Ձորագյուղցի Սիրակը 6-7 տարեկանից ստվարաթղթից կոնստրուկցիաներ էր հավաքում, հետո տարվեց ռոբոտներով, իսկ հիմա հետաքրքրված է էլեկտրոնիկայով ու ԱԹՍ-ներով: Պատանի ինժեներին ոգեշնչում են հայտնի գիտնականները, իսկ փոքրիկ գյուղում նրա համարձակ նախաձեռնությունները կյանքի կոչելուն օգնում են արտերկրում ապրող մասնագետներ:

Սիրակ Գաբրիելյանը
«Օրինակ էլեկտրոնիկան գիտնական Նիկոլո Տեսլայից եմ ոգևորվել։ Երբ մի անգամ էլ ինձ նկարեցին Ամերիկայի Ձայն-ից, որոշ մարդիկ ինձ ասացին, որ պատրաստ են օգնել։ հենց այս ինքնաթիռի պուլտը նրանցից Արմենն է ինձ նվիրել։ Ամերիկայից մի ծանոթ ձեռքբերեցի՝ Վարդան Մարկոսյանը, նա մասնագիտությամբ էլեկտրոնիկայի հետ կապված գործեր է անում։ Էլեկտրոնիկայից ցանկացած բան, որ չեմ կարողանում, ցանկացած հարցում պատրաստ է օգնել ինձ», – պատմում է Սիրակ Գաբրիելյանը։
Բարդությունն էլ այն է, որ Հայաստանում շատ դետալներ գտնելն անհնար է, պատվիրում է արտերկրից ու ստիպված լինում երկար սպասել: Ավելի փոքր տարիքում ձեռքի տակ եղած իրերից հավաքում էր ռոբոտներ, թռչող սարքեր: Էլեկտրոնիկայի բնագավառում Սիրակի վերջին աշխատանքը այս բազմաֆունկցիոնալ արևային լիցքավորիչն է:

«Կարողանում է տարբեր ֆունկցիաներ կատարել։ Դրանցից մեկը հեռախոսը լիցքավորում է, լույս է միանում, բացի այդ ունի այնպիսի սարք, ու դրա շնորհիվ ես կարող եմ այստեղից ընտրել ինչ հզորության ու ինչ ուժի լարումով հոսանք դուրս գա այս մասին ու օգտագործել դա», – իր ստեղծածն է ներկայացնում Սիրակը։
Այս տարի Սիրակն ավարտել է հիմնական դպրոցը, կրթությունը կշարունակի մայրաքաղաքի մասնագիտացված դպրոցներից մեկում: Հայտնի ինժեներ դառնալու պլաններ ունի: Ընդունակությունները բացահայտելու գործում Սիրակին օգնել են նաև Սմարթ դպրոցի մեխանիկայի դասընթացները: Այս պահին աշխատում է նոր դրոնի պատրաստման ուղղությամբ:

«Մասեր եմ պատվիրել նոր դրոնի պատրաստման համար։ Օգոստոսի 14-ի մոտակայքում մասերը կգան, ու կսարքեմ դա», – ասում է Սիրակը։
Զուգահեռ աշխատում է նաև այս ինքնաթիռը երկինք բարձրացնելու ուղղությամբ: Մասնագետների օգնությամբ մի անգամ արդեն հաջողվել է, հիմա փորձերն ու ստեղծագործական աշխատանքը շարունակում է:
«Մի մարդու հետ էի հանդիպել, ով Ինսթիգեյթ ռոբոտիքս-ից էր, նրա անունն Արմեն էր։ Նա ինձ հանձնարարեց սարքել սա ու տվեց որոշ մասերի փայտե նմուշները, որի չափերով ես սա ստացա։ Դեռևս թռցնելն ա ինձ համար կարևոր։ Ու թռիչքի կառավարողը տեղադրել է իր վրա, որպեսզի կարողանա տարբեր ռեժիմների տակ կառավարվել։ Դրանից հետո կարող են կամերա դնել, ավելի մեծ ինքնաթիռ սարքել, որի հետևից կարող է պարաշուտով ինչ-որ իր ընկնել ներքև։ Դրոններն ու ինքնաթիռները հիմա արդեն պատերազմում փոխարինում են մարդկանց, ու շատ կարևոր է դառնում երկրի պաշտպանության համար», – ասում է Սիրակը։

Տղան հույս ունի, որ իր ԱԹՍ-ները կծառայեն միայն խաղաղ ժամանակներում ու ավելի շատ մարդկանց կյանքը թեթևացնելու գործին:
Ազատ ժամանակ Սիրակը սիրում է միտքը մարզել, հետաքրքրված է կուբիկ-ռուբիկներով: Անընդհատ կրճատում է դրանք հավաքելու ժամանակն ու նոր ձևեր փորձում:
Սիրակն ընտանիքի ավագն է, ունի քույրեր ու եղբայր: Ծնողները նրա բոլոր նախաձեռնությունները ողջունում ու ամեն կերպ աջակցում: