«Ինձ թվում ա՝ առանց Աքորի ես չեմ էլ կարա ուրիշ տեղ ապրեմ կամ գնամ։ 1972 թվին ես եկել եմ Աքորի, իսկ սկսել եմ աշխատել 1973 թվի հունիսից», – ասում է Աքորի գյուղի բնակիչ Աննա Սիմոնյանը։  

Ուղիղ 50 տարի առաջ մեծ սերը ուկրաինուհի Աննային բերեց Աքորի: Ամուսնության պատմությունը տիպիկ սովետական ֆիլմի սցենար է, որի հերոսները վթարից հետո հոսպիտալում պառկած Գագիկն ու նրա բուժքույր Աննան են: Բայց առաջին հայացքից սերը դեռ շարունակություն էր ունենալու՝ դառնալով է՛լ ավելի ռոմանտիկ: Երկրորդ անգամ ճակատագիրը նրանց Յալտայում հանդիպել տվեց․ սերն ավելի ջերմ էր, ավելի համարձակ: Հետո ամուսնություն ու համատեղ կյանք, որ կարծես մի անվերջություն է:

Աննա Սիմոնյանը

«Ես մանկապարտեզում աշխատում էի, իրա կամանդիրն էլ մանկապարտեզ էր բերում երեխուն ու տենց ծանոթացանք։ Ես սիրեցի Հայսստանը», – պատմում է տիկին Աննան։

Սիմոնյանների հարկի տակ Աննային լավ են ընդունել, հատկապես սկեսուրից միշտ ջերմություն է ստացել:

«Ես որ եկա, ռուսերեն չգիտեր նա։ Ես էլ խնդրեցի, որ սեղան սրբի, աման լվանա, որ տենամ՝ ոնց ա անում։ Եթե ուզում ես ապրես, դու պետք ա համընկնես էդ ընտանիքի հետ», – ասում է Աննա Սիմոնյանը։

Հայերեն գրել-կարդալ Աննան երեխաների հետ է սովորել։ Անկախությունից հետո գյուղի բուժքույրն առողջության թերթիկներ լրացնելու պարտավորություն ուներ, ստիպված էր, ասում է: Մանկաբույժ Աննան արագ  է հարմարվել գյուղին էլ, մեծ ընտանիքի վարքուբարքին էլ:

«Դե հիմա մեր մոտ բրդի դոշակ, վերմակ չի էլէլ։ Ըստի եմ սովորել կարել, դասել, բայց քեզ ասեմ՝ վատ էլ չի ստացվել», – ասում է տիկին Աննան։

Համառ ու պահանջկոտ Գագիկին Աննան շրջապատել է սիրով ու ջերմությամբ, հայկական մեծ օջախում ինքն էլ սեր ու հարգանք է վայելել, եղել և՛ հարս, և՛ աղջիկ:

«Ես եթե հանկարծ մեկ-մեկ  խմաց էի գալիս, ինչ-որ բան էի ասում,  պապիկը փետը բռներ, իմ պապը, ես իրավունք չունէի նրա փետը բոթեմ, սրան նեղացնեմ կամ մի բան», – հիշում է Գագիկ Սիմոնյանը։

Երջանիկ ամուսնական կյանքի համար փոխադարձ սերն ու հարգանքը քիչ են, համոզված են ամուսինները։ Միմյանց զիջել ու ներել կարողանալ է պետք, ասում են:

Արդեն 70-նն անց են ամուսինները։ Տիկին Աննայի նվիրումն ու վաստակը գյուղացիները չեն ուրացել, մինչև այսօր սիրում ու գնահատում են այն աշխատանքը, որ անտրտունջ մինչև այսօր կատարում է: Գագիկն էլ դեմ չէ, առաջներում պետք եղած դեպքում ինքն էլ շտապի վարորդ է դառնում։

Սիմոնյան ամուսինները, որ մի ժամանակ ապրում էին ուրախ ու անհոգ կյանքով, հիմա կորցրել են խաղաղ քունը: Վերջին պատերազմները մաքրել, տարել են նաև իրենց ժպիտները, զոհվածներն իրենց թոռնիկների տարիքին են, անմեղ։

Ամուսինները կարոտում են սովետական մեծ երկիրը, որտեղ ապրում էին խաղաղ, ուրախ ու անհոգ:

«Ռուսաստանը եղել ա մեզ հմար մեծ հայր, մեծ մայր, ովքեր դժգոհում են, շատ սխալ ա։ Դրանք են ապրիլը չեն տեհել, որ Ռուսաստանը մեզ ոնց ա պահել։ Չտեսնված ենք ապրել», – ասում է Գագիկը։

«Աշխատել ենք ավելի շատ, քան թե հմի, բայց ավելի ուրախ ենք էլել։ Հավաքվեինք, բան․․․ Բայց ես ասեմ՝ էդ ժամանակ էլ հայերի աչքերումը մի ձևի փայլ չկար։ Դա երևի կապված ա, որ անընդհատ ինչ-որ պրոբլեմ եղել ա», – ասոմ է Աննան։

Հիմա տխուր հայացքներ ավելի շատ է նկատում Աննան, սիրտը ցավում է, ֆիզիկական ցավը մեղմացնել գիտի, իսկ հոգեկան ցավի դեմ անզոր է:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.