Սանամյանների ընտանիքի ընտանեկան ժառանգությունն է hնամյա այս սանդը, որ 90-ականներին են Արծնի բերել։  Բերել ու աչքի լույսի պես պահել են։ Ասում են՝ սա պարզապես քար չէ, անձնագրի նման բան է, օջախի, տոհմի ինքնության խորհրդանիշը, որ դեռ երկար պիտի պահպանվի ու սերնդեսերունդ փոխանցվի թոռներին ու ծոռներին:

Սանդ, կամ ինչպես տեղացիներն են ասում՝ դինգ, վերջինս հացահատիկ թեփազերծելու գործիք է, որից հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստների ամենագլխավոր բաղադրիչն են պատարստում՝ ձավար, որ հետո դառնում է չորթան, ձավարի դոլմա, թանով ապուր, փլավ ու այլ կերակրատեսակներ, որ Սանամյանների ընտանիքի ամենօրյա սեղանից հատկապես ձմռան ամիսներին անպակաս են լինում:

Սեմյոն պապը կատակով ասում է՝ մինչև սիրելի Սոնյայի՝ իր տիկնոջ ձեռքը չի կպչում ուտելիքին, ինքը բերանը բան չի դնում, սոված էլ կմնա , ծարավ էլ: Իսկ գյուղական ծանր աշխատանքներից սիրելի Սոնյան երբեք չի ծերանում, մեծանում է ընդամենը, կատակում է պապը։

Աշխատող մարդու քրտինքի՝ արդար քրտինքի հոտ կա այս ընտանիքում: Սրա հետ մեկտեղ՝թելպանրի, թոնրի թարմ հացի, պապի թորած տնական օղու հոտն է խառնվում օդում: Ու եթե հանկարծ, մեկը համարձակվի իրենց դռան շեմը հատել առանց համտեսի, ապա մեծ վիրավորանք կհասցնի իրենց օջախին, սա գյուղերում ընդունված կարգ է:

Սոնյա Սանամյանը

«Խաղող ենք առնում, գինի ենք քաշում, արաղ, մեր ձմռան պահուստը մեր ձեռքով անում ենք։ Ամեն համն ու հոտ գյուղի մեջն ա, բալա ջան։ Եթե ձեռքերդ չկեղտոտես, բերանդ երբեք չի յուղոտվի։ Անասուն ունինք, կովը կկթինգ, լոբի, կաղամբ կցանինք, կարտոշկա, ինչ-որ պետքն է տանը։ Մենք մեր բերքով կապրինք», – ասում է Սոնյա Սանամյանը։

Ամուսիները մեծ ցավով նկատումեն՝ 21-րդ դարը շատ բան փոխեց մարդկանց կյանքում, այդ թվում հայ գյուղացու: Քաղաքաբնակի կենցաղավարությունը մտավ գյուղեր, տնական, ավանդական կերակարատեսակներին փոխարինելու եկան խանութում վաճառվող ամենատարբեր քիմիական հավելումներով ուտելիքները, մարդիկ չմտածեցին, որ մաքուր սննդից են իրենց զրկում, իրենց առողջության մասին չմտածեցին: Լսած բան է՝ կաթը վեց ամիս մնա խանութում շշի մեջ ու չթթվի, էդ ինչ է լցված իդոր մեջ, զարմանում են ու շարունակում՝ առաջ ցորենը կցանեին, կտանեին իրենց ձեռքով կաղային, կթխեին, ճաշերի մեծ մասը նույն ցորենից կստանային, պանիրն ու յուղը կճուճների մեջ կպահեին: Էն ժամանակ մեկ հոգի էլ գյուղում սանդ բանեցներ, սաղ գյուղը գլխին կհավաքվեր: Հիմա գերադասելի է դարձել խոպանի փողը՝ դրսից ստանան, ինչ պետք է խանութից առնեն, էլ ինչի՞ սանդի շուրջ քրտնեն, ասում են ամուսիները:

Սեմյոն Սանամյանը

«Մի քանի տարի առաջ սաղն էլ կծեծեին,  հիմա արդեն չկա ծեծող։ Արդեն ձավար չեն ուտում մարդիկ, այնինչ ձավարը սննդարար բան է, հիմիկվա երիտասարդների մեջ առողջ կա, ոչ ատամ ունեն բերաներում, ոչ աչք ունեն, հեռախոսները ոչ ատամ թողաց, ոչ էլ աչք։ Չկա նման բան, որ մարդ ձգի աշխատել ու աշխատանք չլինի։ Մարդ կա՝ սոված, հացի փողի չունի, ասես՝ արի, ավտոն քար բարձի, 5 հազար դրամ կտամ։ Ասում ա՝ 5 հազար դրամի համար գամ, աշխատե՞մ», – ասում է Սեմյոն Սանամյանը։

Այնպես չի, որ իրենք հեշտ են ապրել։ Ամեն օրը իր հետքն է թողել մեծահասակ ամուսիների դեմքին, դրոշմը՝ երբեմն ծանր, երբեմն էլ թեթև, ուրախ, ժպտերես, բայց առողջ են մնացել։ Հիմա մեծ ցավով նկատում են՝ հիվանդությունները ահել ու ջահել չեն հարցնում:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.