Լալվարի լանջերին նկարահանումն ավարտելուց հետո, որոշեցինք հեռուստաընկերություն վերադառնալ մեկ այլ ճանապարհով։ Այս ճանապարհն ավելի բարեկարգ էինք պատկերացնում ու նաև սարվորներին հանդիպելու, նրանց հետ զրուցելու ակնկալիք ունեիք, որոնք մեզ նաև ճանապարհ էին ցույց տալու։ Այդպես էլ եղավ։ Բայց սարում ապրող ֆերմերներին հյուրընկալվելու համար նախ պետք է հաղթահարեինք նրանց կացարաններն ու կենդանիներին հսկող տասից ավելի շների վախը։
Ֆերմերներն ասում են՝ շների ահից գայլերը չեն համարձակվում բինաներ իջնել։ Այս տարի որևէ կորուստ չեն ունեցել։ Ի դեպ՝ շները մեզ էլ վնասելու նպատակ չունեին։ Կենդանիները խելացի են, հարձակվում ու վնասում են միայն անասնագողերին ու գայլերին։
Ինչևէ, շներն աչքները մեզնից չէին կտրում։ Ինչ վերաբերում է ֆերմերներին, ապա նրանք մեզ ասացին, որ ճիշտ է՝ սարում են, բայց ժամանակակից ապրելակերպ ունեն։

Արթուր Սիմոնյանը
«Սուրճ-մուրճ դնեմ՝ խմենք։ Լույս կա՝ պուլտով։ Բայց մթնում ա, նոր պուլտին սեղմում ենք, վառում ա։ Արևային ա։ Գիշերը ցանկացած ժամի միացնում ես, վառվում ա։ հենց լուսանում ա, անջատվում ա։ Հիմի ինչքան էլ ուզենք, չի միանա։ Պիտի մթնի, որ վառի», – պատմում է Արթուր Սիմոնյանը։
Խորհրդային միության փլուզումից հետո Արթուր Սիմոնյանը սեփական տնտեսությունն է հիմնել և արդեն 30 տարի է՝ սարում անասնապահությամբ է զբաղվում։ Կաթի մշակման ողջ գործընթացն ինքն է կազմակերպում։ Օրն արդեն կեսօր է, և առավոտվա կթի արդյունքն ամբողջությամբ մշակվել, պահեստավորել է։
«Էրեխեք ջան, զովետը (գյուղինստիտուտը) գերազանցիկ եմ ավարտել, ուղղակի, որ կյանքը տենց ա էլել, էս տարբերակով եմ անասնապահությամբ զբաղվում։ Հիմնականում անսնապահական ա իմ ավարտածը։ Ոնց որ իմ արվեստը շարունակում եմ էլի։ Էստեղ տանձ էլ ունենեինք, պոպոք էլ, դամբիլ, նույնիսկ պատահել ա՝ օղի էլ ենք քաշել, բայց էս տարի չկար», – ասում է Արթուրը։

Լալվար բարձրացող այս լեռան վրա, որ տեղացիք «Մատաղ Թալին» են անվանում, երեք ընտանիք կա։ Տիկին Թամարան որդու և ամուսնու օգնությամբ է խնամում անասուններին։ Ասում է՝ ցրտերն ընկել են, գիշերն էլ չեն մնում սարում։ Բայց առավոտ շուտ են գալիս․ կենդանիներին կերակրելու գործը չեն ուշացնում։
«Սեզոնին վերի սսար ենք գնում, տավարը տանում ենք։ Էս լրիվ արոտավայրեր են։ Ըստի խոտ են հնձում, մենք էլ գնում ենք վերև։ Հենց հնձում են, վերջացնում, գալիս ենք», – պատմում է տիկին Թամարան։

Սարում հեռուստացույց, ինտերնետ կապ չկա։ Օրվա նորությունները սարվորներին ռադիոն է պատմում։
Իսկ հյուրերին սուրճ հյուրասիրելու գործը տիկին Թամարայի վրա է դրված, որովհետև նա այստեղ միակ կինն է։
Նրա եփած սուրճից մենք էլ համտեսեցինք ու առաջ շարժվեցինք։ Մեր առջև բացվող տեսարանները մեկը մյուսից չքնաղ էին․ վայելել էր պետք։
Հարուստ պատմություն ունի Լալվարը։ Նրա փեշերին ողբերգական սիրո, պատերազմների և այլ դրամատիկ իրադարձություններ են ընթացել։ Այստեղ են 18-րդ դարում կռիվ տվել Լոռվա քաջերը։ Եղիշե պատմիչն էլ պատմում է, որ պարսկական գերությունից Գուգարքի բդեշխի ջանքերով ազատագրված ու Գուգարք բերված Մամիկոնյան ու Կամսարական տոհմի իշխանազուն պատանիները հենց Լալվարի փեշերին էին հմտանում զինվորական գործի մեջ ու նաև զբաղվում որսորդությամբ։ Նրանցից Վահան Մամիկոնայնը մեր պատմության նշանավոր դեմքերից է։

Լալվարի լեռնալանջերը ջրի պակաս չունեն։ Բնական աղբյուրներ ու լճակներ շատ կան այստեղ։
«Անասունների հըմար ենք տանում, խմելու հըմար։ Մաքուր ջուր ա։ Էս գոլը սարքեցին անհատի հըմար, ուզեցին ձուկ աճեցնեն, թենց էլ չելավ․․․ 300 գլուխ ոչխար ունեմ, բայց ես ինձ ֆերմեր չեմ համարում», – ասում է Մովսես Սիմոնյանը։

Մովսես Սիմոնյանը
Լեռնալանջերից իջնելիս մի կանգառ էլ կատարում ենք 84-ամյա Վարդան պապիկի մոտ։ Նրա տունն ամենաառաջինն է Լալվարից իջնելիս։ Ապրում է միայնակ, բայց նրա տունը, բակը, այգին մեր տեսածներից ամենխնամվածն էր։
Պապը Ախթալշինտրեստում երկար տարիներ վարոդ է աշխատել։ Հետո սկսել է անասնապահությամբ ու այգեգործությամբ զբաղվել։ Հիմա միայն տան փոքրիկ տնամերձն է մշակում։

Ամուսնանալուց հետո Վարդան պապը կնոջ՝ Հռիփսիմեի հետ այստեղ են տեղափոխվել ու միասին կառուցել այս փոքրիկ տունը։ Բայց մինչև այդ, տան կողքին երևացող այս փոքրիկ խրճիթում են ապրել, որը հետագայում գոմի է վերածվել։
Սա էլ Վարդան պապի պատմությունը՝ մեր ճանապարհին։