Մեկ ամիս առաջ «Անկյուն+3»-ի լուրերի թողարկումներում ներկայացված Մեծ Այրում համայնքի 5-րդ այս փողոցը, որ այն ժամանակ այս տեսքն ուներ, նույնպես ծրագրով նախատեսվել ու ասֆալտապատվել է։
Սակայն այս գյուղում դեռևս կան փողոցներ, որոնք նորոգման իրենց հերթին են սպասում։ Մեծ Այրումի 7-րդ փողոցն էլ է հերթում։ Անբարեկարգ այս ճանապարհի անմիջապես հարևանությամբ է ապրում Մելսիդա Պետրոսյանը։ Ասում է՝ հորդառատ անձրևներից հետո ճանապարհին խորը ջրափոսեր են առաջանում, դարձնում այն դժվարանցանելի։ Բացի այդ, անձրևաջրերն անմիջապես իր տան բակով են հոսում։

Մելսիդա Պետրոսյանը
«Սենց տենում ե՞ս, ցած ա ընկնում ըստի, ինչքան լիցք ենք անում, չի մնում, անձրևը քանդելով բերում ա։ Կարա սենց գնա, դուռը հասնի։ Ամուսինս երկու օր առաջ ա գնացել Ռուսաստան, տրանսպորտը չկարաց դուռը մտնի, որ էն մարդը գնա», – պատմում է Մեծ Այրումի բնակիչ Մելսիդա Պետրոսյանը։
Ճանապարհը ոտքով անցնելը դժվար է հատկապես տարեց մարդկանց համար,- ասաց նույն թաղամասի բնակիչ Գրետա Մելքումյանը։
«Ես մեծ կնիկ եմ, հիվանդ մարդիս հետ, քշերը եթե դուրս ենք գալիս, վեր ենք ընկնում»։

Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի խոսքով՝ մեկ գյուղում միանգամից մի քանի փողոց հիմնանորոգել չեն կարող։ Խոշորացված համայնքում փորձում են համամասնություն պահել։ Այս դեպքում առաջանահերթությունը տրվել է 5-րդ փողոցին, որովհետև այս թաղամասում 30 տնտեսություն կա, իսկ օրինակ 7-րդ փողոցն ընդամենը մի քանի տուն է ընդգրկում։

Արկադի Թամազյանը
«Մեր համայնքի բոլոր գյուղերը ֆինանսական հնարավորության առկայության պայմաններում ֆինանսավորել, լուծումներ տալ, ուղղակի միանգամից հնարավոր չի։ Այսինքն հնարավոր չի մի գյուղ ամբոջությամբ անել, մյուսում ոչինչ չանել», – նշում է Արկադի Թամազյանը։
Նմանատիպ ճանապարհներ համայնքում շատ կան, ասում է համայնքապետն ու հավաստիացնում, որ տարեցտարի նորոգելու են նաև ծրագրից դուրս մնացած մյուս փողոցները։