Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
Ըստ աստվածաշնչյան հայտնի պատմության՝ խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտել է գինու համն այն ժամանակ, երբ Նոյ նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկել է խաղողի առաջին որթը։
Հայաստանն այժմ գինեգործության ոլորտում առաջատար է տարածաշրջանում։ Տասնյակ տարիներ առաջ գինու արտադրությամբ զբաղվել են նաև Լոռու Հաղպատ գյուղում։ Մոռացված ավանդույթն այսօր վերսկսում է Խուդինյան ընտանիքը։ Հաղպատի Գայանե հյուրանոցում գինու փառատոն է։

Գագիկ Խուդինյանը «Գոարտ Սթոուն» ընկերության տնօրենն է։ Գինու պատրաստմամբ անձամբ է զբաղվում։ Ասում է՝ Հայաստանի տաք կլիմայի շնորհիվ տեղի խաղողը քաղցրահամ է, ինչն էլ բարձրորակ գինի ստանալու կարևոր նախապայման է։ Այս պահին ընկերությունը 6 տեսակի գինի է արտադրում։
«Մենք Լոռու մարզում գինեգործության համար շատ քիչ խաղող ունենք։ Նաև ուզում ենք օժանդակել բնակչությանը, որ զբաղվեն խաղողագործությամբ, դրա հետ մեկտեղ ուզում ենք ավելի ընդլայնել մեր կազմակերպությունը», – ասում է «Գոարտ Սթոուն» ընկերության տնօրեն Գագիկ Խուդինյանը։

Գագիկ Խուդինյանը
Գինին շուկա դեռ չեն հանել, առաջինը հյուրերն են համտեսում։ Նրանց շարքում է անվանի խոհարար, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։
«Գինին ես սպիտակն եմ սիրում։ Սպիտակ գինին մի քիչ չոր է, բայց, այնուամենայնիվ, հաճելի է խմելը։ Կարմիրը դեռ չեմ փորձել, վստահ եմ, որ դուր կգա։ Բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ զարգացման մեջ է։ Մենք եթե էսպես շատ հավաքվենք, եթե ներառենք մարդկանց, ովքեր դրա գիտակն են, ովքեր դրա ճիշտ ուղին ցույց կտան, Գևորգն էլ վաղը, մյուս օրն արդեն համաշխարհային առումով մրցունակ գինի կարտադրի, որովհետև ինչ սովորելու, ամեն ինչ հմտանալու մեջ է», – ասում է անվանի խոհարարը։

Սեդրակ Մամուլյանը
«Ես փորձեցի գինի։ Գինին լավ համ ունի։ Պետք է դեռ աշխատել գինեգործների հետ՝ հասնելու համար այնպիսի մակարդակի, որ միջազգային մակարդակում լավ բրենդ դառնա», – ասում է Վրաստանի «Ջորջիան-թայմս» մեդիա հոլդինգի տնօրեն Մալխաս Գուլիաշվիլին։
Ի դեպ, գինու փառատոնին նշվեց նաև Ընկերության համաշխարհային օրը։ Միջոցառումը, որը կրում էր «Ձորի ընկերներ» խորագիրը, ուղեկցվեց Ալավերդու մշակութային խմբերի ելույթներով։
Գինուն նվիրված միջոցառմանը նաև արվեստագետներ են հյուրընկալվել։ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Հայասստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Ռաֆայել Ջավախյանն ու քանադակագործ Արմեն Վարդանյանը ընկերությունը խորհրդանշող մի գործ ստեղծեցին։

«Ինչպես տեսաք՝ սա նկարվեց ընկերներով։ Եվ կարելի է ասել, փառատոնի բուն մեխը նա էր, որ ընկերներով արվի ամեն ինչ։ Ե՛վ գինին է ստեղծվել ընկերներով, և՛ գեղանկարչությունը ընկերներով ստեղծվեց», – ասում է Ռաֆայել Ջավախյանը։
«Մեծ ուրախությամբ համաձայնեցինք «Խուդինյան» գինիների ընկերության հետ։ Եվ երբ եղավ առաջարկը, մենք հետաքրքրվեցինք, որովհետև մեր առաջնային գործունեության ծիրում կանգնած են մարզային ծրագրերը, և այսպիսի ծրագրերը խթանում են մարզերում մշակութային կյանքի զարգացմանը», – ասում է Սուրեն Սաֆարյանը։
«Շատ ուրախ եմ և շատ հաճելի է ինձ համար այս մթնոլորտում գտնվելը ընկերների, նաև նոր ընկերներ ձեռքբերելը», – ասում է Արմեն Վարդանյանը։

«Ձորի ընկերներ» միջոցառման կազմակերպիչն Արմեն Դավթյանն է։ Նա «Սկետչ-Սթայլ» գովազդային գործակալության հիմնադիրն է։
«Ես ողջունում եմ Խուդինյանների ընտանիքի աշխատանքը և մաղթում եմ իրանց շատ-շատ մեծ տարիների բարգավաճ գործ», – ասում է Արմեն Դավթյանը։
Գինետոնն ավարտվում է, բայց ներկաները շարունակում են շփվել ու անկեղծ զրուցել՝ վայելելով Լոռվա քաղցրահամ գինին։