Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Վարադաբլուրի դաշտերում գարնանացանը սկսել են ուշացումով։ Սովորաբար մայիսի առաջին տասնօրյակում վարուցանի աշխատանքներն արդեն արված էին լինում, ասում է Դավիթ Սարգսյանը։ Այս տարի տևական անձրևները գործին խանգարել են։ Ինչ հետևանքներ կունենան եգիպտացորենի ուշացած ցանքսը, հողագործը դժվարանում է ասել։

«Եղանակների պատճառով ուշացել ա։ Հիմի տենանք՝ ոնց կլինի, ին կլի, ինչքան բերքի կորուստ կլի։ Չգիտեմ արդեն։ հետագայում՝ բերքահավաքի ժամանակ ցույց կտա», – ասում է գյուղացին։

Սարգսյանները Երկու հետար հող են մշակում։ Ցանքաշրջանառության համար եղածը քիչ է․ հողը հաճախ է սպառում իրեն։  Նախորդ տարի միայն հացահատիկ են ցանել, հիմա մեծ մասը եգիպտացորեն են ցանելու։

Դավիթ Սարգսյանը

«Հիմի, եթե հնարավորությունը ըլներ, ուրիշ հող էլ ունենայինք, ես սրան կթողեի, կհանգստանար միջատներից, տարբեր թռչուններից, բանից։ Հողը պետք ա ոչ մի բան չցանվի, որ հանգստանա։ Միայն պետք ա վարես, թողաս։ Բույսեր, կուլտուրաներ կան, որ ցանում ես, ինքն էդ միջատներին քշում ա։ Մենք չունենք էդ հնարավորությունը, ես Հայաստան տեհած չեմ», – ասում է Դավիթ Սարգսյանը։

Իսկ հողը մշակում են 40 տարվա տեխնիկայով։ Ճիշտ է՝ հնացած տեխնիկան իր գործն անում է, բայց պահելն է դժվար։ Պահեստամասերը Հայաստանում գտնելը գրեթե անհնար է, իսկ նոր տեխնիկայի ձեռքբերման համար մեծ գումարներ են պետք։ Ստիպված նորոգում ու հարմարվում են հնին։

«Սաղ դժվարություն ա, բայց փորձում ենք էլի որոշ չափով մշակենք, չթողնենք հողը անտեր մնա», – ասում է գյուղացիներից մեկը։

«1983 թվի տրակտոր ա, ես վերանորոգել եմ, հիմի էլ մեր գործը յոլա ա տանում։ Էդ պահեստամասերը, եթե չկան, ոչ մի հիմնարկ-ձեռնարկություն Հայաստանում չկա, որ գնաս, համապատասխան մարդուն դիմես, պատվիրես, ասես՝ էսինչ տրակտորի դետալը, ասենք թե Մինսկի տրակտորների զավոդի տրակտորի փոխանցումների փոփոխման տուփը ուզում եմ գնել։ Չկա տենց հիմնարկություն։ Տարիների ընթացքում թազեն են բերում, թազեն էլ թանկ ա։ Սա արդեն արտադրությունից դուրս ա էկել, սպիսատ արած տրակտոր ա», – սրտնեղում է Դավիթ Սարգսյանը։

Երկարամյա մեխանիզատորը 20 տարուց ավելի Բելառուսի հանրապետությունում է աշխատել։ Այնտեղ վաղուց նման տեխնիկայով հող չեն մշակում, ասում է։

«Մեր գյուղատնտեսությունն ընդեղից 80 տարի հետ ա՝ ամեն ինչով», – նշում է գյուղատնտեսը։

Առաջիկայում նորից է արտագնա աշխատանքի մեկնելու, որովհետև գյուղում բավարար գումար չի կարողանում վաստակել։ Դժգոհում է՝ վառելիքը, պարարանյութը շատ թանկ են։ Ու առհասարակ գյուղում ապրելն է դժվարացել։

«Վառելիքը թանկ ա, պարարտանյութը թանկ ա, չգիտեմ էլ՝ ինչ ասեմ։ Սա ոչ բողոք ա, ոչ գանգատ ա,   ասում ա՝ եղունգ ունես, գլուխդ քորի։ մեկն ասում ա՝ կառավարությունն ա, մեկը՝ նախկիններն են, ներկաներն են, բա լավ, մեկը չեղա՞վ, որ ասի հայրենիքը սենց ա կամ նենց ա։ Մենք ինչ անենք», – ասում է Դավիթ Սարգսյանը։

Ինչևէ, ապրում են իրենք հայրենի գյուղում ու այստեղից չեն հեռանալու։

«Մարդ կա, ասում ա՝ որդի հաց, ընդի կաց։ Ավելի լավ ա՝ ես սոված ըլեմ, իմ հողի վրա ըլեմ ամուր կանգնած, քան թե գնամ ընդեղ սաղ օրը խրոված ու քյաբաբ ուտեմ։ Ինձ իմ երկիրն ա դիր գալի։ Աստված չանի՝ սրանից վատ դրության մեջ էլ ըլենք, ես իմ երկրում տեմ մնա», – եզրափակում է Վարդաբլուրի բնակիչը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.