Արցախի բռնի հայաթափումից հետո Հայաստան եկած բազմաթիվ ընտանիքներ հաստատվել են սահմանամերձ բնակավայրերում, ասել է թե՝ սահմանից սահման են տեղափոխվել։ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղ էլ արցախահայ ընտանիքներ են եկել։ Մի քանիսին էլ դեռ սպասում են։

Աջից՝ Ֆլորա Մայիլյանը
«Ի՞նչ անենք։ Ղարաբաղում մնալու չի, որ ասենք՝ մնանք։ Ասկերանա ռայոնից ենք, ոչ մի բան չունենք։ Լոխ թողել ենք ընդի լիքը, մի շոր հագել ենք, Երևան ենք հասել։ Շորեր են տվել, որ յոլա գնամ։ Աչքը վիրահատել են մարդիս, չի էլ լսում», – ասում է Արցախից տեղահանված Ֆլորա Մայիլյանը։
Մայիլյանների ընտանիքն Ասկերանի շրջանի Խնաբադ գյուղից է տեղահանվել։ Մինչև այս մի քանի տուն ու բնակավայր են փոխել։ Ասում են՝ Արցախում մեկօրյա պատերազմի ժամանակ միայն փրկվելու մասին էին մտածում, իսկ արդեն Հայաստանում՝ տուն գտնելու։ Թե ինչեր են թողել ու կորցրել, չեն վերլուծում, դեռ ուշքի չեն եկել։ Իսկ հայրենիքի կարոտը միշտ է տանջելու։
«Հողը քաղցր է, ջուրը քաղցր է։ Ես երբեք չեմ մոռանա իմ հայրենիքիս հող ու ջուրը», – արտասվելով ասում է Վաչագան Մայիլյանը։
Երբ Երևան են հասել, ընտանիքին հագուստ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են տվել։ Բայց պակաս բաներ շատ կան։
«Բաղնիք չունենք, զուգարան չունենք, հաց թխելու չունենք։ Դե հլա քիչ-քիչ ենք անում, տեսնենք ինչ ենք անելու», – ասում է տիկին Ֆլորան։
Տունը, որը նրանց հատկացրել են, երկար տարիներ բնակեցված չի եղել։ Կենցաղային պայմանները բավարար չեն։ Բայց չեն դժգոհում։ Վաչագան Մայիլյանի խոսքով՝ իր տան պես կբարեկարգի ու կշենացնի այս օջախը նույնպես։

Վաչագան Մայիլյանը
«Ես վարպետ եմ, պետությունը, որ օգնի, ավազը, ցեմենտը տա, բոլորը կսարքեմ։ Ձեռքիցս ամեն ինչ գալիս ա», – ասում է Վաչագանը։
Կարևորը, որ տունն ընդարձակ է և տնամերձ այգի ունի։ Իրենց էլ հենց դա է պետք։ Դեռ այգի են մշակելու, անասուններ պահելու։ Սա Է գյուղացու ապրուստի միջոցը։

Մայիլյանները Բարեկամավանի մասին նախկինում երբեք չեն լսել։ Բայց գալով այստեղ՝ հավանել են գյուղի տեղանքն ու աամենակարևորը՝ մարդկանց։ Այստեղ գալու առաջին պահից ով ինչով կարողացել, օգնել է նրանց։
Հեռավոր ու դատարկված Բարեկամավանում արցախցիների հաստատվելն իսկական ուրախություն է։ Վերջիններս իրենց հյուրընկալած բարեկամավանցիներին անգամ խոսք են տվել՝ որ ուրիշ տեղ է՛լ չեն գնա։