Լոռու Դեբետում վերջերս բնակեցված Բաշրաթյաների երիտասարդ ընտանիքը փորձում է վաղվա մասին զրուցել, բայց զրույցները էլի որբացած Արցախ են տանում՝ իսկ ավելի հստակ՝ Մարտակերտի շրջանի Մարտակերտ քաղաք։

Հրանտ Բաշրաթյանը
«Հուշերս, ապրումներս, ընկերներս, ցանկացած բան, ինչը կապված է ինձ հետ, լրիվ Արցախում ա մնացել։ 44-օրյայից հետո, որ եկել էինք, փորձում էինք ինչ որ բան անել, վերսկսել էստեղ, բայց Արցախը կանչում էր ինձ։ Ավելի շատ էնտեղ էի ուզում ըլնեմ, բոլորը ճանաչում էին։ Էնտեղ ավելի հարազատ էր։ Էս պահի դրությամբ շոկի մեջ ենք, լավ լուրի չենք էլ սպասում», – ասում է արցախցի Հրանտ Բաշրաթյանը։
Երիտասարդ ընտանիքը դեռ պետք է երկրորդ գաղթի ճանապարհը անցներ, այս անգամ՝ վերջնական։ Իսկ մինչև այդ, 44-օրյա պատերազմից հետո վերադառնալով Արցախ՝ հույս ունեին, որ այլևս չեն տեսնի նույն արհավիրքը։ Բայց պատմությունը կրկնվեց, այս անգամ ավելի դաժան կերպով։ Մարտակերտի շրջանից բռնի տեղահանված 4 հոգանոց ընտանիքն այսօր ապրում է Արցախի կարոտով ու թաց աչքերով։ Տուն-տեղ, հայրենիք, ամեն ինչ հետևում մնաց։
«Մինչև շրջափակումը սկսվելը աշխատում էի Մարտակերտի տրակտորների պարկում։ ցորենի, գարու սերմացու էինք ստանում։ հետո, երբ շրջափակումը եղավ, արդեն ո՛չ ցորեն կար, ո՛չ գարի։ Մի ամիս գրեթե սպասեցի, ոչ մի աշխատանք չէի կարում գտնեմ։ Ուտելիքը, սննունդը եռակի քառակի թանկ էր, անգամ սովորական կերակրի աղ չէր գտնվում։ Ուրիշ տարբերակ չէր մնացել, քան պայմանագրային հիմունքներով մտնեի ծառայության, ընտանիքս ինչ որ չափով պահեի», – ասում է Հրանտ Բաշրաթյանը։

Արփի Վարդանյանը
«Շատ դժվարություններ տեսանք, բայց հաղթահարեցինք՝ մտածելով, որ մեր հողերը մեզ կմնան», – ասում է Արփի Վարդանյանը։
Փոքրիկ Արամը ինը ամիս տևած շրջափակումից ընդամենը մեկ ամիս առաջ է լույս աշխարհ եկել, եռօրյա գաղթի ճանապարհին առաջին անգամ ծափ տալ սովորել, դրան զուգահեռ քրոջ հետ ամենասարսափելին տեսել՝գնդակոծված, անտեր մնացած մեքենաներ, կողքին երեխաների կոշիկներ, արյան հետքեր։
«Մենք մեր հույսով ենք դուրս էկել, հիսուն-հիսուն։ Մեքենաներ կային, ադրբեջանցիները կանգնեցնում էին, շատ գռեհիկ, շատ լպիրշ տոնով խոսում էին», – ասում է Հրանտ Բաշրաթյանը։
Այսօր Բաշրաթյաների ընտանիքում ապագա կյանքի հեռանկարները մշուշոտ են, լավատեսությունը՝ խիստ իրատեսական, երջանկությունը՝ միայն որդու և դստեր ժպիտներում, իսկ անցյալի հիշողություններն անասելի ցավոտ։