Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
Ապրիլի 29-ի համապետական շաբաթօրյակը համախմբել է նաև ալավերդցիներին։ Վաղ առավոտից բահերը, պարկերը և անհրաժեշտ այլ պարագաները ձեռքին՝ մեծից փոքր համատարած մաքրապատման գործին են կպել։ Տարածքները նախապես են բաշխվել։ Էյ-Սի-Փի ընկերության աշխատակիցներն, օրինակ, աշխատում են ճոպանուղու հարակից հատվածներում։

Իսկ քաղաքի կրթօջախների կոլեկտիվները մաքրում են իրենց հաստատությունների տարածքները։ Համար մեկ դպրոցում աշակերտներից բացի նաև ծնողներն են մասնակցում շաբաթօրյակին։ Դպրոցի փոխտնօրենի խոսքով՝ տարածքը հիմնականում մոլախոտերից ու տերևներից են մաքրում։
«Շուրջբոլորը շենքեր են, երեխաները նույնպես խաղում են այս բակում, հեծանիվ են քշում, և աշխատում են մաքուր պահել, բարեկարգել, որ իրենք են վայելելու», – ասում է համար 1 դպրոցի փոխտնօրեն Լիանա Օհանյանը։
Սանահինի պատմական կամրջի մոտ մշտապես աղբով է լցվում Դեբեդի ափամերձ հատվածը։ Կամրջի տարածքն ավանդաբար համայնքապետարանի աշխատակազմն է մաքրում։

«Տուրիստը գալով ու տեսնելով էս աղբը․․․ դա մեր պատկերն է, բոլորինս։ Կխնդրեմ բոլորին ուշադիր լինել և մասնակցել շաբաթօրյակին», – ասում է Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանը։
Առավել վտանգավոր հատվածների մաքրության պատասխանատուն, ինչպես միշտ, Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատն է։
«Պարաններով, գոտիներով պետք ա իջնենք և կատարենք աղբահանության աշխատանքներ», – նշում է Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Կամո Գալինյանը։
Շաբաթօրյակին սեփական նախաձռնությամբ միացած քաղաքացիների թիվն է քիչ։ Քաղաքի բակերն ու թաղամասերն այսօր սակավամարդ են։

Թուրքմենական թաղամասի շենքերից մեկում էլ մաքրության գործը երեխաներն են ստանձնել։
«Պետք է գոնե ամիսը մեկ անգամ մաքրենք շենքը», – ասում է շաբաթօրյակի մասնակիցներից մեկը։
Ալավերդիում աղբի և մոլախոտի մեջ կորած են հատկապես մասնավոր տարածքները, որոնց տերերը տարիներ առաջ ցանկապատել են դրանք և դուրս եկել երկրից։ Այս հատվածները կմաքրվեն Ալավերդու կոմունալ ծառայության կողմից։
«Այդ տարածքը աղբ լցնում և կեղտոտում էլի բնակիչներն են անում։ Այսինքն թողած և հեռացած բնակիչն ինքը չի լցնում», – նկատում է համայնքի ղեկավարը։
Օրվա ավարտին կոմունալ ծառայության մեքենաները կշրջեն համայնքի բոլոր բնակավայրերով ու թաղամասերով՝ հեռացնելով կուտակված աղբը։