Աթանի յայլաները դատարկվել են, սարվորներն իջել ու մառանները լցրել են սարից բերած բարիքներով: Հիսուն տարվա մանկավարժ տիկին Գալինան է հպարտությամբ ցույց տալիս հարսի ու տղայի կես տարվա չարչարանքի արդյունքը: Աղով տրորած կարագ, թել պանիր, արաժան։ Ամեն ինչ սարերից: Եղածից բաժին կհանեն քաղաքի բարեկամներին, մնացածն էլ շուկա կտանեն:

Գալինա Սարգսյանը
«Հարսս ու տղես են սար գնում։ Հարսս, որպես քաղաքից էկած, սովորել ա գյուղի մթերք մշակելը, շատ հիանալի էլ անում ա։ Ինքն ա պատրաստում պանիրը, կարագը, ջիլը, ու իրացնում ենք Վանաձորում», – պատմում է Աթանի բնակիչ Գալինա Սարգսյանը։
Տիկին Գալինան էլ գյուղում ձեռքերը ծալած չի նստել: Լեռնային ու քարքարոտ Աթանի համար չտեսնված ու չլսված այգի ունի։ Ու մինչ հարսը սարերում էր ձմռան պաշար հավաքում, ինքն էլ այստեղ՝ գյուղում է փակոցներ արել, մառանները լցրել: Աթանում հող մշակելու ժամանակ ոչ բոլորն ունեն, ասում է։ Բանջարեղենի մեծ մասն արդեն այգուց հավաքված է, ինչն էլ մնացել է՝ հավաքելն օրերի հարց է:

«Կարտոֆիլը հանել եմ, վարունգ, պոմիդոր, պղպեղ, կաղամբ, ճակնդեղ, կանաչեղեն, լոբի, ինչը, որ Աթանում աճում ա, աճեցրել եմ», – ասում է աթանեցի կինը։
Տիկին Գալինան այգու բարքիներից էլ բաժին է հանում հարևան-բարեկամներին ու անպայման քաղաքում ապրող թոռներին: Առաջներում էլ, հիմա էլ հատկապես պահանջված է Աթանի կաթնամթերքն, ասում է։ Վանաձորի շուկայում Աթանի արտադրանքը մրցակիցներ չունի:
«Սարից բերած մածունի համը գյուղի էղածից տարբեր է, որովհետև ծաղիկների նեկտարը, բույրը մեջն ա ներծծվում էդ կաթի, իսկ գյուղինը մի քիչ ուրիշ ա։ Հետո մսամթերքը։ Խոզ են պահում, անասուն են պահում, և՛ տեղում են վաճառում, և՛ քաղաք են տանում։ Հիմնականում քաղաքամերձ տեղերում պահում են կերերով, իսկ էստեղ դաշտի խոտն ա արածում, վիտամինը մսի մեջ օգտակար է լինում», – նշում է գյուղացին։
Հալած յուղի բույրը նոր գյուղ իջած Զոյայի՝ սարերի կարոտն է թարմացնում, 30 տարի սարերում է:

Զոյա Մազմանյանը
«Նաջափանց երեսից ենք եկել։ Առաջ սկեսուրս ա գնացել, հիմա սկեսուրս չկա։ Հարսն ափսոս չի՞, որ սար ուղարկենք», – ժպտալով ասում է Զոյա Մազմանյանը։
Ուղիղ կես տարի գյուղում չի եղել Զոյան, այստեղ ամեն ինչ համարյա նույնն է: Միայն ճանապարհներն են քիչ թե շատ լավացել, գյուղ մեկ-երկու հարս է եկել, շատերն էլ հավերժ հեռացել են: Իսկ ինքը քոչը կապել-քանդել, արել-դրել, մի լավ չարչարվել ու մի մառան լիքը բարիք է բերել:

«Էնդով էր, որ պառավները գեշ քոչ կապեին, էնդով սայլով էին տանում, չէ՞, հիմի տրանսպորտ ա», – ասում է տիկին Զոյան։
Գյուղում ազատ ժամանակը շատ է, ինքն էլ պարապ նստելու սովորություն չունի։ Առավոտ ծեգին մոտակա հանդ է գնացել, մասուր հավաքել, եկել փակոցներ արել։ Օրվա ընթացքում էլի գործ կգտնի, ասում է, անգործ չի մնա: Աթանում այս տարվա աշունը ջերմ է, հանդերը դեռ կանաչին են տալիս, իսկ դա անասնապահության համար լավ է, ասում են, դեռ երկար ժամանակ կովերը կարածեն գյուղի չքնաղ մարգագետիններում։