Հեղինակ՝ Մերի Կոլոլյան

Օպերատոր՝ Արման Տիտանյան

Վերջին օրերի տեղատարափ սելավների հետևանքները Ձորագետի երկաթուղայինների շենքում վերացնել չի ստացվում:

Շարված տարաներն արագ են լցվում, ողջ գիշեր բնակիչներն անքուն են, զբաղված՝ դրանք դատարկելով:

«Դե մենք գիտեինք, որ կկաթի։ Բայց այ թե կկաթի, ոնց որ դույլով, կժով ջուր լցնես։ Բնական տարերքի ամբողջ էս ժամանակաշրջանում ես էստեղ մաքրում էի, անգամ ես էի թրջվել։ Ու միշտ ա էդպես էղել, ոչ մեկը ոչ լսում ա, ոչ էլ։ Մենք իրազեկ ենք պահել, բոլորը գիտեն դրա մասին, միայն թե չգիտեմ, թե ով պետք ա սարքի։ Կամ սարքելու՞ են, թե՞ ոչ։ մենք հույսով սպասում ենք», – ասում է շենքի բնակիչ Հասմիկ Հոռոմսիմյանը։

Հասմիկ Հոռոմսիմյանը

13-ամյա Քրիստինան իրենց տան խոնավության հետևանքով շնչահեղձ է լինում։ Վարսահարդարիչով պատերը չորացնելու փորձերն իզուր են, տևական անձրևներից շենքի խոնավությունը չի անցնում:

«Ալերգիա ունեմ, ու երբ որ խոնավ ա լինում, իմ հազը սկսվում ա։ Ոչ մեկ չի համաձայնում, գա էս խոնավ տեղն ապրի, որովհետև մտածում են, որ էստեղ ապագա չկա», – ասում է Քրիստինան։

Ցարական ժամանակների կառույցը բնակիչների աչքի առաջ օր օրի փլվում է: Հենց երեկ գիշեր հերթական քարերից մեկն է ընկել շքամուտքում։ Բարեբախտաբար տուժողներ չեն եղել: Տարիներով շենք լցվող անձրևաջրերի առաջը չեն առել ո՛չ բնակիչները և ո՛չ էլ երկաթուղին: Մեղավորներ են փնտրում բոլորը:

Հրանտ Բեջանյանը

«Ուղղակի էլ հնար չկա, չգիտես՝ ինչ անես։ Մեր տան, բոլորիս խնդիրը դրել ենք մի կողմ, ամեն իրիկուն թաշտը վեր կալ, տար, թափի, բեր։ Գիշերվա մինչև ժամը 11, 12-ը անձրևին չգիտես՝ էրեխուն քնացնե՞ս, թե՞ տանես․․․ վիճակը սենց ա։ Շատ օրհասական վիճակի մեջ ենք մենք», – ասում է շենքի բնակիչ Հրանտ Բեջանյանը։

Շենքի առաջին հարկը պատկանում է բնակիչներին, երկրորդը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը։

Ձորագետի վարչական ղեկավարը ստեղծված իրավիճակը «տնավարի» ներկայացնում ու վստահեցնում է՝ երկաթուղապատկան շենքում ներդրումներ անել չեն կարող:

Արմեն Գրիգորյանը

«Մենք ապրում ենք ինչ-որ մի հարկում։ երբ վերևի հարևանի տնից ջուր ա թափվում, ու՞մ ենք դիմում։ Այսինքն վերևի հարևանին ասում ես նենց արա, որ իմ տուն ջուր չլցվի։ Հիմա տերն իրանք են, երկաթգիծն ա, համայնքն իրավունք էլ չունի հիմա նրանց սեփականության տանիքը վերանորոգի։ Նա կարող ա գա, ասի՝ քեզ ո՞վ ա թույլ տվել, որ վերանորոգես», – ասում է Արմեն Գրիգորյանը։

Շենքի երկրորդ հարկը համայնքին հանձնելու պայմանավորվածություն կա, որը, սակայն, ձգձգվում է, –  ասում է Գրիգորյանը:

«Էկել են, նախնական պայմանավորվել, որ շենքը հանձնեն համայնքին։ Նոր համայնքը միջոցներ ձեռնարկի, տենա՝ ոնց կարա էդ հարցը լուծի։ Ընդհանրապես տանիքը ոչ թե մենակ շիֆերն ա, տակի էդ փայտերն ամբողջովին պիտի փոխվի», – նշում է վարչական ղեկավարը։

«Մենք շատ ենք տուժվում, ձորումն ենք՝ քիչ ա, ամեն ինչից զուրկ ենք, քիչ ա։ Գազ ա, ջուր ա, լույսն անգամ անջատել եմ։ Այ, տես, հասել ա լույսին, վախենալուց չեմ միացնում, սառնարանից, ամեն ինչից զրկվել եմ», – ասում է տիկին Հասմիկը։

Մինչ հարցը քննարկումների սեղանին է, շենքում ապրող 6 ընտանիքները խնդրանք ունեն իշխանություններին, որոնց ձայն են տվել:

«Կարող ա կառավարությունից մեկը նստած տեղից վեր կենա, ասի՝ մարդիկ են ապրում էլի, ձորի մեջ էլ մարդիկ կան։ Ընտրությունների ժամանակ էս մարդիկ են գնացել, իրանց ընտրել։ Հիմա էլ մենք ենք խնդրում, սենց խնդիր ունենք, էկեք, էս հարցին տեր էղեք», – ասում է Հրանտ Բեջանյանը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.