Հեղինակ՝ Մանանա Վարոսյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
Ոստիկան, զինվորական, երաժիշտ. 6-ամյա Համբարձումի երազանքերն ամեն բացվող օրվա հետ փոխվում են, բայց մի բան հստակ գիտի՝ զինվոր է դառանլու՝ տունն ու հայրենիքը պաշտպանի։
Սահմանամերձ բնակավայրերում դեռ փոքրուց լավ են հասկանում՝ ինչ է կրակոցը, թշնամին և առավել լավ հասկանում են հայրենիք բառի նշանակությունն ու էությունը։

Համբարձում Մադաթյանը
«Ես ուզում եմ աշխարհը խաղաղ լինի, որ մենք սահմանը պահենք, թուրքը մեր դուռը չգա։ Կրակում են, մամային ասում եմ՝ ինչ ա, ասում ա՝ թուրքերն են», – պատմում է փոքրիկ Համբարձումը։
Տավուշի Սարիգյուղի Մադաթյանների ընտանիքում երեք երեխաներ են մեծացնում: Ընտանիքի հայրը մեկնել է արտագնա աշխատանքի։ Նկարահանման պահին տան տատիկն ավագ թոռնուհու հետ շուկա էր գնացել՝ բանջար, փիփերթ վաճառելու, ընտանիքի հոգսն ինչ -որ կերպ թեթևացնելու նպատակով։
«Դժվարություն շատ կա, անապահով ենք շատ, հանուն մեր երեխաների ամեն ինչում էլ պայքարում ենք, ասում ենք՝ ոչինչ, հիմա չի լինի, Աստված կտա, մի քանի տարուց կլինի», – ասում է Սաթենիկ Մադաթյանը։
Մադաթյանների ընտանիքն ամեն բացվող օրվա հետ գոյության կռիվ է տալիս՝ մե՛կ բնության դեմ, մե՛կ մի կտոր հաց վաստակելու համար: Ընտանիքի միակ կայուն եկամուտն անապահովության նպաստն է՝ 32 հազար դրամ։

Սաթենիկ Մադաթյանը
«Անձրևները, որ գալիս ա, սաղ տանիքը կաթում ա։ Ամաններ ենք դնում, որ հանկարծ ջուրը տեղաշորների վրա չկաթի, քամի ա լինում, սաղ տուն ա լցվում։ Հես, պատուհաներին նայեք, փետ ենք դնում, որ հանկարծ լուսամուտը չընկնի», – պատմում է Սաթենիկը։
Ինչպես տարածաշրջանի մյուս գյուղերում, այստեղ էլ ջրի խնդիրը լուրջ է։ Կենցաղային ու սոցիալական սուղ պայմաններին գումարվում է ջրի հարցը, մոտակա աղբյուրներից դույլերով են բերում, իսկ թե տանն էլ նորածին երեխա է լինում, ամբողջ օրը ջրի ճամփեն ենք բռնում, ասում է տան հարսը։

Այսքան դժվարությունների հետ մեկտեղ օգնություն չեն խնդրում, քանի դեռ կարող են, կաշխատեն: Կաշխատեն հանուն իրենց երեխաների, հայրենի եզերքի՝ սահմանների ամրության: Այսօր տանիք, լուսամուտ ու փական չունեն, բայց վստահ են՝ վաղն անպայման կունենան։
«Բոլորս էլ թողենք, գնանք, ով մեր սահմանը կպահի, իմն էն ա, որ խաղաղություն լինի, մեկ էլ՝ աշխատանք, որ մեր երեխեքին պահենք», – ասում է Սաթենիկ Մադաթյանը։
Դժվարությունները ժամանակավոր են, ասում է ընտանիքի մայրը, ով փորձում է լավ դաստիարակել երեխաներին, հույսով, որ հայրենիքին պիտանի մարդիկ կմեծանան: Ամեն դեպքում, երեխաները շնորհալի են ու փոքրիկ Համբարձումն էլ որպես ապացույց դհոլն է բանեցնում, մեզ էլ՝ ուրախ ճանապարհում։