Աթանեցի Սիրուշ տատը դժվար է հիշում, դժվար էլ արտաբերում է ծոռների օտարահունչ անունները։ Ոչինչ, ասում է, կարևորը՝ ջահելների սրտով է: Ծոռների մեջ Սիրանույշ տատի անունը կրող չկա, բայց թոռնուհիներից մեկը տատի անունն ունի, ափսոս՝ գյուղում չէ:

«Իմ անումեց իմ թոռներից մինը հրեն՝ Չշղոթան ա, Նոյեմբերյան։ Անումը Սիրուշ, ինքը՝ ընդի տնավորված», – ասում է աթանեցի Սիրուշ Քառյանը։

Քառյանների հարկի տակ ջերմություն կա, երեխաների աղմուկ-աղաղակ ու հարսների ծիծաղ: Ճիշտ է՝ Սիրուշ տատի սիրտը կոտրված է, բայց տան ջահելներին ուրախ է պահում:

Սիրուշ Քառյանը

«Հարս եմ, հետն էլ վրին հարս եմ բերել՝ երկու-երկու։ Տհե ա՝ ոչ սոված ենք, ոչ ծարավ, յոլա ենք գնում, ոչ էլ կռվի դաշտ ենք բաց անում, խելոք մեզ հմա կանք», – ասում է Սիրուշ տատը։

Մեկ-մեկ էլ աչքունքը բաց ժամանակ տատը լուրջ դեմքով դժգոհում է, թե երկկողմանի ծնողազուրկ է, ո՛չ հայր, ո՛չ էլ մայր ունի։ Աշնան արևը բակ է բերել ընտանիքի փոքրերին, Սիրուշ տատի հսկողությամբ ծոռները խաղում, նկարում են, ինքն էլ  հանդից երեկ բերած մասուրն է մաքրում, քանի դեռ տատի օժիտ անկողինն արև է ուտում:

Սիրուշ տատը պարապ նստողներից չէ: Թեև վաղուց արդեն սար չի գնում, բայց անելիք գտնում է: Կյանքի քսան տարիները սարերում է անցկացրել, հիմա սարի սիրտ չունի:

«Սարը գնացողը պետք ա սիրտը բաց ըլի, սիրտը սաղ ըլի։ Սիրտս կտրված ա, ի՞նչ սարը գնամ։ Դե որ գնամ, էս թոռներիս, ծոռներիս հմար տեմ գնա, բայց դեո ոչ գնում եմ, ոչ էլ։ Պարապ ենք էլի, ինչ տինք անի։ Կով ենք կթում, տան գործ ենք անում, նստում, տենում։ Ոչ կարտոլ ենք ցանում, ոչ էլ բան։ Բոլորն առնովի ա։ Իրանք անում են, խմելու վախտն էլ խմում եմ, ուտելու վախտն էլ ուտում եմ։ Իրանք թող անեն, ես էլ ուտեմ-խմեմ։ Ի՜, սարը չեմ սիրում կարկուտ, անձրև, սելավ։ Տախտակով դոմիկ ա, տալիս ա՝ թըրըխկ, քնելուդ էլ ա խանգարում։ Ոչ գնում եմ, ոչ էլ», – անկեղծանում է Սիրուշ տատը։

Անտեր մասուրի թփերը տատի նուրբ ձեռքերը արունլվա են անում, բայց տատին անհանգստացնողն այլ է։

«Ուր շատ հեռանամ, ծմակումը կենդանի կլի, կխեղդի։ Ով պըտի տենա, իմանա, ով կգտնի ինձ։ Հեռու չեմ գնում։ Իմ միտքն էն ա, որ գնալուս տեղը վեր չընկնեմ, ով պըտի ինձ գտնի, վեր քաշի։ Որ ուժս չպատի, չեմ գնա։ Բայց դե ուտելու բան ա, չգնա՞մ քաղեմ։ Կարիքը ստիպում ա։ Դե որ ծառերի վրա բան չի էլել, կարկուտն ա տարել, խնձոր-մնձոր չկա, մասուրն էլ երևի յեդի վագոնումն ա էլել, մնացել ա, որ ես քաղեմ, բերեմ», – մտորում է տատը։

Սիրուշ տատն Աթանի ամենատարեց կինն է, բայց հոգով շատ ջահելներից էլ ջահել է: Հարսների գործերին չխառնվել, ընտանեկան վեճեր չհրահրել․ սա է տատի բռնած դիրքը։ Առանց այդ էլ կյանքը դժվար է, ավելի չբարդացնելն էլ՝ կարևոր, ասում է:

«Լավ կանեն, վատ կանեն, ոչ մի բան էլ չեմ խոսա։ Իրանք գիդեն, իրանց տունը,  իրանք գիդեն, իրանց րեխեքը, ես խի գեշամարդի դառնամ։ Իրանք ոնց ուզում են, թող անեն», – ասում է Սիրուշ տատը։

Տատի մտածմունքը հիմա կյանք ու խաղաղություն չտեսնող ջահելներն են, իրենց ժամանակները երանելի էին, այնքան, որ հիմա կարոտով է հիշում:

«Սովխոզ վախտը լավ էր, անհատութինն ընգավ, բոլոր գորձը ոռի վրա զադնի ընգավ։ Էն վախտ ո՛չ կռիվ ա էլել, ո՛չ պատերազմ, խանութը լիքը, դուռը լիքը, գեղումը համ արդյունաբերական խանութ կար, համ նհե, ինչ ուզում ես՝ առ, իսկ հըմի մի խանութ չիկա, մի բան ես ուզում առնես, գնում ես Կիրավոկան։ Չիմ թանգ ու կրակ։ Հըմի էլ, որ տարին կոնտրն ա, ամեն ինչ շաղված ա։ էլ ի՞նչ»։

Քաղաքից տատին կանչողները շատ են։ Գնալու գործ չունեմ, ասում է: Գյուղից դուրս գալիս է միայն հատուկ առիթներով:

«է՜, քաղաք գնամ, էսա մահի վախտն ա, գնամ քաղաք, ընդիան քաշ տալով բերեն, գձեն ստի փոսը՝ մարդիս կուշտը։ Ես կուզեմ խաղաղութինն ընգած ըլի, իմ ուզելիքն ա էնա», – ասում է տատը։

Աթանում կյանքը խաղաղ ու անփոփոխ է, բայց տատի հոգում խռովք կա: Արցախցի հայրենակիցների ցավը տանջում ու ցավեցնում է Սիրուշ տատին:

«Ղարաբաղի հայերը փախել են, էկել, կամ ընդի մտել, կամ մի ուրիշ տեղ։ Էլի մեր լեզուն ա, մեր հայերն են։ Թուրքերը, որ կոտորվին, շատ լավը կըլի։ Մի հատ չմնան։ Եթե ղեկավարութինը քեզ երես չի տա, տուտ տա, դու էդքան բան չես ըլի։ Ես իմ կնիկ հալովը դրանց կզտեմ, խաղաղութինը կգցեմ»։

Արդարություն է ուզում Սիրուշ տատի սիրտը՝ աշխարհում, երկրում ու գյուղում: Մի քանի տարվա կորած աշխատանքային ստաժ ունի տատը, էստեղ-էնտեղ դիմելուց հոգնել ու հանձնվել է: Կարևորը խաղաղություն լինի, ասում է տատը, խաղաղություն՝ ընտանիքում ու աշխարհում:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.