էլ ենք կարոտում, մեր լավ րեխանցն էլ ենք կարոտում, որոնք դրսում են։ Պետք ա հավաք ըլնի ընտանիքը, որ կարենաս նշես», – ասում է Էնգելս թաղամասի տաղավարում հավաքվածներից մեկը։

Մայիսի 1-ին շքերթ էր, 2-ին մարդիկ քաղաքից դուրս էին գալիս, խնջույքներ անում, հիշում են ալավերդցիները: Տաղավարի հարևանությամբ Էնգելսի դատարկ զբոսայգին է, որ առաջ բազմամարդ շքերթ-տոնախմբությունների, իսկ այժմ հիշողությունների կրողն է:

«Սադ էինք գնում։ Կարուսելներ էին, ժողով անեին, ռայկոմից գեին», – հիշում է քաղաքացին։

Կոմունիստական «մայովկաները» համեմատում են այսօրվա հետ ու գալիս եզրակացության`տոնական տրամադրություն չկա:

«Բա տխուր եմ, էդքան կռիվ ա էղել, էդքան մարդ ա զոհվել, հողեր ենք կորցրել։ Ես ինչի՞ս վրա մայիսի մեկ անեմ։ Ուրախանա՞մ, որ կորուստներ են էղել։ Տխուր եմ շատ», – ասում է մեկ այլ քաղաքացի։

Ձեռագործ աշխատանքների և անուշահամ մուրաբաներով տաղավարների տիրուհիներն էլ աշխատանքի ու աշխատավորի օրը պարապ չեն մնում, իսկ տոն նշելու սիրտ ու հավես չունեն:

«Լավ էինք նշում, իսկ հիմա կարիք չկա նշել, որովհետև զինվորներ ունենք գնացած, չենք կարա նշենք», – ասում է Հաղպատի վանական համալիրի տարածքում հուշանվերներ վաճառող կանանցից մեկը։

«Տրամադրություն չկա, աշխարհն էս վիճակի մեջ ա, ո՞նց գնան, քեֆ անեն։ Մարդիկ հավես չունեն, երկիրը պատերազմի մեջ ա», – նշում է հաղպատեցի կանանցից մեկը։

Հաղպատ-Ծաղկաշատ ճանապարհի աղբյուրների, տաղավարների մոտ տարիներ առաջ մայիսմեկյան տոնին ասեղ գցելու տեղ չկար: Կոլեկտիվներով, ընտանիքներով, ընկերներով մայովկա նշելու ավանդույթն էլ կարծես վերանում է․ Ծաղկաշատի ձորի տաղավարներն այս տարի դատարկ են:

«Ինձ համար շատ հաճելի կլներ, որ թոռնիկներիս հետ գնայի, լավ նշեի, բայց ցավոք՝ առաջվանը չկա։ Հնարավորությունն էլի մարդը կստեղծի, բայց տրամադրությունը չկա։ Էս պատերազմները, էս ամեն ինչը տեսնելով՝ մարդկանց հոգին էլ չի ծաղկում, որ ուրախանան։ Դեմքին ժպիտ երևում ա, բայց ներսում չկա էդ ամեն ինչը», – ասում է Հաղպատի բնակիչներից մեկը։

Սովետական շքերթի ու մայիսմեկյան տոնի խնջույքների վերանալը չէ ցավալին, այլ այն, որ հիմա գրեթե բոլոր տոներն ու բարի սովորույթներն են վերանում՝ իրենց հետ վերացնելով նաև մի քանի տասնյակ տարիներ առաջվա գունավոր հուշերը, եզրափակում է քաղաքացին։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.