Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից նրանք եկել ու հաստատվել են Տավուշի Ոսկեվան գյուղում:

Արցախյան վերջին պատերազմից ու արցախահայերի բռնի տեղահանությունից հետո գրեթե տասը ընտանիքի համար Ոսկեվանն է դարձել վերջին կանգառ։ Նրանք փորձում են հարմարվել ու մշտական հենց այստեղ բնակվել։

Ներկայում էլ Վաղուհասի հարևաններով հավաքվել, միտք են անում անցած-գնացած, բայց իրենց հոգում անջնջելի հետք թողած արցախյան ծանր ու դժվարին օրերի մասին: Տեղահանության ու ընդհանրապես  ամենածանր օրերն իրար հետ կիսած այս մարդիկ հիմա միայն իրար ունեն։ Մի տան պես միասին են գրեթե բոլոր հարցերում։ Միավորող մի բան էլ ունեն՝ անորոշությունը, որ չգիտեն՝ ինչպես կդասավորվի իրենց հետագա կյանքը։

Դավթյանների բազմազավակ ընտանիքը օրերս է հասել Ոսկեվան։ Մինչ այդ Գյումրիում, ապա Լոռիում են եղել։ Հիմա Տավուշում են փորձում տուն-տեղ ստեղծել, որովհետև Ոսկեվանի բնությունը չափազանց նպաստավոր է գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։ Բացի այդ՝ առավոտներն այստեղ հայրենի գյուղի լուսաբացներն են հիշեցնում։

Իրինա Ավագյանը

«Գյուղը շատ լավ գյուղ ա, մարդիկն էլ են շատ լավը։ Բարի, շատ լավ ժողովուրդ են։ Մեզ ամեն ձևի ապահովում են։ Մեր գյուղի նման ա շատ։ Առավոտը լույսը բացվում ա, գիտեմ թե՝ մեր Վաղուհաս գյուղն ա։ Վատը նա ա, որ գյուղը վերցրել են, մենք էլ սենց ընկած, ըստեղ-ընդեղ մնում ենք։ Մեր էրեխեքն ամեն օր արթնանում են, թե՝ մեր տունը ուր ա։ Ես էն եմ ցանկանում, որ Ղարաբաղը վերցնեն, գնանք մեր գյուղերը։ Էնքան հայ ենք կորցրել», – ասում է Վաղուհասից Իրինա Ավագյանը։

Գյուղը հավանել են, բայց աշխատանք չկա, իսկ առանց աշխատանքի ապագան դժվարանում են պլանավորել։ Բայց այլ տարբերակ չունեն․  կմնան Ոսկեվանում։ Դավթյանների ընտանիքը գյուղացիներից մեկի տանն է տեղավորվել։ Տունն անվճար է, բայց խարխուլ, առանց կոմունալ հարմարությունների։ Նման պայմաններում 6 երեխա մեծացնելը  չափազանց դժվար է։  

Ռիմա Անանյանը

«Երեխեքը ջուրը բերում են, մենք բերում ենք։ Էրեխոց հետ կազմակերպված անում ենք, ձեռով լվացքը անում ենք, փռում ենք, ոնց ուժներս պատում ա, նենց էլ անում ենք», – պատմում է Ռիմա Անանյանը։  

Ցավոք՝ ընտանիքը նաև մարդկային կորուստներ է ունեցել։ Իրինան եղբոր շիրիմն է Արցախում թողել։  

Տան պապը՝ Վալերիկը, գաղթի ծանր դեպքերը հիշելու սիրտ չունի, բայց  որոշ դրվագներ, այնուամենայնիվ, պատմում է։ Սեպտեմբերի 19-ին, երբ իրենք անտառներով դուրս էին գալիս գյուղից, հակառակորդի տանկերը գյուղ են մտել։ Անձրև էր, հրետակոծություն, իրենք էլ, կարելի է ասել, առանց հագուստի։

Վալերի Դավթյանը

«Պիտի դիմանանք էլի, ուրիշ ճար չկա։ Ինչ կարանք անենք, սաղըս ենք էդպես տուժված։ Դե մեր ճակատագիրն էլ էդպես ա էլի, մեր հարստությունը սաղ մնացել ա։ Քշերվա ժամը 12-ին դուրս էկողը ինչ պիտի բերի հետը։ Երեխոց հետ, առանց ավտո, առանց բան», – պատմում է Վալերի Դավթյանը։

Արցախից Հայաստան են հասել 3 օրում: Վաղուհասի անտառներով Ստեփանակերտ հասնելուց հետո թվում էր՝ մղձավանջն ավարտվել է։ Բայց գաղթի իսկական ճանապարհը նոր պիտի սկսվեր։ Ընտանիքի մի մասը բեռնատարի թափքում, երեխաներն էլ տարբեր մեքենաներում են տեղավորվել ու այդպես հասել մինչև Հակարիի կամուրջ։ Համարյա մեռած էինք, ասում է տան տատը, բայց դեռ հարկավոր էր կամուրջն էլ անցնել։ Ադրբեջանցիները մի քանի անգամ հաշվել են մեքենայի մեջ գտնվողներին։ Այսպես մի քանի անգամ, մինչև որևէ մեկի համբերությունը տեղի կտար։   

Դավթյանների բազմազավակ ընտանիքը հիմա էլ թշնամու դիրքերից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է ապրում, բայց հույսով, որ էլ արկերի պայթյունի ձայներ չեն լսի, մութ ու ցուրտ օրեր չեն տեսնի։ Իսկ որ ամենակարևորն է՝ խաղաղ կլինեն այստեղի՝ Վաղուհասի այգաբացներին շատ նման առավոտները։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.