Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
Այս բեռնախցիկը մարցեցի Արմինե իր համար, այսպես ասած, կաթնամթերքի մշակման արտադրամաս է դարձրել։ Տարածքում ամեն ինչ մաքուր ու կոկիկ է։ Այստեղ նա պանիր, կարագ, ռեժան, թել պանիր և այլ բաներ է պատրաստում։ Գյուղի կենցաղը հեշտ չէ, կնոջ օրը վաղ առավոտյան է սկսվում։ Կովերի կիթից ու կաթի զտման արարողությունից անմիջապես հետո սկսում է ոչ պակաս պատասխանատու գործը։ Արմինեն այսօր արդեն հասցրել է պանիրները տեսակավորել և անցնել թել պանրի պատրաստմանը։

«Կաթը տաքացնում եմ, ես գիտեմ էլի՝ ինչ աստիճանի տակ, ու պեպսինը գցում եմ, թողնում մի ժամաչափ, հետո կտրում ենք։ Շիճուկը էրեսն ա ընկնում, խառնում ենք, լցնում տոպրակը, հետո լցնում ֆորմեքի մեջ», – պանրի պատրաստման ձևն է ներկայացնում Մարցի բնակիչ Արմինե Գևորգյանը։
Ասում է՝ մթերքն իրացնելու խնդիր չի ունենում։ Մշտական գնորդներն ունի, որոնք նախապես պատվիրում են։ Կաթնամթերքը գյուղից՝ իր տան բակից է վաճառում։ Շուկայում գնորդներ փնտրելու անհրաժեշտություն չի լինում։
«Գալիս, տանում են, ես իմ հաճախորդներն ունեմ, զանգում են, համարս ունեն։ Սմետան կըլի, կարագ կըլի, ջիլ կըլի, էսա, որ ամառն էլ գնում ենք սար, էս ջիլն արդեն մոթալներ ենք պատրաստում։ Աշունը բերում ենք, տանում բազարում հանձնում։ Էս տարի գոհ եմ էղել, եթե տենց մնա, ոչինչ։ Ամեն ինչ թանկ ա, մեր կաթնամթերեքն էլ ոչինչ, գները լավ ա էղել։ եթե չընկնի գները, գոհ կըլնենք», – պատմում է տիկին Արմինեն։

Արմինե Գևորգյանը
Չարչարանքը թեպետ մեծ է, բայց չի դժգոհում։ Գյուղում ձեռքերը ծալած ու սոված նստել չի կարելի, ասում է։
«Որ ասեմ՝ հենցնենց գալիս ա, ձեռներս լցվում, չէ։ Քսան հատ կթու կով ունեմ, ծնած էլ կա, անծնիլ էլ կա», – ասում է գյուղացի կինը։
Արմինե Գևորգյանը 38 տարի առաջ է Ահնիձորից Մարց հարս եկել։ Կաթի մշակմանը ծանոթ եղել է, բայց այստեղ էլ է շատ բան սովորել։ Գործին լավ է տիրապետում։
«Իմ մաման, պապան սար են գնացել, ունեցել են, արել են, սովորել եմ։ Հետո էն մնացած բաներն էլ ստեղ եմ սովորել», – եզրափակում է Արմինե Գևորգյանը։
Թել պանիրը պատրաստ է։ Համեցե՛ք համտեսելու։