Այսօր 97 տարեկան հասակում վախճանվել է աքորեցի վետերան Վախթանգ Օհանյանը։

Նա մասնակցել է Կազբեկի ազատագրմանը։ Խորհրդային հրամանատարությունը նրանց զորամասի առջեւ խնդիր էր դրել՝ հետ նվաճել Կազբեկի գագաթը, որտեղ գերմանացիները ջոկատ էին տեղակայել և բարձրացրել իրենց դրոշը։ Գերմանական ջոկատն այնտեղից քշելը և դրոշը ցած նետելը բարոյական նշանակություն ուներ։ Վախթանգ Օհանյանը վիրավորվել է, ապա տեղափոխվել Սոչի, հետո Թբիլիսի, ապա՝ Երևան։ Հաղթանակի լուրն էլ դիմավորել Երևանում։

Մեծ հայրենականին մասնակից Վախթանգ Օհանյանի գործը նրա թոռը՝ կրտսեր Վախթանգը, շարունակել է 44-օրյա պատերազմում։ Եվ, ավաղ, կյանքի գնով։

«Անկյուն+3» ՀԸ Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, այցելել էր վետերանին։ Վախթանգ պապն առաջվա պես տոնական տրամադրություն չուներ․ թոռան կորուստը նրան շատ էր կոտրել և ընկճել։

Վախթանգ Օհանյանը Թումանյանի տարածաշրջանից Հայրենական մեծ պատերազմին մասնակից վերջին մոհիկաններից էր։

Ներկայում տարածաշրջանի միակ վետերանը Միշա Սահակյանն է՝ Շնող գյուղից։

Թումանյանի տարածաշրջանի վետերանների խորհուրդը ցավակցություն է հայտնում Վախթանգ Օհանյանի ընտանիքին։ Հարազատներին զորակցություն է հայտնում նաև «Անկյուն+3» ՀԸ անձնակազմը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.