«Մառնեուլի շրջանից եմ, ըստի մարդի եմ էկել, հինգ էրեխա ունեմ, սա էլ ա իմ էրեխեն», – ասում է Նադյա Յանգաբոզովան՝ ցույց տալով ամուսնուն։

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ վրացուհի Նադյան Մառնեուլի շրջանից պատահական Լոռվա Բենդիկ եկավ ու հանդիպեց իր կյանքի կեսին՝ ազգությամբ հույն Ժորա Յանգաբոզովին։ Ու թեպետ նա պնդում է,  թե իբր այն ժամանակ սեր չի եղել, բայց իրենք սիրելով են ամուսնացել։ Չորս զավակ, ութ թոռ ու տասնհինգ ծոռ ունեն։

«Հետս հանքումն աշխատեր, ասի՝ ուզում եմ ամուսնանամ, բայց մի սիրուն աղջիկ չեմ ճարում, ասավ արի գնանք, քեզ մի սիրուն աղջիկ շանց տամ։ Էկանք՝ հեռվից հեռու շանց տվուց՝ հենա՜յ, էքսի օրն ասում ա՝ հավանացի՞ր, ասում եմ՝ հեռվից եմ տեսել, ինչը տեմ հավանի։ Ասավ՝ էգուց տանեմ, հետը խոսաս։ Տարավ, հանդիպեցինք, խոսացինք, իրար հասկացանք ու ամուսնացանք», – պատմում է Ժորա Յանգաբոզովը։

Վաթսուն տարի է անցել այդ ժամանակվանից։ Ամուսինները մինչև օրս հաշտ ու խաղաղ ապրում են միասին, Բենդիկն էլ համարում Հայաստանի ամենաչքնաղ վայրերից մեկը, որտեղ դեռևս պահպանվել են մարդկային պարզ ու մաքուր հարաբերությունները։

Հիշում են՝ խառը ժամանակներ էին, հույն, հայ թե վրացի, իրար լավ էին հասկանում, իրար հետ հաշտ ու համերաշխ ապրում, հարսանիքներ գնում, աղջիկ տալիս, աղջիկ բերում։ Հիմա է, որ բոլորը կռիվ են տալիս՝ հողի, աթոռի, կամ էլ՝ մի փոր հացի համար։

«Ընդով ժողովուրդը խառն էր ապրում, չիմ իրար հետ լավ էին։ Ըստի թուրքեր էլ կային, մի 4 տուն թուրք կար, մենք չէինք ջոկում, որ նա թուրք ա կամ մենք հայեր ենք։ Հետո խառնվեցին, նրանց էլ հետ ածին», – հիշում է Ժորա պապը։

Նա 40 տարի աշխատել է Շամլուղի պղնձի հանքավայրում։ Հիմա վաստակած հանգստի է անցել։ Եկամուտը կենսաթոշակն է։ Ասում է՝ երիտասարդ ժամանակ տատին՝ սիրելի Նադյային լավ է պահել, սրտի ուզածի չափով։ Հիմա նեղսրտում է․ կենսաթոշակը հազիվ վառելափայտի խնդիրը լուծի։

«Մենք շատ լավ մարդուկնիկ ենք էղել, էս գեղումը շատ կնիկ էր աշխատում էն ժամանակ, ես սրան չթողի աշխատի։ Ասի՝ էրեխանցդ պահի, քեզ ասում չեմ՝ գնա փող բի։ Ամիսը հազար ռուբլի փող էի բերում, ինչի՞ պետք ա թողայի աշխատի», – հպարտությամբ պատմում է Բենդիկի բնակիչ Ժորա պապը։

Ի դեպ՝ ամուսիններն իրենց հայ են համարում, որովհետև հայկական հողի վրա են տուն ստեղծել, ապրել, աշխատել։

«Ազգով հույն ենք, բայց մենք հայ ենք», – ասում է պապը։

Տարիներ առաջ Ժորա պապը Հունաստան գնալու հնարավորություն է ունեցել, բայց այստեղ այնքան լավ են ապրելիս եղել, որ Բենդիկը լքել չի ցանկացել։ Հիմա միտք է անում՝ լավ օրեր էին, բայց գուցե գնալ էր պետք, գուցե ավելի լավ ստացվեր, ավելի լավ կյանքի արժանանար։ 

«Ով որ կարաց, գնաց, ինձ էլ կանչեին, բայց ես չգնացի։ Հիմի նոր փոշմանել եմ։ Մինումին ասի՝ ես էս տուն տեղը թողալ չեմ, էս բախչեն, տենց էլ մնացի։ Վեց ամիս ա՝ հիվանդ եմ, ոչ մի բարեկամ կա, որ գա ինձ տենա, ոչ մի ծանոթ։ Սրա ինչն ա լավը։ Բոլորը գնացին, մենք չոր փետի նման ըստի մնացինք», – սրտնեղում է պապը։  

Մարդիկ հիմա ապրուստի միջոց չունեն, աղքատ են։ Երևի հենց դրանից է, որ չարությամբ են լցված, անհանդուրժող են։ Սերը շատ է պակասել։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.