Հեղինակ՝ Մանանա Վարոսյան
Օպերատոր՝ Դավիթ Թամազյան
Նորածնի ծնունդ ընդունելուց մինչև ծանր հիվանդություն բուժող աշխատողի օրն է: Հունիսի 21-ը թեև սովորական աշխատանքային, միաժամանակ բուժաշխատողների մասնագիտական տոնն է։ Ալավերդու բժշկական կենտրոնը շուրջ 200 աշխատողով տարիներ շարունակ անձնվեր գործուննեություն է ծավալում տարածաշրջանում՝ ձեռքը զարկերակին սկզբունքով:
Անուշ Ղալայանը գրեթե 30 տարի ոլորտում է։ Ընդգծում է իրենց առաքելության կարևորությունը, յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերած սրտացավությունն ու հետևողականությունը:

Անուշ Ղալայանը
«Մարդիկ իրենց ամենաթանկ արժեքն են վստահում բուժաշխատողին՝ առողջությունը, որը կորցնելու դեպքում կարող են այլեւս երբեք այն չվերականգնել կամ կորցնելը կարող է կյանքի և մահվան հարց լինել։ Հետևաբար բուժաշխատողի դերը միշտ ասոցացվում է ապրել և չապրելու հետ», – ասում է մանկաբույժ Անուշ Ղալայանը։
Աշխատանքի որակի վրա անմիջական ազդեցություն ունի նաև միջավայրը: Բժշկական կենտրոնը հիմնանորոգված է, շարունակում է վերազինվել նորագույն բուժսարքավորումներով՝ դրանով իսկ ապահովելով աշխատանքի արդյունավետությունը: Լինելով մանկաբույժ, միևնույն ժամանակ արհեստակցական կազմակերպության նախագահ՝ Անուշ Ղալայանը նշում է՝ Ալավերդու բժշկական կենտրոնում բուժաշխատողի ու բուժառուի համար ապահովված են բոլոր պայմաները:

«Ալավերդու բժշկական կենտրոնում ևս գնահատված են բուժաշխատողները, չենք կարող հերքել։ Յուրաքանչյուրն իր տեղում ձգտում է, որ լինի պրոֆեսիոնալ։ Պահանջները և՛ տնօրինության կողմից են, և՛ նախարարության կողմից են, և՛ ազգաբնակչության կողմից են», – նշում է մանկաբույժը։
Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումից մինչև բուժաշխատողների համար վերապատրաստման դասընթացներ․ սրանք նույնպես ոլորտի ձեռքբերումներն են:
«Յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր երկու, երեք տարին մեկ անպայման բոլոր բնագավառներում լինում են նոր փոփոխություններ, հետազոտությունների վրա հիմնված ինչ-որ նոր առաջարկներ։ Իսկ աշխատել բնակիչների հետ՝ էդ գիտելիքներին չտիրապետելով, միայն հինգ, տասը կամ քսան տարիներ առաջ բուհում սովորած գիտելիքներով անհնարին է», – նշում է Անուշ Ղալայանը։
Բայց, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ գործունեության յուրաքանչյուր բնագավառ ունի իր յուրահատուկ խնդիրներն ու դժվարությունները: Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գարիկ Դավիթավյանն, ընդամենը կես ժամ առաջ դուրս գալով վիրահատարանից, նշում է՝ յուրաքանչյուր օրը բժշկի համար նոր մարտահրավեր է, որը պարտավոր են պատվով կրել:

Գարիկ Դավիթավյանը
«Ալավերդու բժշկական կենտրոնում ներդրեցինք լապարասկոպիկ վիրաբուժության ծառայությունը, որի շնորհիվ միայն խոլեցիստոմիաները, ավելի քան 40 վիրահատություն և բազմաթիվ այլ վիրահատություններ առանց որովայնահատման, առանց մեծ վերքի», – նշում է վիրաբույժը։
Բժշկական կենտրոնում լավ նորություններ ունեն: Շուտով վիրաբուժականին կից կձևավորվի նաև մանկավիրաբուժական բաժանմունք:
«Պարբերաբար վիրահատությունների ցանկն է ընդլայնվում, օրինակ մեծածավալ վիրահատությունների ցանկն է վերջին տարիներին ավելի մեծացել։ ներկայումս սպասվում է նաև մանկական վիրաբուժական ծառայության ներդրում», – ասում է Գարիկ Դավիթավյանը։
Բժշկի մասնագիտությունն ապրելակերպ է, որը պահանջում է մեծ նվիրում, հոգատարություն, ուշադրություն և որ ամենակարևորն է՝ անսխալ աշխատանք: Ըստ իմ զրուցակիցների, ովքեր ընտրել և ընտրում են բժշկի մասնագիտությունը, նրանք անպայման պետք է օժտված լինեն դրական հատկանիշներով: